Եվրոպան գտել է իր դրածոներին հավերժացնելու ուղին
Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ն կարող են հանգիստ լինել իրենց իշխանության պահպանման հարցում. Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ եթե անգամ երկրի բնակչությունը մերժում է քեզ եւ քո ղեկավարած քաղաքական ուժին, օգնության կգա սփյուռքը` եվրոպական սփյուռքը, փրկելու համար երկրի եվրոպական ապագան: Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տարավ գործող նախագահ Մայա Սանդուն` ստանալով ընտրության մասնակիցների 55 տոկոսից ավելի քվեները: Սանդուն Մոլոդովայի եվրոպական ընտրության` ԵՄ-ին անդամակցելու կողմնակից է, իսկ Սոցիալիստների կուսակցության նախագահ, ազգությամբ գագաուզ Ալեքսանդր Ստայանօղլուն ստացավ ընտրողների 44 տոկոսի քվեն:
Միայն թե Ստայանօղլուն ստացել էր Մոլդովայում քվեարկությանը մասնակցածների 51 տոկոսից ավելիի քվեն, իսկ Սանդուն՝ 48 տոկոսինը: Մայա Սանդուն հաղթեց սփյուռքում բնակվող Մոլդովայի քաղաքացիների քվեարկության շնորհիվ․ երկրից դուրս քվեարկությանը մասնակցել էր մոտ 300 հազար ընտրող: Մայա Սանդուին միանգամից անվանեցին «սփյուռքի նախագահ», չլինեին Եվրոպայում ապրողների քվեները, Սանդուն չէր կարող հայտարարել իր հաղթանակի մասին:
Չնայած Մոլդովայի քաղաքացիների բողոքին եւ դժգոհությանը, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ԵՄ առաջատար եւ ոչ այնքան առաջատար երկրների ղեկավարները, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԵՄ պաշտոնյաներն արդեն շնորհավորել են Սանդուին` տպավորիչ հաղթանակի համար: Բոլորն են խոսում այն մասին, որ արեւմտյան աշխարհն առաջնորդվում է երկակի ստանդարտներով` Վրաստանում «Վրացական երազանք» կուսակցությանը չեն շնորհավորում, չնայած այդ կուսակցության հաղթանակն ավելի համոզիչ էր, իսկ Սանդուին շնորհավորում են` նույնիսկ չսպասելով պաշտոնական արդյունքների հրապարակմանը, այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն են ունեցել դրսից բերված ձայները: Բայց Մայա Սանդուն հնազանդորեն կատարում էր ԵՄ հանձնարարականները, իսկ «Վրացական երազանքը»՝ հակառակը, ինքնուրույն քաղաքականություն էր վարում, անտեսում էր ԵՄ-ից իջեցված դիրեկտիվները:
Բայց սա այնքան ակնհայտ մի բան է, որ նույնիսկ չարժի էլ սրա վրա ուշադրություն դարձնել, մեզ համար կարեւորն այլ հարց է. եվրոպացիները մտածել են սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու նոր ընտրական մեխանիզմ, եւ դա կարող է ներդրվել ցանկացած երկրում, այդ թվում եւ եվրոպական ճանապարհ ընկած Հայաստանում: Նոր տեխնոլոգիայի իմաստն այն է, որ սեփական թեկնածուի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները կարող են բերվել դրսից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ցանկացած այլ երկրից, որտեղ բնակվում են տվյալ երկրի քաղաքացիներ: Քանի որ կա ժամային տարբերություն, սկզբում պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ արդյունք է արձանագրվում տվյալ երկրում տեղի ունեցած քվեարկության արդյունքում, որքան ձայն է պակասում ցանկալի թեկնածուի կամ քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու համար, որից հետո ավելացնել անհրաժեշտ ձայները: Մոլդովայում հենց այդպես եղավ. սկզբում, երբ հաշվում էին Մոլդովայի ընտրատեղամասերի ձայները, հաղթում էր Ստայանօղլուն, բայց գիշերը պատկերը միանգամից փոխվեց, որովհետեւ սկսեցին հաշվել Եվրոպայում ապրող մոլդովացիների քվեները, իսկ նրանք քվեարկել էին Սանդուի օգտին:
Մոլդովայի ընտրությունների հաջողված փորձը կարող են տեղայնացնել նաեւ Հայաստանում, մանավանդ որ Հայաստանն ավելի մեծ սփյուռք ունի, քան Մոլդովան կամ որեւէ այլ երկիր: Հայկական սփյուռքի մի մասը հայաստանյան ծագում չունի, բայց Հայաստանի քաղաքացիները եւս մեծ թիվ են կազմում, մանավանդ՝ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, որտեղ քաղաքացիություն ստանալն այնքան էլ հեշտ գործ չէ, մարդիկ տասնյակ տարիներ ապրում են փախստականի կարգավիճակով՝ լինելով ՀՀ քաղաքացի: Հիմա, եթե պետք լինի այդ մարդկանց ձայները կեղծելու կամ օգտագործելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների վրա, համարեք, որ դա կարվի մատի մեկ շարժումով: Եթե Հայաստանի խորհրդարանի հաջորդ ընտրություններին դրսում բնակվող, քվեարկող եւս 300 հազար անձ մասնակցի, նրանք կկանխորոշեն ընտրության արդյունքները: 2021 թ. խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ ընտրություններին մասնակցել էր 1 միլիոն 281 հազար ընտրող, եթե սրան գումարենք 300 հազար եւ հաշվենք, որ ընտրություններին կարող է մասնակցել մեկուկես միլիոն մարդ, դրա մեջ 300 հազարը կազմում է 20 տոկոս:
Ճիշտ է` Մոլդովայի նախագահական ընտրություններում սփյուռքից մասնակցած բոլոր 300 հազար ընտրողներն իրենց ձայնը չէին տվել Մայա Սանդուին, եղել էին նաեւ Ստայանօղլուի օգտին քվեարկողներ: Մոլոդվայի իշխանությունները կամ դրա կողմնակիցները, օրինակ, բողոքում էին, որ Ռուսաստանում կամ Ադրբեջանում արձանագրվել են ընտրակեղծիքներ` ընտրողներին կաշառք բաժանելու կամ նրանց ընտրատեղամաս տանելու դեպքեր, բայց քանի որ հիմնական մասը քվեարկել էր արդար եւ ժողովրդավարական Եվրոպայում, դրսից բերված ձայների ճնշող մեծամասնությունը ստացել էր հենց Մայա Սանդուն: Հայաստանի դեպքում էլ հնարավոր է, որ Ռուսաստանում կամ նույնիսկ Ֆրանսիայում ՀՀ քաղաքացիները քվեարկեն ընդդիմության օգտին, բայց դեսպանատներում եւ հյուպատոսարաններում բացված ընտրատեղամասերը հնարավոր չէ վերահսկել, այնտեղ հանձնաժողովները եւ արդյունքները վերահսկում են իշխանության կողմից նշանակված դեսպաններն ո հյուպատոսները: Եթե երկրի ներսում քվեարկություն կեղծելու գործն անում են դպրոցի ուսուցիչներն ու տնօրենները, դրսում էլ դեսպանները կանեն, գոնե մի բանով նրանք պե՞տք է զբաղվեն, բացի անիմաստ աշխատավարձ ստանալուց:
Մոլդովայում տեղի ունեցածը բացահայտում է եւս մեկ առավելություն այն քաղաքական ուժի եւ գործչի համար, որն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը` նա կարող է հանգիստ լինել իր իշխանության եւ դրա հավերժականացման համար: Եթե անգամ իր երկրի քաղաքացիները մերժում են իրեն եւ իր քաղաքական ուժին, դժվարին պահին ժողովրդավարական Եվրոպան կլինի նրա կողքին: Կարծում ենք՝ Հայաստանի դեպքում ոչ միայն Եվրոպան, Վլադիմիր Պուտինն էլ օգնության ձեռք կմեկնի․ Նիկոլ Վովաեւիչի պաշտոնավարումը նրան էլ է մեծապես գոհացնում:
Կարծիքներ