Շարունակում է չգիտակցել՝ որտեղ է գտնվում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է հանդես գալ սադրիչ պահվածքով և չի գիտակցում իր պաշտոնի նշանակությունն ու պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է իշխող ուժի մեկ այլ ներկայացուցչին՝ Վահե Ղալումյանին, Սաղաթելյանը շեշտել է, որ չի հասկանում նրա ակտիվ ներգրավվածությունը, բացի այն փաստից, որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկն է։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ իշխանությունների լարված պահվածքը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրերին իրականացվող մանիպուլյատիվ քաղաքականությամբ, որն ըստ նրա՝ ուղեկցվում է ցեղասպանության ժխտմամբ։ Սաղաթելյանը հավելել է, որ Դաշնակցությունը մշտապես եղել է նման մոտեցումների գաղափարական հակակշիռը։
Նրա խոսքով, Դաշնակցության դեմ հարձակումներն անակնկալ չեն, քանի որ այն ազգային արժեքների կրող ուժ է, և իշխանությունների այս պահվածքը նույնատիպ արձագանքներ է, որոնք հնչում են Հայաստանի թշնամիների կողմից։ Նա համոզմունք է հայտնել, որ հենց Դաշնակցությունն է ներկայում ամենաուժեղ և ընդլայնված ազգային շարժումը, որի դեմ գործողությունները՝ ըստ Սաղաթելյանի, միտված են ազգային ինքնության թուլացմանը։
Կարծիքներ