Դեբոշներն առջևում են, կամ կրկին տրանսպորտի մասին

Իլհամ Ալիևի՝ Նիկոլ Փաշինյանին տված հանձնարարականներից, Արարատ Միրզոյանի՝ արցախցիների ճակատագրի մասին խայտառակ հայտարարություններից և Աննա Հակոբյանի «համարձակ» լուսանկարների հրապարակումից հետո իրական Հայաստանում մի ոչ պակաս իրական սկանդալ է հասունանում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չգիտես որտեղից բերել և ավտոբուսների մեջ ինչ-որ բաներ է տեղադրել, որոնք առնվազն Երևան քաղաքի ծիրին մեջ խոչընդոտում են ուղևորափոխադրության սուրբ գործին: Հասարակ ժողովուրդը, բանից անտեղյակ, այդ բաներն անվանում է «սարքեր», բայց դրանք հիմնականում անսարք են և, ինչպես ասացի, խոչընդոտում են ուղևորափոխադրությանը:
Նշեմ նաև, որ յուրաքանչյուր երկրորդ երևանցու համար այդ բաները դարձել են սթրեսի պատճառ: Մարդը բարձրանում է ավտոբուս, ունի երթևեկության մի քանի տեսակի «տոմս», բայց ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել այդ «սարքի» արգելքը: «Թելսելի» մեկանգամյա կոդը դեմ է տալիս՝ չի ընդունում, երկուանգամյա կոդը դեմ է տալիս՝ չի ընդունում… Վարորդն առաջարկում է վերևից դեմ տալ՝ չի ընդունում, ասում է տակից դեմ տուր՝ էլի չի ընդունում… աջից, ձախից՝ չի ընդունում ու չի ընդունում: Վարորդը նյարդայնանում է՝ այ մարդ, դու բանկային քարտ չունե՞ս: Ունեմ: Դե բանկային քարտով փորձիր… Դեմ է տալիս՝ չի ընդունում: Մի քիչ մոտիկից դեմ տուր… Էն կողմից մի ուրիշ ուղևոր թե՝ տենց բան չանես, անցյալ օրը ես մոտիկից դեմ տվի, 1000 դրամ տարավ քարտիցս… Իսկ ավտոբուսի առջևի դռան մոտ հերթ է գոյանում, որովհետև մի կլորիկ տիկին իր ողջ ֆիզանոմիայով փակել է մուտքն ու այդ բանն այդ կնոջից ոչ մի կերպ վճարումը չի ընդունում:
Քանիցս Երևանի քաղաքապետարանի և անձամբ Տիգրան Ավինյանի ուշադրությունը հրավիրել եմ այն բանի վրա, որ քաղաքային տրանսպորտի միասնական վճարային համակարգը շատ բարդ է և քաղաքացիներից առնվազն մագիստրոսի գիտական աստիճան է պահանջում: Ես նկատի ունեի վճարման «ճկուն» համակարգը, որի շնորհիվ քաղաքապետարանն ու Ավինյանը փորձել են պողոսների և պողոսուհիների աչքից քողարկել երթևեկության արժեքի կտրուկ-թռիչքաձև բարձրացումը:
Քաղաքապետարանն ու Ավինյանը, սակայն, իրենց էն հայտնի կենդանու տեղը դրեցին ու չպատասխանեցին իմ այդ, ըստ էության, պատճառաբանված անհանգստությանը: Այսօր ես արդեն պարզեցի, որ մեր քաղաքացիներին նույնիսկ մագիստրոսի գիտական աստիճանը չի բավարարի Երևանի տրանսպորտից օգտվելու համար և հարկ կլինի նաև երաժշտական կրթություն ունենալ: Այս պահին տարրական երաժշտական կրթությունն էլ կարող է բավարար լինել, բայց փետրվարի 1-ից պետք է կոնսերվատորիայի կարմիր դիպլոմ ունենալ: Հակառակ պարագայում քաղաքացին կարող է QR կոդը այնքան դեմ տալ «սարքին» որ այդ բանը սկսի «պախարոննի» նվագել: «Սարքը» մի քանի տեսակ ձայն է հանում, հետո էկրանին ռուսերեն ինչ-որ բաներ է գրում, իսկ երբ որոշում է ուղևորին ներս չթողնել, սկսում է հետաքրքիր նրբերանգներով «տռտռալ»: Ամենավերջում էլ «ծանր դուդուկն» է միանում՝ քաղաքացուն մատնելով հոգեկան տվայտանքների:
Եվ ուրեմն, շնորհակալություն մեր այն վարորդներին, որոնք ծանր հոգեկան ապրումների մեջ հայտնված քաղաքացուն առաջարկում են «առանց վճարելու» անցնել սալոն և չխանգարել ուղևորահոսքին: Շնորհակալություն մեր այն ուղևորներին, որոնք QR կոդն արագ, ընդամենը մի քանի անգամ վերևից ու ներքևից էդ բանին դեմ տալուց հետո չեն սպասում, որ դուդուկը միանա, ու միանգամից անցնում են սրահ: Խորին շնորհակալություն մեր այն ուղևորներին, որոնք համբերատար սպասում են ոչ միայն կանգառներում, այլև վերջապես ժամանած ավտոբուսի առջևի դռան մոտ, մինչև բախտները բերի և QR կոդ «դեմ տալու» հերթը հասնի իրենց: Անարդար կլինի, կարծում եմ, «չողջունել» և հատուկ շնորհակալություն չհայտնել Երևանի քաղաքապետարանին և անձամբ Ավինյանին, որ ոչ միայն երթևեկության արժեքը եռապատկեցին, այլև այսքան հետաքրքիր դարձրին մեր պողոսների և պողոսուհիների միապաղաղ կյանքը:
Եվ ավարտեմ: Դիմում եմ բոլոր ՔՊ-շնիկներին՝ լսեք, տղաներ և աղջիկներ… Եթե Աստված մի արասցե ձեր ցեղապետին որևէ բան պատահի և հարկ լինի նրան ոտքերն առաջ մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխել, ապա դագաղ պատվիրելու գործը Ավինյանին չհանձնարարեք: Ուղղակի պահանջում եմ՝ Ավինյանին «դավերիա» չանել: Նա կգնա և կպատվիրի ամենաէժան դագաղը՝ էժան լինի, մի քիչ էլ կարճ լինի սկզբունքով: Նա հենց այդ զկզբունքով էլ առաջնորդվել է Երևանի ավտոբուսները «սարքերով» ապահովելիս: Եսիմ որտեղից ինչ-որ բաներ է ճարել ու «հարմար» գներով սաղացրել Երևանի բյուջեի, այն է՝ երևանցիների վրա:
Հ.Գ. Սա, իհարկե, արդեն ուրիշ օպերայից է, բայց այնուամենայնիվ կուզենայի իմանալ՝ պատրա՞ստ են, արդյոք կարմիրբերետավորները փետրվարի 1-ի դեբատներին… ներողություն, դեբոշներին:
Կարծիքներ