Ալեն Սիմոնյանը սրբագրում է իր ասածները

Ալեն Սիմոնյանը սրբագրում է իր ասածները

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է կազմակերպության` ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքով։ Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում: Նրա խոսքով` ՀՀ–ն ոչ թե հայտարարել է, որ ՀԱՊԿ–ից դուրս է գալիս, այլ խոսել է այն մասին, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչի կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը։

Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը կամ հիշողության կորուստ ունի եւ մոռացել է իր եւ հատկապես իր կուսակիցների կողմից սեպտեմբերի 13-ից հետո ՀԱՊԿ-ի դեմ մոլեգնող արշավը, կամ էլ իշխանությունում հասկացել են, որ արտաքին քաղաքականությունը դեմարշներ չի սիրում, եւ, որպես կանոն, դրանց հետեւանքը տհաճ ու ցավոտ է լինում քաղաքականությունից քիչ հասկացող պետությունների, այս պարագայում՝ Հայաստանի համար։

Դիցուք այս տարվա սեպտեմբերի 16-ին Առաջին ալիքի եթերում նույն Ալեն Սիմոնյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասում էր․ «Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից չեն արդարացվում։ Շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ որ նախատեսված է։ Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն անում ենք և արել ենք։ Հիմա էլ ենք սպասում, պատկերացրեք՝ ունենք ատրճանակ, որը չի կրակում, բայց դրանով կարող ենք հարվածել կամ ցույց տալ, որ մեր մոտ ատրճանակ կա։ Այսօր կտրուկ շարժումներ անելու ճիշտ ժամանակը չէ»,- ասել է Սիմոնյանը։