Ազգային բժշկական պալատը վարչապետին առաջարկում է բժիշկներին ևս ներառել ցանկում 

Ազգային բժշկական պալատը վարչապետին առաջարկում է բժիշկներին ևս ներառել ցանկում 

Ազգային բժշկական պալատը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նամակում մասնավորապես ասվում է․

«2020 թվականի մարտ ամսից մեր երկրի առողջապահական համակարգն իր ուսերին է վերցրել նոր կորոնավիրուսային վարակի պատճառով ստեղծված համաճարակային միջոցառումների կանխարգելման, հազարավոր քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակով վարակված անձանց հիվանդանոցային բուժման ու խնամքի իրականացումը։ Վստահ ենք, որ ՀՀ կառավարությունը, պարետատունն ու առողջապահության նախարարությունը բարձր են գնահատում ավելի քան 5 ամիս նոր կորոնավիրուսային վարակով վարակված անձանց և նրանց կոնտակտավորներին՝ բուժաշխատողների կողմից ցուցաբերած աշխատանքը։ Ցավոք այդ պատասխանատու աշխատանքի ժամանակ շատ բուժաշխատողներ իրենք են վարակվել կորոնավիրուսով, եղել են նաև ցավալի դեպքեր, երբ առաջնագծում պայքարող բուժաշխատողները մասնագիտական պարտքը կատարելիս վարակվել և մահացել են նույն այդ վարակից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդանոցային օղակում և մեկուսարաններում աշխատող բուժաշխատողները՝ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր ու կամավորները չունեն պետության միջոցների հաշվին բուժվելու որևէ արտնություն կամ բժշկական ապահովագրություն, ապա առաջարկում ենք ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 1-ում ներառել նաև նոր կորոնավիրուսային վարակի դեմ տարվող պայքարին մասնակցած բուժաշխատողներին։

Վստահ ենք, որ նման ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության լավագույն գնահատանքն ու երախտիքի խոսքը կլինեն՝ մեր բուժաշատողների կողմից իրականացված հայրենանվեր և անգնահատելի աշխատանքին։
Հարգանքով՝ Ազգային Բժշկական Պալատի գործադիր մարմին»

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 1-ը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանն և սպասարկմանը։