4 երեխաները մոր հետ կհայտնվեն փողոցում (Տեսանյութ)

4 երեխաները մոր հետ կհայտնվեն փողոցում (Տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի գոմերից մեկում ապրում է 39-ամյա Համեստ Հախումյանը՝ 4 երեխաների հետ:  Բանն այն է, որ գոմում, որտեղ 14 տարի ապրում էր Համեստը, պատկանում է եղբայրներին:  Ըստ Համեստի՝ եղբայրները  2 օրից վերադառնում են Ռուսաստանից, իսկ ինքն ու երեխաները ստիպված պետք է լքեն այդ գոմը.

 «Հայրս ու մայրս արդեն 1 շաբաթ է՝ վերադարձել են Ռուսաստանից, եղբորս գործերն էլ էնտեղ լավ չեն, 2 օրից էլ իրենք կվերադառնան: Մենք ստիպված պետք է դուրս գանք այս գոմից, գնալու տեղ չունենք, կհայտնվենք փողոցում: Մարզպետարանը խոստացավ, որ կօգնի, բայց ոչ մի օգնություն էլ չտվեց: Գոնե հանրակացարանում մի հատ սենյակ հատկացնեին: Կրկին դիմել եմ Սեւանի քաղաքապետարան, այնտեղից էլ միայն 14 հազար դրամ փող հատկացրեցին: Փողը տվեցին` 1 զույգ կոշիկ առա, որ տղուս ոտքերը չմրսեն: Էն պայմաններում, որ մենք ենք ապրել, էս բետոնի վրա, ոչ մեկ չէր ապրի: Եթե կգտնվի մի բարերար, ով կկարողանա մեզ օգնել, գոնե որոշ  ժամանակ տան վարձ տա, մինչեւ տեսնենք ինչ կգա մեր գլխին»,-ասում է 39-ամյա Համեստը:  

Համեստի մեծ տղան ու աղջիկը մեր նկարահանման օրը գնացել էին ձուկ ծախելու, որպեսզի կարողանան ստացված փոքր եկամտից սննդի հարց լուծել: Փոքր որդին՝ Դավիթը, դպրոցից տուն է հասնում եւ եղբոր հետ գնում անտառ՝  չորացած ճյուղեր հավաքելու: Նրանց ուղեկցում է Արջուկը: Արջուկը Դավիթի շունն է, ով պաշտպանում է տղաներին գայլերից:

Դառը մանկություն տեսած երեխաներն ամեն ինչ տեսել են իրենց կյանքում, անցել տարբեր փորձություններ: «Օր ա եղել՝ սոված ենք դպրոց գնացել, դպրոց գնալու շորերը մեզ տվել են: 2 տարի է` նոր շոր չեմ հագել, բայց չեմ նեղվում: Էսպես էլ կարանք շարունակենք ապրել, միայն թե մի հատ տուն ունենաք, որ փողոցում չքնենք»,-ասում է  Դավիթը: Դավիթի երազանքն է՝ ունենալ մի հատ հեծանիվ եւ փոքրիկ տուն, որտեղ  կունենա իր մահճակալը: 

Տղաներից  Ռուդիկը շուտով կդառնա 16 տարեկան եւ 2 տարի հետո կհամալրի Հայոց բանակի շարքերը: Մայրը արցունքները աչքերին ասում է, թե ինչ սրտով տղային կուղարկի բանակ, եթե տղան տարիներ շարունակ  տաք անկողնում չի քնել, սոված օրեր է անցկացրել: 

«Հրապարակն» այս ընտանիքին մեկ անգամ անդրադարձել էր, այն ժամանակ Գեղարքունիքի մարզպետը խոստացել էլ լուծել այս խնդիրը: Ինչպես տեսնում ենք, ընտանիքին ձեռք մեկնող չի եղել: 4 երեխաների մայրն անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել: Հույսը կտրած  այս իշխանությունից` կինը դիմում է բարերարներին, մարդկանց, ովքեր կարող են օգնել ընտանիքին: Այս ընտանիքին օգնե ցանկացողները կարող են զանգահարել՝  094 45 85 82, Համեստին: