Ինչի մասին են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը․ առաջիկա շաբաթները կարող են լինել չափազանց հետաքրքիր

Ինչի մասին են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը․ առաջիկա շաբաթները կարող են լինել չափազանց հետաքրքիր

Սոչիում նախօրեին տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսական մամուլում տարածված կարծիքներից մեկի համաձայն, Ռուսաստանի նախագահի կոշիկները նոր էին, հավանաբար, ոտքերը սեղմում էին, եւ նա հանդիպման գոնե այն հատվածում, որին թույլատրվում են լրագրողների մասնակցությունն ու նկարահանում անելը, բավական անհանգիստ էր ու լարված եւ ոտքերն ասես չէր կարողանում հանգիստ դնել։ Իսկ, ընդհանուր առմամբ, երեք ժամ տեւած հանդիպումը կարելի է որակել որպես «առանց սենսացիոն արդյունքների» հանդիպում՝ զերծ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին շրջանին հատուկ առանձնակի ջերմությունից։

Եթե մի փոքր դավադրապաշտորեն նայենք, ապա կարելի է, օրինակ, եզրակացնել, որ Պուտինի՝ նոր կոշիկներով Էրդողանի հետ հանդիպման գալն ու ամենայն հավանականությամբ ոտքերը սեղմելու պատճառով ցուցաբերած անհանգստությունը ցույց են տալիս, որ օրակարգային հարցերի առնչությամբ արդեն եղած ուղիները Պուտինին անհարմարություն են պատճառում, եւ նա որոշել է գնալ որոշ փոփոխությունների կամ թարմացումների։

Ուշագրավ էր այն, որ հանդիպումից հետո ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, թե թուրքական եւ թուրքամետ զորախմբերը սիրիական Իդլիբում սկսել են նահանջել։ Թե որքանով են այս լուրերը հաստատված կամ «արտահոսք» են, կամ, ինչպես մեդիա միջավայրում է ընդունված ասել` «утка», կերեւա առաջիկայում, սակայն ամեն ինչի մասին` ավելի մանրամասն։ Նախ ֆիքսենք, որ վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին անցյալ տարվա մարտին։ Երկրորդ. սա Պուտինի՝ վերջին կարանտինից հետո առաջին դեմառդեմ հանդիպումն էր։ Անցյալ տարվա մարտից հետո երկու նախագահների շփումը եղել է հիմնականում հեռախոսային խոսակցությունների ֆորմատով։ Եթե անդրադառնանք ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, ապա այն կարելի է անվանել «շվեդական սեղանի դաշնակցային հարաբերություններ»՝ իրեն հատուկ հիմնական գծերով, որոնք են՝ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները, Մերձավոր Արեւելքի (հատկապես՝ Սիրիայի) խնդիրը, Հյուսիսային Աֆրիկան եւ Հարավային Կովկասը։

Հանդիպումը Պուտինը կարծես թե գնահատել է բովանդակային առումով տարողունակ, Էրդողանը՝ արդյունավետ եւ կառուցողական։ Դատելով Պուտինի եւ Էրդողանի՝ հանդիպման սկզբում արտահայտած մտքերից, կարելի է եզրակացնել, որ երկու նախագահներն ունեն պատրաստակամություն` հանգելու փոխզիջման, թեեւ բանակցությունների ընթացքը կարող է եւ դժվարին լինել։ Ընդ որում, ինչը հատկապես կարեւոր է, կողմերը պատրաստ են խոսել այնքան, մինչեւ հասնեն ցանկալի նպատակին, որից հետո այս կամ այն հարցի առնչությամբ փոխվում է տեսակետը։ Բացի այդ, կարելի է ասել, որ նախագահների զրույցը եղել է ողջամտության սահմաններում, օգտակարություն է ունեցել եւ հնարավորություն ընձեռել կոնկրետ խնդրի կամ խնդիրների առնչությամբ լուծումներ գտնելու համար։ Այս ամենը նկատի ունենալով, կարելի է ասել, որ ինչ-որ հարցերի հետ կապված` կողմերը պայմանավորվել են։ Սակայն կոնկրետ ո՞ր հարցերի՝ սիրիական, ղարաբաղյան, լիբիական խնդիրների՞, թուրք-ուկրաինական, հայ-թուրքական հարաբերությունների՞։ Ուշագրավ է հատկապես այն, որ եթե այս ուղղություններն իրար կողք դնենք, ապա կարելի է ասել, որ լիովին հնարավոր է, որ բոլոր հարցերում էլ հնարավոր եղած լինի հասնել փոխզիջման, քանի որ, եթե, օրինակ, թուրք-ուկրաինական հարաբերությունները ցավոտ են Մոսկվայի համար, ապա հայ-թուրքական հարաբերությունները՝ Անկարայի համար՝ թուրք-ամերիկյան առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող հարաբերություններում վերջինիս՝ որպես խաղաքարտ օգտագործման հավանականությունը հաշվի առնելով։ Ամեն դեպքում, կարող ենք վստահաբար ասել, որ առաջիկա շաբաթներին տեղեկատվական հոսքերով եւ գործողություններով հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել Պուտինն ու Էրդողանը, որոնք կարող են այս կամ այն կերպ առնչվել մեզ։

Կարեն Ենգիբարյան