Իսկ ո՞վ է ճանապարհներ բացելու Հայաստանի համար
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման Երեւանում հայտարարեց, թե հույս ունի, որ մի քանի շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ասաց, որ Բաքվում ադրբեջանցիներն իրեն ասել են, թե իրենք եւս պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքելուն։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը հիշում է, որ խաղաղության պայմանագիր կնքելու մասին խոսակցություններ կային 2021 թվականից։
«Մի կողմից Ադրբեջանն իր նպատակների զգալի մասին հասել է եւ արդեն ուզում է այդ ամենը լեգալիզացնել՝ իր բոլոր ոճրագործությունները։ Մյուս կողմից Ադրբեջանը, ինչքան երեւում է իր պահվածքից, դեռ ամբողջությամբ իր ծրագիրը չի կատարել եւ ունի ցանկություն, այսպես կոչված, միջանցք ստանալու Հայաստանի տարածքում եւ ոչ միայն։ Ամեն դեպքում, Ադրբեջանն ունի լրացուցիչ պահանջներ, այդտեղ ե՛ւ ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը կա, ե՛ւ անկլավային, տարածքային հարցեր։ Հիմա ինչի կգնա Հայաստանի ներկա իշխանությունը, սա ուրիշ հարց է, պարզ է, որ պատրաստ են պահանջների մեծամասնության հետ համաձայնել»,- ասաց քաղաքագետը։ Պայմանագիրը, նրա կարծիքով, դժվար թե ստորագրվի, որովհետեւ կարեւոր է, թե ով է լինելու միջնորդը, եւ ինչ աշխարհաքաղաքական պայմաններում է ստորագրվելու։ Եթե միջնորդը լինի Արեւմուտքը, դա մի բան է, եթե Ռուսաստանը՝ այլ բան։ Միքայելյանը նոր ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն անվանում է «նոր կապիտուլյացիայի պայմանագիր» եւ շեշտում, որ ՀՀ ներկայիս իշխանությունը շատ է ուզում դա ունենալ։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված ԵԱՀԿ վեհաժողովին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի բացակայությունը։ Քաղաքագետն ասում է՝ դրանով շեշտադրում են անվստահությունը հայկական կողմի նկատմամբ եւ Հայաստանի հետ գործ ունենալու ցանկության բացակայությունը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա Ադրբեջանը գտնում է, որ ինքն ավելին ստանալու հնարավորություններ ունի, բայց նաեւ չի կարող հայտարարել, որ չեն ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել․ դա դիվանագիտորեն չի ընկալվի։ Թեեւ, իհարկե, դա էլ կարող են ասել՝ «քի՞չ ենք տեսել վերբալ ագրեսիաներ Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ»։ Վերջերս, օրինակ, Բորելի նկատմամբ շատ ագրեսիվ հայտարարություններ արվեցին Բաքվում։ «Այսինքն, Ադրբեջանը փորձում է երեւալ կառուցողական»։
Իսկ ի՞նչ վտանգներ է պարունակում «Խաղաղության խաչմերուկը»՝ հնարավո՞ր է, որ լոգիստիկ հանգույցների «ապաշրջափակման» արդյունքում ականատես լինենք «մտահոգված» ադրբեջանցի ֆեյք էկոլոգների կամ ճանապարհորդների ոտնահարված իրավունքների պաշտպանության տեսարանների։ Միքայելյանը կարծում է, որ Բերձորի սցենարը լայն հնարավորություններ կստանա սադրանքների դիմելու, ագրեսիաներ իրականացնելու։
«Ներկայիս իշխանությունն ընդամենը փորձում է ճանապարհներ բացել բոլորի համար, բայց չի մտածում՝ Հայաստանի համար ո՞վ է ճանապարհներ բացելու։ Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ իրենց համար ճանապարհները բաց են, իսկ Հայաստանի համար ճանապարհները փակում են։ Իսկ Հայաստանը հակառակն է անում՝ ճանապարհներն իր համար չի բացում, բացում է ուրիշների համար։ Անհեռանկար, անպատասխանատու քաղաքականություն ապագայի նկատմամբ՝ ապագայի մասին կեղծ խոսակցությունների ֆոնին։ Ուղղակի Հայաստանի ապագան ոչնչացվում է․․․ Ադրբեջանն ընդհանրապես մտադիր չէ որեւէ խաղաղության՝ նույնիսկ փաստաթղթի ստորագրման պարագայում։ Այդքանը չհասկանալն ու անընդհատ պնդելը, որ, ոչինչ, իրենք ուզում են պատերազմ, մենք ուզում ենք խաղաղություն՝ ուղղակի հակատրամաբանական է»,-եզրափակեց Հրանտ Միքայելյանը։
Կարծիքներ