Վկաները ծանուցում ստանում են, ու դատարան չեն ներկայանում. Հովսեփ Սարգսյան

Վկաները ծանուցում ստանում են, ու դատարան չեն ներկայանում. Հովսեփ Սարգսյան

Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կշարունակվի քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Մեխակ Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Մեխակ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու մասին միջնորդությունը դատարանը մերժել էր: Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին, ժամը 12.20-ի սահմաններում սպանել է համագյուղացի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանին:

Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատական նիստերին վկաները չեն ներկայանում, որն էլ հետաձգում է դատավարությունը.   «Քանի կար դատավարական կարգից ելնելով էր դատավարությունը հետաձգվում, հիմա էլ՝ այլ խնդիր կա: Վկաները բոլորը Նորատուսից են, շատերը ծանուցումները ստանում են, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով  չեն ներկայանում դատարան, վկաներին դատարան բերման են ենթարկում: Մեխակ Հարությունյանի հորեղբայրը, ով Նորատուսի գյուղապետն է, վկայի կարգավիճակում է: Եկավ դատարան, նիստը հետաձգվեց,  քանի որ նա էլ՝  իր հերթին փաստաբան ուզեց»: Ըստ Սարգսյանի՝ մի քանի լրատվամիջոցներ եւ անձինք էլ՝ որոշ դեպքերը կապում են այս գործի հետ, փորձելով պաշտպանել Մեխակ Հարությունյանին. «Պետք լինի, ես կհրապարակեմ  այն ծախու լրատվամիջոցների անունները, որոնք գումարով փորձում են ամեն բան կապել այս գործ հետ: Ալիկ Բանդուրյանը  իմ իրավահաջորդի՝ Անդրանիկ Հակոբյանի քրոջ տղան ա: Նա ոչ մի կապ չունի այս գործի հետ, բայց չգիտես ինչու բերում կապում են գործի հետ:  Ամիսներ առաջ Մեխակ Հարությունյանի քեռին սպանվեց, լրատվամիջոցները գրեցին, որ  վենդետա է, վրեժ են լուծում: 

էդ գործով քննություն է գնում: Թող ամեն մեկն իր գործն անի, ֆեյսբուքն ու կեղծ ֆեյքերն են արդեն որոշում,  ո՞վ ում հետ կապ ունի, ո՞վ ա մեղավոր, ո՞վ արդար»: 

Մեխակ Հարությունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ ասաց, որ  քրեական գործն այս պահին գտնվում է դատական փուլում, գործի ողջամտության ժամկետի առումով էլ  այն երկարատեւ, եւ չի համապատասխանում ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքին.

«Գործի քննությանը  խոչընդոտ  կհանդիսանա այն, երբ  մեղադրողի ու տուժողի  իրավահաջորդի ներկայացուցիչները դատական նիստին չեն գալիս, վկաների չգալը կարող է լինի խոչընդոտ, բայց երբ վկան գալիս է, եւ ցանկանում է փաստաբան ունենալ, դա իր իրավունքն է»:  

Մեր այն հարցին՝ արդյո՞ք  Մեխակ Հարությունյանի քեռու սպանությունը եւ Ալիկ Բանդուրյանի ձերբակալումը որեւէ կապ ունի այս գործի հետ, Սիմոնյանը պատասխանեց. «Ես ոչ մի տվյալ չունեմ, այդ գործերից տեղեկություն չունեմ, այդ մասին ինչ տեղեկություն ունեմ, դա լրատվամիջոցներից տրամադրվածն է»: