Մոռանալ Լեւոն-Տեր Պետրոսյանին

Մոռանալ Լեւոն-Տեր Պետրոսյանին

Առաջին նախագահը բարձր ինտելեկտուալ, խոր անձնավորություն է: Նորագույն երեսնամյա քաղաքական պատմության մեջ նա բացառիկ, արտասովոր երևույթ է, ֆենոմեն: Այո, անկախ Հայաստանի սկզբնավորման շրջանում անուրանալի է նրա դերը՝ պետության կայացման տեսակետից: Նրա հավասարակշռված դատողությունները, արժանապատիվ դիվանագիտական նուրբ «ձեռագործությունը» (բնորոշումը՝ Սովետական Միության դեսպան Քոլոնթայի) հիացմունքից ու հպարտությունից (պետության այդպիսի առաջնորդ ունենալու համար) բացի որևէ այլ զգացողություն չէին կարող առաջացնել, նրա պաշտոնավարման վաղ շրջանում…
Հետո, հետո, թվում է, թե տեղի ունեցավ արմատական փոփոխություն նրա մտածելակերպում՝ ոչ հայամետ, ոչ պետականամետ: 1998 թվականից ի վեր, նրա դիրքորոշումը կարող է բնութագրվել երկու բառով. նվաստացուցիչ պացիֆիզմ:

Այժմ, պետության այս օրհասական ժամանակահատվածում, այնուամենայնիվ, մարդկանց հայացքներն ուղղվեցին նրան, որին ժողովուրդն այդպես էլ չսիրեց, չընդունեց, ինչպես որ երկրորդ և երրորդ նախագահներին, որոնց, տարբեր դրդապատճառներով այդ նույն ժողովուրդը նույնպես չի ընդունում (ժողովուրդը, ըստ էության, ինքն իրեն էլ չի սիրում ու չի հարգում): Բայց, վերջին երկուսը, գոնե, իրենց հրապարակային խոսքում զերծ են մնում դառը, հուսալքող, իբր «ճշմարտություններ» ասելուց: Վերջին երկու նախագահների վերջին տարիների հայտարարություններից հնարավոր չէ եզրակացնել, որ Վեհափառի նախաձեռնությամբ կայացած «խորհդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը ու ընդդիմության և իշխանության միջև երկխոսության սկզբնավորումը», ինչի մասին հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե այդ խորհրդակցությունից հետո ոչինչ չի փոխվել երկրորդ և երրորդ նախագահների դիրքորոշման մեջ, ապա առաջին նախագահի այս հայտարարությունը մթագնում է հեռուստաեթերում արած նրա ավելի դաժան դատողությունները:

Երկխոսություն: Ստացվում է, որ самый крутой среди армян, это Никол Пашинян? Չէ որ նա չգնաց երկխոսության, երբ երկրի «մարմինն ու հոգին», պատկերավոր ասած դեռ չէին խոշտանգվել, անարգվել ու անդամահատվել:

Հետևաբար, առաջին նախագահի կյանքի կրեդոն այլևս (իրականում՝ 1998 թվականից ի վեր) անհամատեղելի է հայոց պետական շահի հետ: Նրան պետք է մոռանալ վերջնականապես: Եվ եթե Վեհափառը, երկրորդ և երրորդ նախագահները վճռական են տրամադրված, ապա պետք է շարունակել խորհրդակցությունները 1+2 ձևաչափով: 

Գագիկ Վարդանյան