Ընդդիմադիր հայացքներ ունեցողները չեն ցանկացել մասնակցել ԵՊՀ ֆորումին

Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ մայր բուհում մայիսի 15-16-ին նախատեսված է ԵՊՀ բոլոր տարիների շրջանավարտների գիտաժողով, որի ընթացքում տեղի են ունենալու պանելային քննարկումներ, հիմնական բանախոսությամբ հանդես է գալու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, մայր բուհի 106-ամյակի կապակցությամբ տեղի է ունենալու ցուցահանդես և այլն: Ինչպես բոլոր գիտաժողովների դեպքում, այնպես էլ այս մեկի բանախոսները բացառապես կամ ՔՊ-ական պատգամավորներ են, կամ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուշագրավ է, որ բանախոսությունների մոդերատորներից մեկը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանն է, մյուսը իշխանություններին լոյալ Քրիստինե Ալագուլյանը:
Գիտաժողովին մասնակցելու են եւ ելույթ են ունենալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և այլ իշխանականներ: Հսկայական ցանկում մենք չգտանք գեթ մեկ ազատ, կամ ընդդիմադիր գործչի անուն: Տպավորություն է, թե Խորենացուն 21-րդ դարի կեսին բացահայտած այս կիսագրագետների պարսից է կազմված եղել Մայր բուհը` որեւէ առաջադեմ, գրագետ, բանիմաց կադր ԵՊՀ-ն չի տվել:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գիտաժողով է սա, ինչու են բոլոր բանախոսները ՔՊ-ականներ և ՔՊ-ականների կցորդներ: Մելքոնյանը նշեց, որ միջոցառումը ԵՊՀ շրջանավարտների ֆորումի տեսքով է լինելու, նրանք, ովքեր ավարտել են մայր բուհը, հավաքվելու են, տարբեր սեկցիաներ են լինելու` մասնակցությունը բաց է, կարող է ԵՊՀ ցանկացած տարվա շրջանավարտ դիմել:
«Պետրոս Ղազարյանն էլ ոչ բարով մեր ֆակուլտետի շրջանավարտ է հանդես գալու, հավանաբար: Ասեմ, որ ցուցակը դեռևս ամբողջական ամփոփված չէ: Երկու շաբաթ դեռևս կա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են բոլոր բանախոսները ՔՊ-ականներ, պատճառը հավանաբար այն է, որ միայն նրանք են գրանցվել, օրինակ՝ ես ոչ մի ձևով չեմ պատրաստվում մասնակցել այդ ֆորումին: Ես կարծում եմ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողները պարզապես չեն ցանկանում մասնակցել այդ ֆորումին: ԵՊՀ շրջանավարտ հասկացողությունը շատ լայն է: Բուհում այս պահին իրավիճակը հանդարտ է, առանձնապես լարված իրավիճակներ չկան, սառը շրջան է, - ասաց Մելքոնյանը:
Կարծիքներ