Գոնե վտանգի պահին մոռացեք վրիժառության մասին
Վտանգի պահին մարդիկ, որպես կանոն, համախմբվում են, միավորվում։ Ներում են թշնամիներին, ներում են հայցում մերձավորներից՝ եթե նրանց երբեւէ նեղացրել են։ Մի կողմ են դնում տարաձայնությունները։ Մոռանում են վիրավորանքները։ Հրաժարվում են չարության ու նախանձի, ատելության ու վրեժի զգացումներից։ Վտանգը, մահվան շունչը, ծանր փորձությունները մարդկանց ստիպում են բարիանալ, մեծահոգի դառնալ, թողնել նեղմտությունն ու ագահությունը։
Բոլորը մի տեսակ մաքրվում են ու պատրաստվում են Մեծ դատաստանին։ Եւ իրոք՝ մեր երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում դժվար է պատկերացնել, որ մարդիկ կշարունակեն իրենց կենցաղային ճղճիմ վեճերն ու կոնֆլիկտները։ Ամայացած բնակավայրեր, դատարկ փողոցներ, հատուկենտ անտրամադիր անցորդներ։ Ո՞վ սիրտ ու հավես ունի հիշի իր հարեւանի հետ ունեցած վաղեմի կոնֆլիկտը կամ ազգականից նեղվածությունը։ Ամեն ինչ մղվել է հետին պլան։ Մարդիկ լարված են, սպասման ու տագնապի մեջ, անորոշությունն ու ապագայում սպասվող փորձությունների մշուշոտ հեռանկարը տեղ չի թողնում պարզ մարդկային հարաբերություններին բնորոշ պահվածքի եւ գզվռտոցի համար։ Բայց անգամ այս պայմաններում մեր իշխանությունները չեն հրաժարվում հին գործելաոճից՝ նույն թափով շարունակում են քրեական գործեր հարուցել նախկինների նկատմամբ, մեղադրանքներ առաջադրել, կալանքի սանկցիաներ տալ, հետախուզում հայտարարել։
Անգամ այս նեղ պահին՝ երբ մարդկությունը աղոթքի ու բարության, հանդուրժողականության եւ գթասրտության ռեժիմում է ապրում, երիտասարդ իշխանավորները չեն դադարում իրենց «հակառակորդներին» քննադատել, ծեփել ասֆալտին ու ոչնչացնել։ Այդ ատելությունը թվում է՝ սահմաններ չունի։ Բայց այն խանգարելու է հենց իրենց։ Խանգարելու է աշխատել, հաղթահարել այս ծանր փորձությունը, երկիրը հանել այս վիճակից։ Այդ ատելությունն ու ամեն գնով «թշնամիներին» ոչնչացնելու ձգտումը շրջվելու է իրենց եւ երկրի դեմ։ Հիմա «նախկիններին» պատժելու ժամանակը չէ, հիմա ահեղ աղետից ազատվելու ժամանակն է։
Կարծիքներ