Տխուր ամփոփում
Տարեվերջ է, եւ բոլորը սկսել են ամփոփել անցնող տարին: Դա անում են ներկա ու նախկին պաշտոնյաները` ՀՀ նախկին նախագահներից մինչեւ գործող վարչապետ, եւ շարքային քաղաքացիներ: Անցած շաբաթ ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ՀՀԿ համագումարում իր 90 րոպեանոց խոսքում ոչ միայն անցնող տարին, այլեւ նախորդ 3 տարիներն ամփոփեց: Երեկ տարեվերջյան ասուլիսով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, երկուշաբթի ասուլիս է տալու Ռոբերտ Քոչարյանը: Տարին կամփոփեն նաեւ գործող նախարարներն ու տարբեր կառույցների ղեկավարներ: Պարզ է, որ իշխանությունը կփորձի ներկայացնել, որ ցնցող հաջողություններ է գրանցել այս տարվա ընթացքում` ինչ-որ մտացածին թվեր ու տոկոսներ կհրապարակի, որոնք հեշտությամբ կջախջախվեն մասնագետների ու ընդդիմության կողմից:
Առավել տխուր նոտաներ ու ոչ այնքան լավատեսական շեշտադրումներ կհնչեն ընդդիմության գնահատականներում: Ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով, ո՛չ բարոյահոգեբանական դաշտում մենք հաջողություններ 2021 թվականին, ցավոք, չունեցանք: Պարտության ու կորուստների տարի էր 2021 թվականը` 2020 թվականի «արժանի» իրավահաջորդը: Բայց ամենացավալին այն է, որ մենք ո՛չ մեր կորուստներից ու սխալներից դասեր քաղեցինք, ո՛չ ավելի իրատես դարձանք, ո՛չ էլ փորձեցինք մեր մեջքը շտկել 2021-ին: Եվ դրանում ոչ այնքան հասարակության մեղքը կա, որքան գործող իշխանությունների:
Ի վերջո, իշխանությունները, հասարակությանն առաջնորդող ու կազմակերպող անձինք են ազգին ուղղորդում եւ տանում իրենց հետեւից, նպատակներ նշում եւ ծրագրեր մշակում, փորձում ճեղքում իրականացնել: Ինչպես նախորդ բոլոր կորուստների ու անհաջողությունների մեղքն է նրանց ուսերին, այնպես էլ նոր հաջողությունների ճարտարապետը եւս իրենք պետք է լինեն:
Կարծիքներ