Հնարավոր է համաձայնության գալ նախկին ԼՂԻՄ տարածքների շուրջ․ Քոչարյան

Հնարավոր է համաձայնության գալ նախկին ԼՂԻՄ տարածքների շուրջ․ Քոչարյան

Հայաստանի և Արցախի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝  բանակցություններով կարելի է համաձայնության գալ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների շուրջ։

Քոչարյանը նկատի է ունեցել նախկին ԼՂԻՄ սահմաններում, որն ընդգրկում է նաև ԼՂ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած Շուշի քաղաքը և Հադրութի շրջանը, Արցախի հետագա կարգավիճակի որոշումը։

Հայաստանի և Արցախի նախկին նախագահը հունիսի 14-ին հարցազրույց է տվել ռուսական պետական երեք լրատվամիջոցի՝ «Ռաշա Թուդեյ», «Սպուտնիկ», «ՌԻԱ Նովոստի»։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցերի լայն շրջանակի։

«Բանաձևը հետևյալն է։ Եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղություն ու կայուն խաղաղություն, ապա պետք է ընդունենք որոշումներ, որոնք շատ անարդարացի չեն։ Ինձ թվում է, որ ամեն դեպքում բանակցություններով հնարավոր է համաձայնության գալ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների շուրջ, սահմաններով։ Դեռևս մենք ունենք բավականին ամուր փաստարկ։ Այն կապված է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Ուստի ես այստեղ բանակցությունների համար որոշակի հեռանկար տեսնում եմ», - ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության լրագրող Նատալյա Կուրգանովայի հարցին։

«Դուք խոսել եք այն մասին, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի առանձին տարածքներ վերադարձնել։ Ո՞ւմ հետ ու ե՞րբ, ո՞ր շրջանների մասին եք պատրաստ բանակցություններ վարել։ Ո՞ւմ միջնորդության վրա եք հույս դրել։ Ինչպե՞ս եք մտադիր համոզել Բաքվին դա քննարկել, եթե նրանք [ադրբեջանական իշխանություններն] ասել են, որ հարցը փակված է», - հարցրել է Կուրգանովան։

Քոչարյանը նշել է, որ բանակցություններն առայժմ կարող են լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, և որ Մինսկի խմբում հիմա Ռուսաստանի դերն առավել ակնառու է։ 

«Ի՞նչ ձևաչափում են կարող լինել բանակցությունները․ առայժմ դա Մինսկի խմբի ձևաչափն է։ Իրադարձությունները բերել են նրան, որ Ռուսաստանի դերն ավելի գերակշիռ է դարձել։ Այն [Ռուսաստանը] միշտ ակտիվ դեր է խաղացել բանակցային գործընթացում, բայց հիմա Ռուսաստանի դերն առավել ակնառու է։ Այդպիսին է իրականությունը՝ ռուսական խաղաղապահությունը, Ղարաբաղում պատասխանատվությունն անվտանգության վիճակի համար։ Եվ սա բերում է առաջատար դիրքի հենց Մինսկի խմբի շրջանակներում», - ընդգծել է քաղաքական գործիչը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի Դաշնության միջոցով է հնարավոր Բաքվին բերել բանակցությունների սեղան։ 

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Խումբը միջազգային մանդատ ունեցող միակ մարմինն է, որը միջնորդական առաքելություն է իրականացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում։ Ռուսաստանը միջնորդի դերն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին կնքված եռակողմ հայտարարության մեջ, որը որպես հրադադար ողջունել են թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ը։ 

Հրադադարի հաստատումը ողջունել է նաև Միավորված ազգերի կազմակերպությունը, որի նպատակներից է «Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը»: