Չեմ պատկերացնում, որ, օրինակ, Ավստրիայում լինի ինչ-որ լրատվամիջոց, որտեղ փակցված լինի Սլովակիայի ժամացույցը
Երեկվանից համացանցը քննարկում է Հանրային ռադիոյի լուրերի բաժնում` Անկարայի և Բաքվի ժամացույցները պատից փակցնելու քայլը՝ ռադիոյի նորանշանակ տնօրենի՝ Արմեն Քոլոյանի կողմից: Ժամացույցները նկարել էր Հանրային ռադիոյի երկարամյա լրագրող Ալիսա Գևորգյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Այս թեմայով «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց ԿԳՄՍ նախկին խոսնակ Օֆելյա Կամավոսյանին, ով տևական ժամանակ է Հանրային ռադիոյում հեղինակային հաղորդում է վարում` «Երկրորդ շնչառություն» անունով։
- Օֆելյա, երեկվանից համացանցում լայն քննարկումներ են ծավալվում Հանրային ռադիոյում փակցված ժամացույցների մասին: Ռադիոլուրն այսուհետ փաստորեն առաջնորդվելու է նաև Անկարայի և Բաքվի ժամանակով: Ռադիոյի անձնակազմն ինչպե՞ս արձագանքեց դրան:
- Նախ ուզում եմ շեշտել, որ ռադիոյում ես իմ հեղինակային հաղորդումն եմ միայն ներկայացնում, աշխատում եմ ծառայություններ մատուցելու պայմանագրով: Ես բոլորի անունից խոսելու լիազորություն չունեմ: Գարեգին Խումարյանը շատ տեղին գրառում էր արել` ամեն ինչ ասել էր: Կատարվածը` խայտառակություն է, որևէ ադեկվատ մարդ, անկախ մասնագիտությունից և աշխատավայրից չի կարող հրճվել և դրական էմոցիայով արձագանքել այդ ամենին:
- Եթե պատերազմից առաջ լիներ, գուցե ինչ-որ կերպ ընկալելի և նորմալ լիներ դա, բայց այսօր, երբ Ալիևն ասում է, որ Երևանն Արևմտյան Ադրբեջան է, իսկ Արմեն Քոլոյանը Անկարայի և Բաքվի ժամացույցն է ռադիոյում փակցնում․․․
- Ոչ մի դեպքում էլ դա նորմալ չէր կարող լինել, ինչո՞ւ, որովհետև մենք տվյալ երկրների հետ լրիվ նույն ժամային գոտում ենք գտնվում: Ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Ավստրիայում լինի ինչ-որ լրատվամիջոց, որտեղ փակցված լինի Սլովակիայի ժամացույցը: Սա ոչ մի բացատրություն չունի: Սա խայտառակություն է: Անգամ այս մասին խոսելը համարում եմ ավելորդ: Ալիս Գևորգյանը կորցրել է իր ամենաթանկը, էլ ի՞նչ կարող են անել նրան ցավեցնելու համար, սա կարծում եմ՝ շատ փոքր բան է նրա կորստի մոտ: Երեկ ասացի` կարող եմ ինքս պոկել այդ ժամացույցը, կոլեգաներս արձագանքեցին այնպես, որ բոլորն էլ պատրաստ են նույն բանն անելու, բայց….
- Իսկ ի՞նչն է խանգարում, որ պոկեն ու նետեն աղբամանը:
- Գարեգինն էլ բացատրեց՝ չեն արել, որովհետև այդ թիմում աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ, չեն ցանկանում տրվել էմոցիաներին:
- Բայց նույն Ալիսա Գևորգյանը, առավել քան մյուսներն, ուներ այդ իրավունքը:
- Ես իրավունք չեմ վերապահի ինձ զոհվածների ծնողներին քննարկելու: Այն մարդիկ, ովքեր իրենց զավակներին տվել են հայրենիքին, իրենք ինձ համար անքննարկելի են` իրենց բոլոր արարքներով հանդերձ: Երբեմն ասում են` ինչու են զոհվածների ծնողները վարչապետի կնոջ հետ հանդիպում, ժպտում նրան, ես անգամ այդ քննադատությունները չեմ ընդունում: Այդ մարդկանց պետք է միայն ասել` ներողություն և շնորհակալություն: Ես նրանց ասելու ոչինչ չունեմ: Այնպես որ ես միայն իմ փոխարեն եմ խոսում: Վստահ եմ բոլորն էլ կարող են պոկել այդ ժամացույցը, բայց էներգիա ծախսել պետք չէ:
- Ստացվում է, որ նորանշանակ տնօրենը հաշվի չի առնում մի ամբողջ հսկա կոլեկտիվի կարծիքը։ Իսկ մթնոլորտը ռադիոյում ինչպիսի՞ն է այսօր: Ի՞նչ է արել նորանշանակ տնօրենն այս ընթացքում՝ միայն Բաքվի ու Անկարայի ժամացույցներն են կախել, թե՞ ինչ-որ հաղորդումներ կրճատվել են կամ բացվել:
- Մենք ապրում ենք դժվար օրեր: Ես բացառապես կենտրոնանում եմ իմ աշխատանքի վրա, մի քանի անգամ ավելի պրոդուկտիվ եմ աշխատում, որ չխելագարվեմ: Այնտեղ, որտեղ կա իմ կարծիքը, ես իմ արժեքներին մնում եմ հավատարիմ: Ես չեմ զրուցում, չեմ քննարկում այդ մասին, դա անօգուտ է: Դրանք ջլատող քննարկումներ են: Պրոֆեսիոնալիզմը ենթադրում է, որ անկախ քաղաքական հայացքներից, ներկա և նախկինից, անկախ զգացմունքներից դու պետք է կարողանաս աշխատանքդ անել պրոֆեսիոնալ: Նախարարությունում ևս աշխատել եմ ու այն կարծիքին եմ եղել, որ դա խանութ չէ ու չի կարելի սիրել-չսիրելով առաջնորդվել: Զգացմունքներն էական չեն: Այն օրը, երբ բոլորը մեր երկրում կաշխատեն պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով, այդ օրը մենք կփրկվենք: Ես չեմ սիրել նախկին նախարար Վահրամ Դումանյանին, բայց երբեք նրա ցցված մազերը չեմ հրապարակել` առաջին էջերում, ինչպես արել է իր ընկեր Գեղամ Մելիքբեկյանը: Ես տարբեր տեղերում եմ աշխատել, բայց ռադիոն ուրիշ աշխարհ է, ուրիշ աուրա ունի: Այս ամենը ռադիոյին պետք չէ, սրանք մութ օրեր են, որոնք անպայման անցնելու են: Ամեն մարդ պետք է ապրի իր անունի համար, դա ամենաթանկ բանն է:
Կարծիքներ