Թքել են վրան, հետո իջեցրել են տաբատը, մահակը դեմոնստրատիվ դրել ոտքերի արանքում

Թքել են վրան, հետո իջեցրել են տաբատը, մահակը դեմոնստրատիվ դրել ոտքերի արանքում

Այս պահին Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հանդես են գալիս հրատապ մամուլի ասուլիսով: Այսօր, հիշեցնենք, պաշտպանները հայտնել էին, որ գիշերը քննչականից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ ուղեկցողները գնացել են բնական կարիքները հոգալու, դիմակավորված անձինք հարձակվել են ու ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին: Նշենք նաեւ, որ Վարդանյանը խուլիգանության մեջ է մեղադրվում, քանի որ հանրային տրանսպորտում մոտեցել էր ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանել «հակահայ վիժվածք»: 

«Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ով գտնվել է պետության վերահսկողության ներքո: Մեր այսօրվա խնդիրը սա կանխարգելն է, եթե արյան հոտն ընկնի իշխանությունների քիթը, ապա նրանք կանգ չեն առնելու: Մենք որեւէ դուռ չենք թողնելու, որ չծեծենք, սա ամենասկզբունքային հարցն է այսօր»,- ասաց Մելիքյանը հավելելով, որ տեղի ունեցածը խոշտանգման դասական դեպք է:

Պաշտպաններից մյուսը` Վարազդատ Հարությունյանն ասաց, որ այնպիսի բան, որը տեղի է ունեցել, կարող էր միայն Բաքվի բանտում տեղի ունենալ.

«Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հետո սկսում են ձեռքերով հարվածել: Դա զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով` արժանապատվությունը նվաստացնող: Հետո ստիպում են, որ այդ հայհոյանքները կրկնի,նա չի կրկնում, թքում են վրան: Հետո իջացրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում: Ծեծը տեւել է 3-4 րոպե, հետո քաշելով հետ են բերել, ուղեկցող ոստիկանները հետ են եկել: Սամվելը հեռացել է, ասել են` քեզ ի՞նչ եղավ, նոր լավ էիր, իբր տեղյակ չեն»։