Հայաստանը վերածում են խորտիկի, եկել է խիզախելու պահը

Հայաստանը վերածում են խորտիկի, եկել է խիզախելու պահը

Արդեն 12 օր Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ շրջափակման մեջ պահելով 120 հազար մարդու։ Ռեժիսոր, արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմերի հեղինակ Սամվել Թադեւոսյանն ասում է՝  մի ամբողջ կյանք է ապրել Արցախի ճանապարհների վրա եւ կարող է արձանագրել՝ մենք անուղղակի նպաստեցինք, որ հասնենք այս օրվան։

«Մենք չեղանք բավարար զգոն, կարծես նույնիսկ մոռացել էինք, որ կա թուրք, որի հետ հազար տարի բախվում ենք եւ առաջին հարվածները միշտ մենք ենք վերցնում։ Այսինքն՝ մենք պետք է դաս առնեինք, որ այդ թուրքը երբեք այլ թուրք չի լինում, դա մի շեղված, անհասկանալի խառնածին գոյություն է, եւ չկշռադատելով, որ մենք հավերժական ճիվաղի հետ գործ ունենք, առավել պասիվ գտնվեցինք եւ չամրապնդեցինք մեր տունը, սահմանը, Արցախը, եւ դրանից օգտվեց աշխարհը։ Ինչո՞ւ եմ ասում «աշխարհը»․ որովհետեւ սա միայն թուրքական պրովոկացիա չէր։ Իրենք՝ իրենց այս աշխարհի տերերը հռչակածները, որոշել են տնօրինել աշխարհի բախտը, բոլորին կամակատար ու հլու-հնազանդ դարձնել՝ մեր մեջ կեղծ մշակույթներ մտցնելով, բարոյալքելով։ Մենք դրան եղանք սակավ պատրաստ, եւ արդյունքում թուրքն իր գործն անում է»,-նկատում է ռեժիսորը։

Արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգի մասին այս էլ որերորդ անգամ խոսվում է առաջին դեմքի կողմից։ «Ցավով պետք է ասեմ, որ երկրի վարչապետը, ուղղակի թե անուղղակի, նույնիսկ ակնարկեց, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանության։ Դա ինձ համար աննորմալ բան է, որ փոխանակ երկրի իշխանությունները, մենք՝ բոլորս, լծվենք, որպեսզի նման բան այլեւս տեղի չունենա, մենք դրա մասին հայտարարում ենք։ Դրան զուգահեռ, դուք տեսնում եք նաեւ, թե ինչ է կատարվում մեր իրականությունում, փառազրկվում, դատարաններ են կանչվում նվիրյալ զինվորականներ, հալածանքների մի արշավանք է սկսվել, որի տուտը չի երեւում»։

Սամվել Թադեւոսյանը վստահ է, որ Ադրբեջանի առաջ քաշած բնապահպանական կեղծ պատճառաբանությունը հերթական բլեֆն է․ «Եվ դրա մասին գիտեն թե՛ մեր, թե՛ իրենց իշխանությունները։ Այստեղ ողբերգությունը նրա մեջ է, որ այս աշխարհը կապ չունի մեզ հետ, բլեֆ են նաեւ ՄԱԿ-ը, միջազգային հանրության հայտարարությունները, ասեմ՝ ինչու։ Որովհետեւ վաղուց մի շարք վճիռներ կան, որոնք գերտերություն կոչվողները եւ գաղտնի մասոնական կազմակերպությունները սեղանի վրա դրել են այդ քարտեզը եւ վճիռներ են կայացնում։ Մենք դմբո ազգ չենք, ճիշտ հակառակը, բայց բանը նրանում է, որ այդ իմունիտետը մեր միջից հանել են տեւականորեն ու տարբեր ձեւերով։ Բժշկության մեջ մի այսպիսի տերմին կա՝ տագնապի հորմոն։ Դա այն է, որ ուզես, թե չուզես, բայց երբ ձեռքդ տանում ես կրակին, մեխանիկորեն ձեռքը հետ է գնում․․․ մենք այդ տագնապի զգացողությունն ենք կորցրել, մեզ ձաղկում են, հալածում են, 80 տարեկան կույր ծերունուն գլխատում՝ ֆուտբոլ են խաղում, մեր գերի երեխաներին անմարդկային, դաժան վերաբերմունքի են արժանացնում, ու մենք դեռ խաղաղության դրոշ ենք ծածանում։ Այն խաղաղությունը, որի մասին ունենք բարոյական պատկերացումներ, մենք դրան կողմնակից ենք, բայց այս՝ մեջը բլեֆ պարունակող խաղաղությունը, դրա քողի տակ փշի-փշի են անում, որ Սյունիքը, Մեղրին վերցնեն, մեր երկիրը մասնատեն։ Այս ամենն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ինձ նման քաղաքականությունից հեռու մարդը հասկանում է։ Այս ամենի մեջ մենք ունենք նաեւ մեր մեղքը, «մենք» ասելով՝ ես, անկասկած, զատում եմ տեսակը, որովհետեւ կա բնակչություն, մասսա եւ հայ։ Ցավով եմ սա ասում, որովհետեւ այս ժողովրդին այնքան բարոյալքեցին եւ այդ բարոյալքմանը, անկասկած, մեծ տուրք տվեցին մեր իշխանությունները՝ վերջին տասնամյակներում, իսկ այդ մարդը եկավ վերջակետը դնելու եւ չի կարող չդնել, որովհետեւ իրեն չեն ների, նրան, ում խոստում է տվել գրավոր կամ բանավոր, որովհետեւ չի կարելի այս աստիճան անսրտացավ լինել այս ողբերգությունների հանդեպ։ Կամ՝ նրա կինն ասի, որ անիմաստ էին այս զոհերը․․․, իսկ մի կին նախարար էլ հայտարարի, որ հայրենասիրությունը վտանգավոր կատեգորիա է․․․, հանկարծ չասեք, որ սրանք ապաշնորհության դրսեւորումներ են, ոչ, դա կազմակերպված եւ խնամքով մշակված ծրագիր է, որի մաս կազմող հպատակներն այս գործը տանում են առաջ»։

Թե այս իրավիճակի լուծումն ում ձեռքում է, եւ այն ինչպես պետք է հանգուցալուծվի, ռեժիսորը նկատում է․ «Եկեք արձանագրենք, որ մենք ոչինչ չենք անում հիմա, կարող է ինչ-որ տղերք ՄԱԿ-ում ճառեր են ասում, բայց խոսելով չէ, արդյունքն է վճռորոշ։ Տեսեք՝ իրենք գազատարը փակեցին, եւ թքած՝ ՄԱԿ-ը որոշում կկայացնի՞, թե՞ ոչ, իրենք խոսում են ուժի դիրքից, որովհետեւ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, իսկ Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցն է, եւ այդ թելի տուտը գնում-հասնում է բավականին հեռուներ։ Թե ինչ հանգուցալուծում կունենա՝ ես չգիտեմ, բայց գիտեմ, որ կարող է գա խիզախելու պահը։ Հիմա ամորֆ վիճակ է Հայաստանում, ես ո՛չ տոնածառին եմ դեմ, ո՛չ էլ տոնին, բայց երեկոյան գնացեք հրապարակ եւ տեսեք, թե այդ տոնածառի մոտ անհոգների ինչ մասսա է կուտակված։ Եթե մեր դաշնակից Ռուսիան որեւէ ակնառու քայլ չի անում, ով խորտիկի է վերածել Ուկրաինան, այս կացության մեջ ինքն իր գործե՞րն առաջ տանի, թե՞ մեր։ Եթե մեր տունը վառվում է, ինչո՞ւ ենք պահանջում, որ մեր հարեւանը գա ու կրակը հանգցնի, եկեք մի դույլ էլ մենք լցնենք, որ իրենք էլ ասեն՝ սրանք արժանապատիվ մարդ են, գնանք կողքներին կանգնենք»։

Ցանկացած վճռական քայլ, ըստ Թադեւոսյանի, պետք է Հայաստանից լինի եւ հայ մարդուց․ «Ինչպես դաշնակցական մի պատգամավոր ասաց՝ եթե պետք լինի, մենք ուրիշ ճանապարհով պետք է այդ ճանապարհը բացենք, հիմա մենք պատրա՞ստ ենք դրան, թե՞ պատրաստ չենք։ Հարցը հետեւյալն է՝ եթե մեկն այսպես թե այնպես դատապարտված է մահվան, ավելի լավ չէ՞ արժանապատվորեն մահանա, իսկ այդ օրինակները կան․ 5 հազար հոգի՝ 2020-ին, եւ մոտ 10 հազար հոգի էլ՝ նախկին արցախյան 20 տարիների ընթացքին, որոնք անմռունչ գնացին պաշտպանելու իրենց հայրենիքը, տեսակը եւ դավանանքը։ Թող չթվա, թե վերամբարձ բաներ եմ ասում, բայց ելքը սա է։ Ի վերջո, կա 2 ճանապարհ՝ դիվանագիտություն եւ զենք, աշխարհում հարցերը միշտ այդպես են լուծվել։ Այս հլու-հնազանդ վիճակը տանում է այլ ձախողման՝ բարոյական տուպիկ, դրա համար եմ ասում՝ խիզախում, որը չի նշանակում՝ զենքն առնել գնալ սարերը, ու սկսենք կոտորել ում պատահի։ Ո՛չ, խիզախումն այն է, որ այս պես-պես կուսակցությունները, իրենց հայրենասիրական մարմաջով, գան նստեն մի տեղ եւ իրենք իրենց բարձրաձայն հայտարարեն, որ Հայաստանը վերածում են խորտիկի, եկեք պաշտպանենք այս երկիրը։ Եթե դա չկայացավ, ոչինչ չի կայանա, կմասնատեն Հայաստանը։ Ով հույսը կորցրել է, նրա հետ չեմ ուզում լեզու թրջել, բայց եթե մենք չխոստովանենք, թե ինչ վիճակում ենք գտնվում, կլինենք հերթական մարդը, որ պարտակում ենք մեր թերություններն ու իրավիճակը։ 100 տարի է՝ երգում ենք՝ Ստամբուլը պետք է դառնա արյան ծով, դարձա՞վ՝ ոչ։ Մեր մշակութային գործիչները, որոնց անունը գրպանահատ եմ դրել, եւ որոնք մեշոկով հայրենասիրական երգեր են հորինում, ինչո՞վ են զբաղված։ Հարկավոր է ուժ ձեւավորել, այդ փողոցային միտինգները, պարզվեց, փուչ են»։

Պատերազմից հետո ձեւավորվեց «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը, որին միացավ 500-ից ավելի մտավորական, ինչո՞ւ նրանց ձայնը չի լսվում հիմա։ «Մենք հենց վաղը նիստ ունենք եւ ինչ-որ բաներ անում ենք, չեմ ասի, որ դրանք ինչ-որ փրկչական արարողություններ են, բայց ինչ-որ բան անում ենք, շատ ջլատվել են ուժերը, մասնավորապես՝ հիասթափությունից։ Ինչի վրա ժողովուրդը հույս դրեց, վերջում բախվեց հիասթափությանը։ Տարբեր ժամանակներում 30-50 հազար միտինգավորներ հավաքվեցին, բայց այդ մարդկանց հիասթափեցրին, որովհետեւ եթե արդյունք չկա, մարդը որքա՞ն կարող է դոփել տեղում եւ ծնկի չոքել մի բանի առաջ, որը քեզ մխիթարիչ մի բան չի ասում։ Սա է խնդիրը»,-ասում է Ս․ Թադեւոսյանն ու հավելում, որ «Ձայն հայրենյացը» նոր գործելաոճի սկզբունքներ է որդեգրել եւ շուտով հայտարարությամբ հանդես կգա, որով կփորձեն արթնացնել հայ մտավորականին։