Դատախազը Երեւանում հասարակաց տուն ունի՞

Դատախազը Երեւանում հասարակաց տուն ունի՞

«Հրապարակ»-ի խմբագրությունը սկանդալային նամակ է ստացել, որտեղ ասվում է, որ Տիգրան Պետրոսյան 39/5 հասցեում գտնվող հյուրանոցը ավելի շուտ ծառայում է որպես հասարակաց տուն։ Ըստ նամակագրի, այդ կառույցը պատկանում է Մալաթիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանին եւ եղբորը, որն էլ իր հերթին աշխատում է ոստիկանության 6-րդ վարչությունում։ Ավելին՝ նրանք եւս մեկ հյուրանոց են կառուցում «Տաշիր» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ։

«Այստեղ սպասարկվում են քաղաքի մարմնավաճառները, որոնք հիմնական հաճախորդ են համարվում, այստեղ են այցելում թմրամոլներ եւ հանցավոր տարրեր։ Բացակայում են տարրական հիգիենիկ պայմանները, իսկ ՀԴՄ սարքի կամ կտրոնի տրամադրման մասին խոսք չկա․․․ Նշված հյուրանոցն աշխատացնում եւ այդտեղ էլ բնակվում է Լուսինե Ի․ անուն-ազգանունով անձը , որը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Արսեն Կոստանդյանը լավ գիտի այս մասին եւ շահագործելով այս հանգամանքը՝ պահում է այստեղ, ապրելու դիմաց աշխատացնում։ Լուսինեն ստիպված դուրս է գալիս մարմնավաճառության: Համացանցի միջոցով իբրեւ մերսուհի է ներկայանում, սակայն սեռական ծառայություններ է մատուցում՝ իր հաճախորդներին բերելով հյուրանոց։ Լուսինեն է հիմնականում զբաղվում սենյակներ տրամադրելով եւ հաճախորդ- մարմնավաճառներ բերելով, նա մի քանի տարի աշխատել է «Էլլա» գիշերային ակումբում։ Նրա անչափաս երեխաներն էլ են աշխատում այդ հյուրանոցում»,-նշված է նամակում։ 

Կապ հաստատեցինք այս «հյուրանոցի» մենեջերի հետ, նա նախ հաստատեց, որ հաստատությունը պատկանում է Կոստանդյանին, իսկ երբ ներկայացանք որպես լրագրող, սկսեցինք այլ հարցեր տալ՝ ասաց, որ այն կիսակառույց շենք է, չի շահագործվում, ապա նշեց՝ մեզ հետ կկապվի իր իրավաբանը։ Ավելի ուշ զանգահարեց Սամվել Հովհաննիսյան անուն-ազգանունով անձը, ներկայացավ որպես տնօրեն։ Նա արդեն կտրականապես հերքեց «հյուրանոցի» եւ Կոստանդյանների կապը․

«Չենք ճանաչում Արսեն Կոստանդյանին եւ նրա եղբորը։ Տեսաձայնագրող սարքերն էլ դրված են, եկեք, ստուգեք, եթե նման բան կա, մենք էլ ձեր հետ միասին այդ գործին ընթացք տանք։ Մենք օրինական աշխատում ենք։ Ես վարձակալել եմ, փաստացի ծառայում է որպես վարձով բնակարաններ, օրինական գրանցված է, ՀԴՄ ունի, բանկային հաշիվներ ունի, բոլոր օրինական գործառույթներն արված ա։ Դրա մի մասն ա մերը, մի մասը՝ մերը չի։ Մեր բոլոր սենյակները կահավորված ա խոհանոցով եւ աման-չամաններով, ձեր ասած հանդիպումները մեր մոտ անցկացնելը ոչ նպատակային կլինի, չհարմարավետ»։ Հարցին՝ վարձն օրակա՞ն են վճարում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ, տարեկան։ Իսկ թե տարեկան ինչքա՞ն արժի, տնօրենն ասաց, որ չգիտի, ապա ասաց՝ չենք ասում։ 

Այսօր էլ զանգահարեցինք տվյալ կեցավայր, ներկայացանք որպես հաճախորդ, եւ ի տարբերություն տնօրենի, հեռախոսազանգին պատասխանած անձն ասաց, որ օրավարձով սենյակներ տրամադրվում են, մինիմումը՝ 2 օրով․

«Երկու հոգու համար 2 օրով, արժի 16 հազար դրամ։ Օրավարձով տենց տալիս ենք, կա երկարաժամկետ ու կա օրավարձով։ Նորմալ, մաքուր վիճակ ա, կարաք գաք, նայեք։ Այս պահին մի հատ ազատ կա»։ 

Խոսեցինք նաեւ Արսեն Կոստանդյանի հետ, նա ասաց, որ կապ չունեն այդ ամենի հետ եւ իրենց համար ամոթ է հասարակաց տուն ունենալը․ «Ես բնակվում են Ավան Առինջ թաղամասում, աշխատում եմ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում՝ որպես դատախազի տեղակալ։ Առավոտ 08։30 լինում եմ աշխատանքի վայրում, իսկ 20։00-ին գնում եմ տուն, որը կարա հաստատվի տարբեր ձեւերով։ Հասարակաց տուն պահելն ես համարում եմ աշխարհի ամենաամոթալի բանը, ինձ վայել չի ու իմ ընտանիքին»։ Նա հաստատեց, որ եղբայրն աշխատում է 6-րդ վարչությունում։ 

Գլխավոր դատախազությունից էլ հայտնեցին՝ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում։