ՆԳՆ հաղորդագրությունը հաստատեց «Հրապարակի» գրածը
Դեկտեմբերի 10-ի համարում «Հրապարակը» գրել էր, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ոստիկանության կրթահամալիրի եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսների, աշխատակիցների, ուսանողների հետ քննարկել է կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը։ Հավաքին տեսակապով հետեւել են օտարերկրացիներ։ Հրապարակումն անելիս մենք չգիտեինք ու չէինք էլ գրել, թե` ովքեր։ Դատելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի` ՆԳՆ հաճախակի այցերից, ենթադրել էինք՝ ամերիկացիներ, ու նկատել, որ մեր երկիրը կարծես անցել է համատեղ կառավարման` «հայ-ամերիկյան իշխանություն» է ձեւավորվել:
Ավելի ուշ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ «կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգի քննարկումներին» առցանց հետեւել են, ուշադրություն` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: ՆԳՆ-ն չի ասում, թե կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հետ ինչ կապ ունեն թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները։ Կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունները պետք է քննարկել կրթության փորձագետների հետ։ Բայց, չգիտես ինչու, թավշյաները քննարկում են թմրամիջոցների դեմ պայքարի մասնագետների հետ։ Զարմանալ պետք չէ։ Եթե կարելի է հպարտանալ պարտությամբ, SMS-ով պետություն կառավարել, լինել «մեղավոր, բայց ոչ պատասխանատու», օրը միլիոն անգամ «նախկիններն են մեղավոր» ասելով արդարացնել սեփական թիմի տիեզերական մասշտաբի ապաշնորհությունը, ինչո՞ւ չի կարելի կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը քննարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Հենց սա նկատի ունենք, որ ասում ենք՝ մեր երկիրն անցել է համատեղ կառավարման` հայ-ամերիկյան իշխանություն է ձեւավորվել: Իսկ ավելի ճիշտ` դարձել ենք ԱՄՆ իշխանությունների փորձադաշտը։ ԱՄՆ-ն փորձում է ոչ մի տեղ չփորձարկված մոդուլային միջուկային ռեակտորներ տեղադրել Հայաստանում։ ԱՄՆ ներկայացուցիչ է աշխատում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ ԱՄՆ-ն սեփական շահերի եւ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար մեզ առճակատման է մղում Ռուսաստանի հետ եւ զոռով բարեկամացնում է Թուրքիայի հետ՝ ստիպելով մոռանալ սեփական պատմությունը, հրաժարվել ցեղասպանությունից, Արարատից, Անկախության հռչակագրից, Սահմանադրություն եւ հիմն փոխել։ Թավշյաներն էլ սիրով Հայաստանը դարձրել են լաբորատոր փորձերի ենթակա տարածք, հայ մարդկանց էլ` փորձաճագար։
Տիգրան Հովակիմյան
Կարծիքներ