«Նոր Հայաստան»․ անուններս դեռ փակ թող մնան

«Նոր Հայաստան»․ անուններս դեռ փակ թող մնան

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն օրերս հայտնել էր, որ MoTV հեռուստաընկերության բաժնեմասերի ամբողջ փաթեթը վաճառվել է «Նոր Հայաստան» ՓԲԸ-ին, որը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին: Հեռուստաընկերությունն արդեն եթերում է եւ բազում տառասխալներով հայտարարությամբ աշխատանքի է հրավիրում հնչյունային ռեժիսորների։
Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերության տնօրենը կամ ծրագրերի ղեկավարը Բագրատ եւ Վահագն Սարգսյանների մորաքրոջ որդին է՝ Գագիկ Մկրտչյան։

Դա պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ թեեւ պետական ռեգիստրում «Նոր Հայաստան»-ը Հայաստանում գրանցվել է 2019-ի հուլիսի 1-ին, սակայն մյուս բոլոր տվյալները փակ են։ Նաեւ «Սփյուռ» տեղեկատուում հեռուստաընկերության հասցե, ղեկավար եւ այլ տվյալներ նշված չեն։ Նշենք, որ, որպես կանոն, այս տվյալները փակ չեն լինում, նշվում են հասցե, կոնտակտային անձ, իսկ փակ լինում է միայն գրանցված ընկերության պահանջով։ Մեզ հաջողվեց միայն ճշտել, որ «Նոր Հայաստանը» գործում է նույն շենքում, որտեղ եւ տեղակայված է Հ3-ը։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը լինելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին ու նրա շահերին ծառայող եւ ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ գործող հեռուստաընկերություն։

Արդեն նշել էինք, որ թյուր է կարծիքը, թե մեծ թվով մեդիառեսուրս՝ կայքեր, հեռուստաընկերություններ, թերթեր եւ այլն, բացառապես նախկիններն են տիրապետում, եւ ներկաները չունեն հակաքարոզչությանը հակազդելու պրոպագանդիստական հավասարազոր գործիքներ։ Անգամ նկատի չունենք հայտնի ռեսուրսները` ի դեմս երկու-երեք մեծ լսարան ունեցող եւ ազդեցիկ ինտերնետ հեռուստաընկերությունների, կայքերի ու, ի վերջո, Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի։ Կան, գործում են անհայտ ծագման ու արտադրության պրոիշխանական տեսառեսուրսներ, որոնք գործարանային հոսքագծի պարբերականությամբ տեսանյութեր են նետում youtube՝ օրական մոտ մեկ տասնյակի չափ արտադրվելով։ Այդ ցածրորակ արտադրանքը, որից տպավորություն կա, թե թողարկվում է ինչ-որ «գարաժներում», բավականին մեծ սպառում ունի։

Ինչեւէ, Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ իրենք եւս սեփականատերերի վերաբերյալ տվյալների չեն տիրապետում, քանի որ MoTV-ի կապուղին վաճառքի արդյունքում տնօրինող «Նոր Հայաստան» ՓԲԸ-ն որեւէ նոր լիզենզիա չունի։ Այն նախորդի ներկայացրած ծրագրի հիման վրա 2010 թվականին ստացված լիցենզիան է։ «Սեփականատիրոջ փոփոխումը չի ենթադրում նոր ծրագրի ներկայացում: Նոր սեփականատերը պարտավոր է իրականացնել այն, ինչի հիման վրա լիցենզիան տրված է»,- հայտնեցին մեզ հանձնաժողովից։

Այսինքն՝ հեռուստաընկերությունների պարագայում ցանկացած բիզնեսի վաճառքի օրենքը գործում է: Ինչպես, օրինակ, երբ «Յուքոմը» գնեց «Օրանժը», նոր լիցենզիա կամ թույլտվություն չստացավ, քանի որ պարտավորությունները ոչ թե սեփականատիրոջն են, այլ՝ ընկերությանը։

Ի դեպ, երբ մենք դեռ օգոստոսին անդրադարձել էինք այդ գործարքին եւ նշել, թե բանակցություններ են վարում, որ Հ 3-ն անցնի Նիկոլ Փաշինյանին աջակցող «Նոր Հայաստան»-ին, վստահ հերքում էին, թե վաճառք չկա, եւ խոսքն ընդամենը կողմերի փաստաբանների միջեւ բանակցությունների մասին է։ Այժմ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության փորձնական եթերում հիմնականում ԱՄՆ-ում Սարգսյանների կողմից նկարահանված հայկական հեռուստասերիալներն են։