Կատեստավորվեն նաեւ մարզիչները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձրաձայնում է՝ մի շարք մարզաձեւերում վերաորակավորված մասնագետների անհրաժեշտություն կա, ապա հույս հայտնում, որ կամավոր ատեստավորումը կնպաստի նաեւ այս բացի լրացմանը: «Ավելորդ է ասել, թե որքան կարեւոր է առողջ սերունդ կրթելու անհրաժեշտությունը: Ավելի լավ է կառուցենք շատ մարզադպրոցներ, քան հետագայում՝ հիվանդանոցներ, իսկ մարզադպրոցներն առանց մարզիչների չեն լինում: Հենակետային մարզաձեւերում այսօր մարզիչների խնդիր չունենք, բաց շատ մարզաձեւերում վերաորակավորված մասնագետների կարիք ունենք: Ատեստավորման գործընթացը շատ կարեւոր է նաեւ մեզ համար՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրում: Մարզիչներն էլ հավելավճար կստանան եւ կբարելավեն իրենց կյանքի որակը»,- նկատում է Կ․ Գիլոյանը։
Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորման արդյունքում մարզիչների աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի։ «Արդեն իսկ շատ զանգեր ենք ստանում ու գիտենք՝ մարզիչ-մանկավարժները շատ հետաքրքրված են: Հրապարակվել է ատեստավորման քննության թեստի լրացման ուղեցույցը, որում ներկայացված է թե՛ թեստի կառուցվածքը, թե՛ բովանդակությունը, թե՛ գրականության ցանկը, որից պետք է օգտվել՝ թեստերին պատրաստվելիս: Սպորտի ընդհանուր տեսություն, ընտրած մարզաձեւի տեսություն եւ պրակտիկա, սպորտի մանկավարժություն, սպորտի հոգեբանություն եւ բժշկակենսաբանական հիմունքներ. սրանք այն կարեւոր բաղադրիչներն են, որոնց մարզիչը պետք է տիրապետի: Ստացվել է այնպես, որ մարզիչները երբեմն ստվերում են մնում, հաջողության ժամանակ ավելի շատ մարզիկների անունն է հոլովվում, բայց մարզիչները հսկայական աշխատանք են իրականացնում, իսկ մարզչի աշխատանքն արդյունավետ է, եթե նա լավ, կիրթ մարզիչ է, տիրապետում է այս բոլոր մեխանիզմներին»,- ընդգծում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ մարզիչներին հորդորելով մասնակցել կամավոր ատեստավորմանը:
Հիշեցնենք, որ 2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ պետական եւ համայնքային մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը: Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Կարծիքներ