«Փաշինյանի հոդվածը մանիպուլյացիայի մաստեր կլաս էր». նախկին ՔՊ-ականը վերլուծել է նախկինների և Փաշինյանի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում

«Փաշինյանի հոդվածը մանիպուլյացիայի մաստեր կլաս էր». նախկին ՔՊ-ականը վերլուծել է նախկինների և Փաշինյանի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում

Փաշինյանի նախկին թիմակից Էդգար Պետրոսյանը, որը մեկ տարի առաջ դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, կարծ ում է, որ գրելով «44-օրյա պատերազմի ծագումնաբանությունը» հոդվածը, Փաշինյանը փորձում է մանիպուլյացիաների միջոցով խուսափել թիվ մեկ մեղավորի կարգավիճակից։

«1994թ. մայիսի 12-ի եռակողմ, անժամկետ զինադադարին հաջորդած յուրաքանչյուր օր կարող էր նոր պատերազմ սկսվել, բայց 26 տարի այդպես չեղավ։ Կարևոր է հասկանալ, թե ինչի համար Ադրբեջանը 26 տարի չէր կարող իրականացնել մի երազանք, որն իրականացրեց 2020թ.-ին: Մինսկի խմբի համանախագահ երկրների ու ամբողջ աշխարհի համար Ղարաբաղի կողմից ազատագրված 7 շրջաններն ադրբեջանական էին, բայց ոչ ոք չէր կարող այդ շրջանները վերցնել, ուղղակի վերադարձնել Ադրբեջանին։ 1994թ.-ից մինչև 2000թ.-ն Ադրբեջանը չուներ ռազմական ճանապարհով հարցը լուծելու հնարավորություն, իսկ միջազգային ճնշումներին Վազգեն Սարգսյանն ու ընկերները պատասխանեցին Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելով։ Այդ ժամանակ Մինսկի խումբն առաջարկում էր վերադարձնել ազատագրված 5 շրջանները, իսկ Լաչինի ու Քելբաջարի շրջաններով Ղարաբաղը կապել Հայաստանին, փոխարենը Մեղրիով, էսկադաների միջոցով Ադրբեջանը պիտի կապվեր Նախիջևանին։ Սակայն  2001թ.-ին Հեյդար Ալիևը քիվեստյան փաստաթուղթը մերժելով, բանակցությունները տարավ փակուղի»,- ասաց նախկին ՔՊ-ականը «Հրապարակի» հետ զրույցում: Այնուհետև, մեր խնդրանքով, նա ղարաբաղյան հարցի կարգավորման պատմության իր վերլուծությունը ներկայացրեց: 

«2001թ.-ից 2007թ.-ն Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթի քննարկման տարիներն  էին։ Երբ 2007-ին Ռոբերտ Քոչարյանը և Իլհամ Ալիևը ստորագրեցին Մինսկի խմբի կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքների տակ, ղարաբաղյան հակամարտությունն իրենից աշխարհաքաղաքական ավելի մեծ արժեք սկսեց ներկայսցնել: 2008թ.-ից 2011թ. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ակտիվ մասնակցությամբ, Մինսկի խմբի կողմից, պատրաստվեց մի նոր փաստաթուղթ, որին իրենց նախնական համաձայությունն էին տվել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Սակայն 2011-ին Կազանում Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել այն։ Կազանյան փաստաթուղթն իրենից ենթադրում էր ազատագրված հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, հաջորդող 5 տարիներին Ղարաբաղում իրականացնել հանրաքվե, որի արդույնքից հետո քննարկել մնացած երկու շրջանների ճակատագիրը։ 

2011-ի կազանյան փաստաթղթի մերժումով Իլհամ Ալիևը շեշտը դրեց ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդիրը լուծելու տարբերակի վրա, քանի որ, քաղաքական առումով, միջազգային հանրությունը պարտադրում էր Ալիևին ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։  
2014թ. օգոստոսին սկսվեցին դիվերսիոն գործողություններ, որոնք կարող էին վերաճել լայնամասշտաբ պատերազմի։ Սակայն Սոչիում Իլհամ Ալիևը շառաչուն ապտակներ ստացավ երկու այտերին: Մեկը՝ Վլադիմիր Պուտինից, մյուսը՝ Սերժ Սարգսյանից: 

2015 թվականին առաջարկվեց լավրովյան տարբերակը, որն այդքան էլ չէր տարբերվում կազանյսն փաստաթղթից։ Դրանում առաջարկվում էր հինգ շրջանների վերադարձը, որից հետո Արցախում տեղակայվում էին միջազգային խաղաղապահներ: Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, այնուհետև հանրաքվեն էր կազմակերպվում, և հետո վերադարձվում էին մյուս երկու շրջանները, բայց Լաչինով տրվում էր Ղարաբաղը Հայաստանին կապող 20 կմ լայնությամբ միջանցք։
Սերժ Սարգսյանը մերժեց լավրովյան պլանը։ Նա առաջարկում էր փաթեթային լուծում, որը ենթադրում էր տարածքների վերադարձին զուգընթաց իրականացնել հանրաքվե։ Կողմերին չէր հաջողվում համաձայնության հասնել, ինչը հանգեցրեց ապրիլյան պատերազմին: Այն հայկական կողմի համար արժեցավ 400-800 հա տարածքային կորուստ, սակայն դիվանագիտական ճակատում հայկական կողմը լուրջ ձեռքբերում ունեցավ` ի դեմս Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, որոնք Ժնևում միս ու արյուն ստացան փաստաթղթի տեսքով։
Ժնևում Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով ներդրվում էին հետաքննության մեխանիզմներ, և ընդլայնվում էր ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչ Անջել Կասպերչիկի խումբը։

2018 թ.-ին Հայաստանում իշխանափոխության արդյունքում իշանության եկավ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ առաջին հայտարությունն արեց վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ Շուշիում։ Շուշիում նա ասաց, որ բանակցային սեղան պետք է վերադառնա արցախյան կողմը։

Նույն թվականի ամռանը Դուշանբեի հայտնի վերելակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, այնուհետև նրանց միջև ձեռք բերված օպերատիվ կապը մսխեցին ապրիլյան պատերազմի արդյունքում ձեռք բերված մեր դիվանագիտական հաջողությունը, իսկ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի կողմից արված՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը խաչ քաշեց 26 տարիների դիվանագիտական հաջողությունների վրա։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ամենաանհեթեթ հայտարարությունն արեց՝ որ արցախյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Նիկոլ Փաշինյանի` արցախյան խնդրի վերաբերյալ արտահայտաօծ ամեն մի միտք ավելի էր մոտեցնում մեզ պատերազմին։ Օրինակ՝ ես սկսում եմ իմ զրոյական կետից, կամ՝ մենք չենք բանակցում: Հետո, երբ Լավրովը բացահայտեց  չբանակցելու վերաբերյալ Նիկոլի սուտը, նա հայտարարեց՝ ինչ ուզում, այն էլ բանակցում եմ։

Եթե փաստերը դնում ենք իրար կողքի, ապա հետևությունը մեկն է՝ միշտ եղել է պատերազմի վերսկսման վտանգ, բայց 2018թ.-ի մայիսի 8-ից հետո այդ վտանգն օր-օրի մեծացել է Փաշինյանի՝ մեկը մյուսից անհեթեթ մտքերի պատճառով։ Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց այն, ինչի համար Նիկոլ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել էր, ոչինչ չխնայելով: Մնացածը մանիպուլյացիայի մաստեր կլաս էր»։