Որքան է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցել է 12 միլիարդ դոլարը։ Այս մասին նախօրեին Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Մեկ ամսում մեկ միլիարդ դոլար առեւտրաշրջանառությունը ունենալը աննախադեպ տեմպ է – արձանագրել է նախարար Լավրովը, նշելով, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար որպես առանցքային առեւտրային գործընկեր։ Նա նաեւ ասել է, որ ռուսական ընկերությունները առաջին հորիզոնականներում են գտնվում Հայաստանի պետական բյուջե կատարած իրենց հարկային վճարումներով եւ ամենախոշոր գործատուների շարքում են։
Ընդ որում, ռուսական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանում ընդլայնմամբ։ ՌԴ ԱԳ նախարարը նաեւ ասել է, որ Մոսկվան գնահատում է Հայաստանի ղեկավարության՝ ռուսական բիզնեսի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Նրա խոսքով, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը դրականորեն է ազդում առեւտրաշրջանառության ծավալների աճի վրա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնաքարերից մեկը, կարեւոր գործոն կայուն տնտեսական զարգացման համար՝ ներկայիս միջազգային դրության անկայունության ու տուրբուլենտության պայմաններում։
Կարծիքներ