Մարզպետը համայնքապետերին ծեծելու համար 30 հոգի է ուղարկել 

Մարզպետը համայնքապետերին ծեծելու համար 30 հոգի է ուղարկել 

Ողջ հանրապետությունում, այդ թվում նաեւ Սյունիքում, իշխանությունների թողտվությամբ կրիմինալը գլուխ է բարձրացնում։ Սա մասամբ գալիս է տեղական իշխանությունների պահվածքից, մասամբ նրանց մասնակցությամբ եւ հովանավորությամբ է տեղի ունենում։ 

Իսկ Սյունիքում դերակատարներից մեկը մարզպետն է։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «տղա է բերում» բոլոր նրանց վրա, ովքեր մարզում դեմ են Փաշինյանին եւ «քայլածներին»։ Մեզ տեղեկություններ փոխանցեցին, որ մարզպետի հրահանգով 30 հոգով փորձել են ծեծել Տաթեւի վարչական շրջանի ղեկավարին, սակայն վերջիններիս չի հաջողվել կոտրել տաթեւցիների դիմադրությունը։ Տաթեւ համայնքից մեզ փոխանցեցին, որ նախօրեին մարզպետը հայհոյախառն խոսակցություն է ունեցել Տաթեւ գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ, վերջինիս մեղադրել է «յուրային» չլինելու մեջ եւ դժգոհություն է հայտնել, որ անհրաժեշտ համակրանքը չի դրսեւորում Փաշինյանի իշխանության նկատմամբ։

Պատմեցին, որ լեզվակռվից հետո անգամ ծեծկռտուք է սկսվել․ համայնքի բնակիչները բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել մարզպետի հասցեին՝ նրան մեղադրելով Սյունիքի նկատմամբ դավադիր ծրագրին մասնակից լինելու, Սյունիքում առկա պայթյունավտանգ իրավիճակը խեղաթյուրելու եւ Սյունիքին դավաճանելու մեջ։ Ականատեսները պատմում են, որ Մելիքսեթ Պողոսյանը կատաղած հեռացել է, քիչ անց ոստիկաններ է ուղարկել գյուղ՝ իրեն հանդիմանողների հետեւից։ Նպատակին չհասնելով՝ ընդամենը ժամեր անց, անօրինական կարգով, Տաթեւ խոշորացված համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանին է ազատել աշխատանքից։ 

Մենք կապվեցինք Մուշեղ Հովսեփյանի հետ, ով ասաց, որ այլեւս չի աշխատում, հարցրինք, թե ճի՞շտ է, որ մարզպետը մոտ 30 հոգու ուղարկել է ու տուրուդմփոց հրահրել, Հովսեփյանը պատասխանեց․ «Տուրուդմփոց՝ էդքան չէ․․․, կարելի է ասել՝ եղել է կռիվ, այդ կարգի, թեթեւի մեջ, ոստիկաններ են եկել, բայց դրանից հետո էլ չեմ իմանում»։ Հարցրինք՝ իրենցից ի՞նչ է ուզում մարզպետը։ «Մարզպետը մեզնից ուզում է․․․, արդեն ուզել է․․․ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ինձ է փոխել, մեկ ուրիշին նշանակել։ Կարճ ասեմ, էլի, երեւի «լավ չենք քայլում», դրա համար»,- ասաց Հովսեփյանը։ 

Կապվեցինք նաեւ Տաթեւ գյուղի վարչակազմի ղեկավար Գոռ Մինասյանի հետ, նա ասաց, որ իրեն դեռ աշխատանքից չեն ազատել։ Իսկ կազատե՞ն՝ հարցրինք Մինասյանին։ «Կհասկանանք՝ քաղաքական ինչ-որ բան կլինի՞, թե՞ ոչ, ժամանակի ընթացքում ամեն ինչ կհասկանանք»,- պատասխանեց Մինասյանը, հավանաբար, նկատի ունենալով առաջիկա ընտրություններն ու հավանական իշխանափոխությունը երկրում։ 

Հարցրինք նաեւ, թե ճի՞շտ է, որ «լավ չեք քայլել», եւ դրա համար են Ձեզ ազատում։ «Իրենց խնդիրն է, ոնց ուզում են, մենք մաքուր մարդ ենք, ոչ մի խնդիր էլ չունենք»,- պատասխանեց Մինասյանը։ 

Փաստորեն, բազմաթիվ խնդիրներ ունեցող մարզի ղեկավարի թիվ մեկ խնդիրը ոչ թե մարզի առաջ ծառացած խնդիրներն են, ոչ թե սահմանը պաշտպանելն է եւ թշնամուն ժամանակին հակահարված տալն ու կանգնեցնելը, այլ այլախոհներին հալածելը, իշխանությունների հանդեպ համակրանք առաջացնելու համար ոչ միայն անթաքույց կերպով վարչական ռեսուրսը նախընտրական շրջանում օգտագործելը, այլեւ բռունցքի եւ ոստիկանության ուժը։