Դրախտի փոխարեն՝ դժոխք

Դրախտի փոխարեն՝ դժոխք

Պատկերացրեք` ընդարձակ ու լայն դաշտերով զբոսնող մի ամբողջ ժողովուրդ վայելում է իր ազատությունը, որ կողմն ուզում` գնում է, խաղաղ ու հանգիստ կյանքով է ապրում, բայց հայտնվում են ինչ-որ մարդիկ եւ ասում են, որ նրանց կարող են դրախտ առաջնորդել։ Մարդիկ հավատում են նրանց ու գնում հետեւից: Սկզբում հսկա դաշտավայրը դառնում է լայն ճանապարհ, ապա այն կամաց նեղանում է եւ վերածվում փոքրիկ կածանի, որը գալիս հասնում է վարարահոս մի գետի, որի վրա փայտե երերացող կամրջակ է: Ետ դառնալ այլեւս հնարավոր չէ, առջեւում խախուտ կամուրջն է ու անորոշ ապագան, եւ ժողովուրդը սկսում է մեկիկ-մեկիկ անցնել այդ կամրջով։ Մարդկանց մեծ մասը կամրջից վայր է ընկնում, անհնարին է դառնում անցումը: Իսկ առաջնորդներն ասում են` մենք մեղք չունենք, կամուրջն է մեղավոր: Եվ մի ողջ ժողովուրդ, որի լավագույն զավակները խեղդվում են գետում, լուռ եւ անմռունչ տանում է իր խաչը` անիծելով կամուրջը կառուցողին, իր սեւ բախտը եւ հույսը կապելով Աստծո հրաշքի հետ:

Ոչ ոք չի ասում, թե` այդ դուք մեզ սխալ ճանապարհով առաջնորդեցիք, բերեցիք հասցրիք այս նեղ կածանին ու այս խախուտ կամրջին, մենք կարող էինք մեր անտառներում ու դաշտերում գոյատեւել: Ճիշտ է` այնտեղ վայրի կենդանիներ կային, երբեմն ջրհեղեղ ու հրդեհ էին լինում, բայց դրանից մեր հատուկենտ զավակներն էին զոհվում` մենք խաղաղ ու ապահով կյանքով էինք ապրում: Դուք մեզ զրկեցիք այլընտրանքից, ստեղծեցիք այս անելանելի վիճակը, երբ մեր լավագույն սերունդը, որը կարող էր մեր ազգի համար լուսավոր ապագա կերտել, մեր աչքի առաջ զոհվում է, եւ մենք ոչինչ չենք կարողանում անել: Դուք մեզ դարձրիք անզոր ու անուժ մի զանգված, որը բաց աչքով հետեւում է իր վախճանին եւ ոչ մի կերպ չի կարողանում կանխել իր ողբերգական ավարտը: