Կարմիր բերետավորները ձեռնաշղթայված երիտասարդի նկատմամբ բիրտ ուժ էին կիրառում

Կարմիր բերետավորները ձեռնաշղթայված երիտասարդի նկատմամբ բիրտ ուժ էին կիրառում

Բառացիորեն 10-15 րոպե առաջ Նոր Նորքի առաջին զանգվածի ոստիկանության բաժանմունքի մուտքի մոտ ականատես եղա, թե ինչպես են կարմիր բերետավորները ձեռնաշղթաներով մարդու նկատմամբ բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկում: 

461 II 02 պետհամարանիշներով ոստիկանության մեքենայից բերետավորները դուրս քաշեցին ձեռնաշղթայված երիտասարդին, որը չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Նա ոստիկանության աստիճանների մոտ գրեթե ընկավ և դիմում էր ոստիկաններին. «Ախպեր, չեմ կարողանում կանգնել»: Ու չնայած, որ բերման ենթարկվող տղամարդը ձեռնաշղթաներով էր, նրա ձեռքերն այնպես էին ոլորում, որ նույնիսկ կարող էր կոտրվածք առաջանալ: 

Կարմիր բերետավորները նրան ուղղակի քարշ էին տալիս գետնին, կռացրած: Եվ այնքան վայրենավարի, որ գլուխը համարյա գետնին էր քսվում, իսկ ներս մտցնելիս` խփեցին դռանը:

Ես դիմել եմ թե Քննչական, և թե ոստիկանության մամուլի բաժին, որ պարզեմ ով էր բերման ենթարկվողը: Ակնկալում եմ, որ այս դեպքով ծառայողական քննություն կիրականացվի` կարմիր բերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման այս դեպքը քննելու համար:

Մանավանդ որ ձեռնաշղթայված, բերման ենթարկվող տղամարդը ոչ գոռում էր, ոչ հայհոյում, ոչ էլ դիմադրություն էր ցույց տալիս: 

Ցավոք սրտի, այդ պահին չկարողացա լուսանկարել այս վայրագ տեսարանը` հեռախոսը լիցքավորված չէր: