Եկան, իրենց լավ գովազդեցին, հոլովակն էլ ցույց տվեցին, բարիշեցինք

Եկան, իրենց լավ գովազդեցին, հոլովակն էլ ցույց տվեցին, բարիշեցինք

Մենք գրել էինք, որ Հունվարի 27-ին Հայաստանում մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ «Բարի Սամարացին», դիմել է դատարան՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման եւ հերքման պահանջով։ Պատասխանողը լրագրող Թերեզա Ասատրյանն է:

Իսկ գործով երրորդ անձ է «Բաց Թիվի» ՍՊԸ-ն, որը հայտնի է Համլետ Ղուշչյանի հաղորդումներով: Թերեզա Ասատրյանը «Բաց օրը» հաղորդման ժամանակ «Բարի Սամարացու» արտադրության մասին արել է հայտարարություններ, որ այդ մսամթերքն ուտելու բան չէ, եւ այն առաջատար է կոչվել շուկայում, քանի որ սեփականատերը եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը:

Հայցվորը պնդում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ վնասի փոխհատուցում է պահանջում՝ 2 մլն դրամ: Հայցադիմումը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Ի դեպ, Թերեզա Ասատրյանի դեմ այս ամսում սա երկրորդ բողոքն է: Նախորդն էլ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էր ներկայացրել:Մենք խոսեցինք նաև Համլետ Ղուշչյանի հետ, վերջինս ասաց, որ «Բարի Սամարացի» ընկերության հետ հարաբերությունները կարգավորել է, գոհ-շնորհակալ գնացել են․ 

«Հայցը ներկայացվել է ընդդեմ Թերեզա Ասատրյանի, մեզ որպես 3-րդ կողմ էին ընդգրկել, մենք «Բարի Սամարացի» ընկերության տնօրենին հրավիրեցինք եթեր, իր ասելիքը ասաց, և բաժանվեցինք։ Իրենց հասցեին խոսել է Թերեզա Ասատրյանը, մենք էլ ասացինք՝ եկեք եթեր, մենք ձեզ եթեր տրամադրենք, դուք էլ ձեր տարբերակը, ձեր կարծիքը ասեք, իրենք եկան, կես ժամ խոսեցինք, իրենց գովազդային հոլովակն էլ ցույց տվեցին, դրանով վերջացրել ենք։ Մենք ինքներս էլ 2 շաբաթ է, Թերեզա Ասատրյանին ման ենք գալիս, որ տեսնենք, թե ինչ եղավ»։

Թերեզա Ասատրյանը «Բաց թի վի»-ի՞ լրագրող է, հարցրինք․ 

«Ոչ, նա ազատ լրագրող է, հետաքննող լրագրող է, եթեր էր եկել, իր կարծիքը հայտնեց։ Մենք էլ հաղորդման վերջում միշտ տալիս ենք, որ իրենց կարծիքը միշտ չէ, որ համընկնում է մեր կարծիքին։ Հետո «Բարի Սամարացին» զանգահարեց մեզ, մենք էլ ասացինք՝ համեցեք եթեր, եկան, իրենց էլ լավ գովազդեցին, իրեց հոլովակն էլ ցույց տվեցին, բարիշեցինք։ Իրենք շատ գոհ ու շնորհակալ գնացին, թե չէ մենք իրենց հետ ի՞նչ գործ ունենք»,- պատասխանեց Ղուշչյանը։