Գուցե ամեն ինչ օրինական է, բայց ոչ բարոյական՝ երբեմնի ակտիվիստների կողմից

Գուցե ամեն ինչ օրինական է, բայց ոչ բարոյական՝ երբեմնի ակտիվիստների կողմից

Մաշտոցի պուրակում ծառահատման ու սկսված շինարարության թեման երկու օր է՝ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել։ Բայց աղմուկ բարձրացրել են ոչ թե բնապահպանները, ինչպես ակնկալվում էր, այլ լրատվամիջոցներն ու նրանք, որոնք այսօր լավ են հիշում՝ ինչպես էին 2012-ին բնապահպանները պայքարում Մաշտոցի պուրակի համար։ Այն ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր Մաշտոցի պուրակում տաղավարներ կառուցել, որին դեմ դուրս եկան բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, բազմաթիվ հայտնի ու անհայտ բնապահպան-ակտիվիստներ, որոնց մի մասն այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էին։ Նրանք պառկել էին Մաշտոցի պուրակում և օրեր շարունակ «դոշ էին տալիս» հանուն պուրակի, որ հանկարծ որևէ ծառ չհատվի, որևէ շինություն այնտեղ չգոյանա։ Եվ այնքան գոռացին-գոչեցին «Տարո՛ն, սիրուն չի», որ Տարոն Մարգարյանն ի վերջո տեղի տվեց ճնշմանն ու հետ կանգնեց իր որոշումից։

Հիմա, սակայն, այդ նույն մարդիկ չկան, քար լռություն է նրանց ֆեյսբուքյան էջերում, որևէ մեկը փողոց դուրս չի գալիս՝ բղավելու․ «Հայկո՛, սիրուն չի»։ Ի դեպ, 2012-ի և այսօրվա ծառահատումների ու շինարարության միջև տարբերություն կա։ Այս անգամ ոչ թե պուրակում նոր շինության, այն է՝ սրճարանի կամ տաղավար է կառուցվում, այլ եղածի վերակառուցվում է։ Խոսքը այս պուրակում վաղուց գոյություն ունեցող «Մետելիցա» սրճարանի մասին է, որը սեփականատերը որոշել է քանդել և նորովի կառուցել՝ արդիականացնելով սրճարանը։ Սրճարանի սեփականատերերը պնդում են՝ ամեն ինչ օրինական է, իրենք խնդրել են իրենց սրճարանի տարածքում գոյություն ուենցող երեք հատ ծառը, որոնք, ըստ նրանց, չորացած  էին արդեն, հատել՝ տեղը տասը հատ նոր ծառ տնկելու պայմանով։ Նաև վստահեցնում են, որ իրենք սրճարանի վերակառուցմամբ չեն ավելացնում բետոնապատ հատվածը, մի բան էլ՝ պակասեցնում են և եղած տարածքի մեջ են շինարարությունն իրականացնում։ Բայց այստեղ խնդիրն այդքան օինականության հարցը չէ, որքան երկերեսինությունը, երկակի ստանդարտները, երբեմնի սկզբունքներից և արժեքներից հետ կանգնելը, որ ցուցաբերում են այսօրվա իշխանավորները։

Մի կողմ թողնենք այն, որ տնտեսվարողը իր բիզնես-շահերից ելնելով կարող է ցանկացած հիմնավորում բերել, որոնք գուցե իսկապես հիմնավոր են և օրինական։ Հնարավոր է՝ քաղաքապետարանն էլ օրենքի շրջանակներում է այդ թույլտվությունը տվել, և ծառերն իսկապես չորացած էին և հատման ենթակա։ Թեպետ՝ դա դեռ պետք է մասնագետները գնահատեն։ Վաղը, ի դեպ, հենց այս թեմայով քաղաքապետարանում մամուլի ասուլիս է լինելու՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մասնակցությամբ։

Կբավարարե՞ն քաղաքապետարանի բացատրությունները, թե ոչ, սա խնդրի մի կողմն է։ Համացանցում բարձրացված աղմուկն, իրականում, վերաբերում է ավելի շատ ոչ թե ծառերի հատմանը, այլ նրան, թե ուր են երբեմնի բնապահպանները, ինչո՞ւ ձայն չեն հանում, ինչո՞ւ են անցել ընդհատակ։ Եթե առաջ ամեն մի չորացած տերևի համար անգամ նրանք պատրաստ էին շաբաթներով պառկել ասֆալտին ու տուն չգնալ, միայն թե այդ չորացած տերևը չկտրվի, հիմա երեք հաստաբուն ծառը նրանց աչքին այլևս բնության հարստություն չի երևում։ Եթե առաջ կարելի էր ցանկացած ծառի ու թփի հատման հարցը դարձնել Հայոց հարցը, քաղաքականացնել ու իրենց ակցիաները վերածել քաղաքական ակցիաների՝ պահանջելով քաղաքապետի, վարչապետի կամ ամբողջ իշխանության հրաժարականը, ապա այսօր որևէ մեկը չի համարձակվում դեմ դուրս գալ Հայկ Մարությանին, էլ չենք ասում՝ Նիկոլ Փաշինյանին ու ասել՝ սիրուն չի, մի՛ արեք կամ հեռացեք։ 

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության  անդամ Հռիփսիմե Առաքելյանը հենց այս կոնտեքստում այսօր 2012-ի «մաշտոցյան» ակցիաներից տեսանյութեր է պեղել ու հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայիս անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է, որը պայքարում էր Մաշտոցի պուրակի համար՝ գոռալով․ «Տարոն, հեռացի՛ր»,«ամոթ,ամոթ»»։ Իսկ հիմա նա լուռ է, լուռ են նաև նրա մյուս գործընկերները, որոնք ակտիվիստից այսօր իշխանավոր են դարձել ու մոռացել են իրենց անցյալն էլ, դավանած արժեքներն ու «պահպանած» սկզբունքները։ Կարող են գոնե «կողմ» դիրքորոշում հայտնել, ասել՝ ինչ անում են, ճիշտ են անում, ամեն ինչ օրինական է։ Բայց դա էլ չեն անում, ոչ կարողանում են իրենց հակասել, ոչ իերնց սկզբունքներին հավատարիմ կեցվածք ընդունել։

Երբեմնի ակտիվիստների պայքարի տեսանյութը՝ այստեղ