Ինչու՞ Հրայրը մինչև վերջ կգնա

 Ինչու՞ Հրայրը մինչև վերջ կգնա

 

Ցանկացած մարդու ամենաթույլ, խոցելի կետը ընտանիքն է՝ ծնողները, երեխաները։ Երբ այդ կետին են կպնում, հավատացնում եմ, դրանից այն կողմ էլ աշխարհ չկա։ Եթե շատ մարդիկ չեն արտահայտվում, չեն բարձրաձայնում, հաշվի առնելով, որ երկրում մոլեգնում է ինչ որ շատ վատ բան, որ անուն չունի,  միևնույն է, յուրաքանչյուրի հուզաշխարհում ինչ որ մի թանկ բան փշրվում է։

Պատերազմի ժամանակ էլ այդպես էր։ Երբ գնդակը մոտենում է ընտանիքիդ, ուզես, չուզես, դու հերոս ես դառնում։ Դա վերջին կետն է, որ ամենաիներտ մարդն անգամ դուրս է գալիս սեփական պատյանից ու կռիվ տալիս։

Նիկոլ Փաշինյանը խաղաղ ժամանակ հասել է այդ կետին։ Սրբություններ կան, որ տրորել չի կարելի, այսօր Հայաստանում մոլեգնում է մարդուն զրոյացնելու, ոչնչացնելու պարզ մեխանիզմը, և ոչ մի հնար չկա, որ  սեփական երկրում մարդ մնաս, չդառնաս մանկուրտ, զոմբի, բացի հնազանդվելուց, ռեժիմին ժառայելուց։ Կարևոր չէ, թե ով է նոր (փոքրատառը միտումնավոր է) Հայաստանի  հերթական զոհը՝ Հրայր Թովմասյա՞նը, ընտրված ու հետապնդվող գյուղապե՞տը, թե՞ շարքային քաղաքացին․․․ Օդում կախված է քաղաքական հետապնդումների թանձր թուխպը, որն օր օրի սևանում, անտանելի է դառնում։ Բանը հասել է ընտանիքին՝ այն սուրբ սրբոցին, որը հայ մարդու համար կյանքից թանկ է։ Դա այն վերջին կետն է, երբ մարդը, ուզի, թե չուզի, կռիվ է տալիս, որովհետև դրանից այն կողմ էլ աշխարհ չկա։ Բայց կա մի նուրբ նյուանս, նրբերանգ։ Նման պարագայում մարդը կարող է նաև թուլանալ,  հանձնվել, որպեսզի փրկի ընտանիքը։ Այդ նյուանսին լավ տիրապետում են բոլոր ահաբեկիչները, ովքեր խփում են մարդու ամենաթույլ ու խոցելի կետին՝ ընտանիքին, որպեսզի թիրախը հանձնվի։ Դաժան է, բայց փաստ, որ Հրայր Թովմասյանի ընտանիքի՝ 75-ամյա հոր, քույրերի, երեխաների նկատմամբ օգտագործվում է ահաբեկչական այդ հզոր տեխնիկան։  Նժարի այս կողմի կշռաքարերը ծանր են, բայց համարյա վստահ կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը կգնա մինչև վերջ։ Զուր չմեջբերեցի, որ պատերազմի ժամանակ, երբ գնդակը մոտենում է ընտանիքիդ, ուզես, չուզես,  հերոս ես դառնում, դիմակայում։ Իսկ Հրայր Թովմասյանի հարցազրույցներն ինձ մոտ ամրապնդել են, որ նա Սահմանադրական դատարանը որպես պատերազմական դաշտ է ընկալում,  և վատ չի անում, որովհետև ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Ցանկացած հարձակման մեջ Սահմանադրության երաշխավորը  տեսնում է ոտնձգություն  արդարադատության բարձրագույն մարմնի, պետականության նկատմամբ։ Այդ համոզմունքն ինձ տվել է նրա հարցազրույցները։

Իշխանության կողմից խոցելի ու թույլ կետին խփելը մի բան է հուշում՝ ոչ մեկն իրեն ապահովագրված թող չզգա, որ հաջորդը ինքը չի լինելու, անգամ նրա թիմի մոլեռանդները։ Դա վախ սերմանելու, հնազանդեցնելու ահաբեկչական հնարք է՝ հոգեբանական դրսևորումներով։ Նման հնարքների ճնշման տակ Սահմանադրական դատարանը հանձնելը վտանգավոր է երկրի համար, որովհետև երկրում կհաստատվի դիկտատուրա, ճնշում, արժեքային համակարգի համատարած ավերում։