Ամոթի օրը
Հերթական անգամ Ալիեւը հոխորտացել է Հայաստանի հասցեին, ուլտիմատում տվել, չարախնդացել ու հպարտացել իր հաղթանակով: Ադրբեջանն արդեն շուրջ 4 տարի` այս օրերին թմբկահարում է 2020-ի իր հաղթանակը եւ սեպտեմբերի 27-ից սկսած՝ հատ-հատ արձանագրում, թե պատերազմի որ օրն ինչ է խլել մեզնից, ինչպես է ջախջախել ու ինչ հերոսական ջանքերով է վերականգնել երկրի «տարածքային ամբողջականությունը»:
Նաեւ 4 տարի շարունակ սպառնում է մեզ, զգուշացնում, որ մեր մտքով անգամ չանցնի ռեւանշի հույսեր փայփայել, աշխարհին է ուլտիմատումներ հղում, թե` Հայաստանին զենք չվաճառեք, իր սպառազինությունն ու ուժն է ցուցադրում: Ու ցինիզմի այնպիսի աստիճանի է հասել, որ անգամ խաղաղության պայմանագիր կոչվող նոր կապիտուլյացիայի փաստաթղթում ուզում է ամրագրել Հայաստանի ապառազմականացումը եւ բացառել ռեւանշի որեւէ հնարավորություն` երբեւէ:
Այս աննախադեպ ցինիզմն ու սանձարձակությունը, մեղմ ասած, սնվում են հայկական իշխանությունների ողորմելի, պարտվողական քաղաքականությունից: Այն աղերսներից, որ իշխանության առաջին դեմքերը պարբերաբար ուղղում են մեր թշնամիներին` խաղաղության փաստաթուղթ մուրալով եւ պատերազմից ու առճակատումից իրենց վախերը ցուցադրելով:
Ամեն անգամ երբ սրանք խոսում են խաղաղության խաչմերուկի կամ խաղաղության պայմանագրի մասին, Ալիեւն ու Էրդողանը երեւի հաճույքից նվաղում են: Բայց սրանք շարունակում են այդ մասին խոսել եւ խոսում են ամեն պատեհ ու անպատեհ առիթներով` դրսից հյուրեր ընդունելիս, գործուղումների գնալիս, միջազգային հարթակներում ելույթ ունենալիս, Թրամփին շնորհավորելիս: Հավանաբար, այդ ստորացումից հաճույք են ստանում, եւ իրենց թվում է, թե ինչքան շատ ստորանան մեր թշնամիների առաջ, այնքան երկարաձգվելու է իրենց պաշտոնավարումը:
Կարծիքներ