Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությանը՝ նշելով, որ այն ուղղված չէր եկեղեցուն, այլ հենց Հայաստանի Հանրապետության հասցեին։
Փաշինյանի խոսքով՝ փորձում էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր որևէ մեկը կարող է դրսից գալ Հայաստան, գործել իր պայմաններով և պարտադրել իր կամքը։ Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ միջոցները նման վարքագծին պատասխանելու համար։
«Ես երբեք չեմ հանդուրժի, որ որևէ մեկը փորձի սպառնալ Հայաստանին կամ վիրավորական տոնով խոսել մեր երկրի հասցեին։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի կարծիք հայտնելու և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք։ Բայց Հայաստանի անվտանգությանը կամ հեղինակությանը սպառնալ թույլ չի տրվելու»,- հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը նաև ընդգծեց, որ նման դեպքերում պատրաստ է դիմել «ամենակոշտ և ամենակոպիտ միջոցներին», եթե անհրաժեշտություն առաջանա պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և անվտանգությունը։
Մեր հարցին՝ արդյոք բռնել տվեց Կարապետյանին, որ մյուսների վախը բռնի ու իշխանության դեմ որեւէ մեկը չհանդգնի խոսել, Փաշինյանն անպատասխան թողեց՝ ասելով, որ հարցին արդեն պատասխանել է։