Ոչինչ չի օգնելու

Ոչինչ չի օգնելու

Կարելի է հազարավոր քրեական գործեր հարուցել վարչապետի հրաժարականը պահանջող համայնքապետերի ու տնտեսվարողների դեմ։ Կարելի է ձերբակալել Ֆեյսբուքումիշխանություններին քննադատող յուրաքանչյուր անձի, իսկ նրանց, ում հնարավոր չէ ձերբակալել ու դատել՝ մեծ տուգանքներ նշանակել, որ գրպաններին խփես ու քննադատելու կիրքը սահմանափակես։ Կարելի է նաեւ օրենքներ փոխել, նոր ընտրություններ անցկացնել, կադրային կտրուկ փոփոխություններ անել, որ բոլոր հնարավոր օղակներում Նիկոլ Փաշինյանով հիացած մարդիկ հայտնվեն։ Կարելի է իշխանական քարոզիչների, ֆեյքերի ու «քոմենթչիների» բանակներ պահել՝ պետական բյուջեից մեծ գումարներ վճարելով։ Բայց, միեւնույն է, հանրային դժգոհությունը մարել եւ բավարարվածության աստիճանը երկրում բարձրացնել չի ստացվի։

Որովհետեւ եթե 2018-19 թվականներին մենք դժգոհ էինք երկրի կառավարման այս կամ այն վրիպումներից, տնտեսական աճի ու ներդրումների բացակայությունից, վարչապետի ու նրա թիմի տհաճ լեքսիկոնից, երկիրը սեւ ու սպիտակի բաժանելուց, հիմա դժգոհությունների բոլորովին այլ որակի ու մակարդակի հետ գործ ունենք։ Հիմա մեր աչքի առաջ այն հազարավոր լուսավոր երեխաներն են, որոնք զոհ գնացին գործող իշխանությունների տգիտությանը, փառամոլությանը, անհանդուրժողականությանը, անկազմակերպությանն ու ապաշնորհությանը։ Մեր աչքի առաջ խեղված Արցախն է ու արցախյան հողում բուն դնող թշնամին։ Մեր աչքի առաջ ռուսական զինուժն է ու ամեն օր ավելի ահագնացող ռուսական ներկայությունը մեր երկրում։

Վերջապես, մեր աչքի առաջ վտանգված Սյունիքն է ու դատարկվող Հայաստանը։ Եվ այս ամենի մեղքը գործող իշխանությունների վզին է, որոնք ձախողեցին երկրի կառավարումը, վտանգեցին մեր զավակների կյանքը եւ փոշիացրին տասնամյակների ձեռքբերումները։