Ձերբակալե՞լ, թե՞ ներել ԼՂ ղեկավարներին․ Ադրբեջանում սոցհարցում են բեմադրել
Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել՝ խնդրելով քաղաքացիներին պատասխանել հետևյալ հարցին.
«Արդյո՞ք պետք է համաներում կիրառվի Հայաստանի զինված ուժերի ղեկավարների նկատմամբ, թե՞ նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Կենտրոնի հրապարակած տվյալներին։
Պատասխանելով հարցին՝ համաներմանը կողմ է արտահայտվել հարցվածների 5,9%-ը, 90,7%-ը նշել է, որ հայկական զինված կազմավորումների ղեկավարները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Հարցման մասնակիցների 3,4%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։
Ընթացիկ հետազոտության տվյալների հավաքագրումն իրականացվել է 2023 թվականի սեպտեմբերի 26-ից 30-ը։ Հարցումներն անցկացվել են հեռախոսային հարցազրույցի տեսքով և ընդգրկել են 18 տարեկանից բարձր 385 հարցվողներ։ Արդյունքների սխալը 5% է՝ 95% վստահության միջակայքով։
Թե որքան «արժանահավատ ու անաչառ են» այս տվյալները՝ կարելի է ենթադրել։ Կասկածից վեր է, որ Արցախը բռնի ու բարբարոսաբար հայաթափելուց և կամայական ձերբակալություններից հետո Բաքուն հասարակական կարծիքի կեղծ ֆոն է ապահովում իր հետագա ոճրագործությունների և հանցավոր քայլերի համար։
Ավելի վաղ մեր աղբյուրը հայտնել էր, որ շուտով Ադրբեջանի իշխանությունները կհաղորդեն Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին ձերբակալելու մասին` Հակարիի կամրջից: Նրանց առջեւից գնացող մեքենան, որի մեջ են եղել Արցախի ՆԳ եւ ԱԱԾ նախարարները, բաց են թողել անցնի, իսկ նախկին նախագահներին պահել են։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը ձերբակալել և կալանավորել է Ռուբեն Վարդանյանին․ Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին։
Կարծիքներ