Սա ի՞նչ բանդագուշանք է

Սա ի՞նչ բանդագուշանք է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ տեղի կունենա Ալիև-Պուտին-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս պաշտոնական ավետիսը մենք կարող ենք կարդալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրության մեջ, ի մխիթարություն հայ ժողովրդի, առանձին նշված է նաև, որ «այցի շրջանակում վարչապետը առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ»:

Թե ի՛նչ թակարդներ կան լարված մեր ժողովրդի և պետականության հանդեպ խոսնակի այդ տեքստում, կարծում եմ, նույնիսկ պողոսն է գիտակցում։ Սակայն ինձ ապշահար արեց, թե «տնտեսական բնույթ ունեցող» հանդիպումում, ինչպես խոսնակն է շտապել բնորոշել հանդիպման օրակարգը, ի՛նչ գործ ունի կոմունիկացիաների հարցի քննարկումը, որը վերաբերում է բո՛ւն Հայաստանի Հանրապետության տարածքին։ «Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբեր/վ/ում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ»,- ասված է խոսնակի գրառման մեջ: Այսպիսով պարզվում է՝ «Հայաստանի կենտրոնական հատվածներից Սյունիքի մարզ» ձգվող կոմունիկացիաների հարցերը ևս պիտի քննարկվեն․․․ Պուտինի ու Ալիևի կողմից։ Իսկ դա, իր հերթին, հուշում է, որ այդ ուղղությամբ կոմունիկացիաները լինելու են համատեղ՝ հայ թուրքական կամ հայ-ադրբեջանաթուրքական․․․
Սա ի՞նչ բանդագուշանք է, տիկի՛ն։ 

Գոնե ինքներդ գիտե՞ք այն ողջ դավադրական խարդավանքը, որ թաքնված է Ձեր «անմեղ» «ինչպես նաև»-ի տակ։

Հ․Գ․։ Վարչապետի խոսնակն իր ֆեյսբուքյան գրառումը, մինչ մեր նյութը կհրապարակվեր,  մեզ հետաքրքրող մասով խմբագրել է․. «...Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ», որով, սակայն, հաստատվում է, որ դա իսկապես թուրքադրեջանական ծրագիր է, որի սկզբում «հայ» բառը չպիտի լինի։
 Չպիտի թույլ տալ, որ լինի։
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ