Քայլ արա՝ խաբիր մարդկանց

Քայլ արա՝ խաբիր մարդկանց

Ստիպված եմ նորից խոսել կեղծիքի, խաբեության այն նոր ալիքի մասին, որ առաջիկա ընտրությունների ժամանակ սպասվում է: 

Համամասնական ընտրակարգով կազմավորվող ժողովրդավարական պետության հիմնական բնութագրիչ կողմն այն է, որ ժողովուրդն իր իշխանությունը իրագործում է հետեւյալ գործիքակազմով՝ պահանջում է, որ իշխանության հավակնող կուսակցությունները, դաշինքներն ընտրությունների ժամանակ ընտրողներին ներկայացնեն առաջիկա ժամանակահատվածի համար նախատեսված իրենց նախընտրական ծրագրերը՝ խոստանալով, որ հաղթելու դեպքում կիրականացնեն այն, ինչն այդ ծրագրերով ամրագրված է: Իսկ ընտրողներն ընդամենը գնահատում են, թե ներկայացված ծրագրերից որն է լավը, եւ որքանով տվյալ քաղաքական ուժը կկարողանա իրագործել իր խոստումները:

Բնական է, որ բոլոր այն դեպքերում, երբ, օգտվելով զանգվածային ապակողմնորոշման արդի հնարավորություններից, գնահատողների միամտությունից՝ չհիմնավորված, չմշակված, միտումնավոր, առանց ճանապարհային հստակ քարտեզ ներկայացնելու, միայն սին խոստումներ տալով խաբում, չարաշահում են ընտրողների վստահությունը եւ այդ ճանապարհով իշխանություն են ստանում, դա արդեն խմբակային կանխամտածված խարդախություն է եւ, ըստ էության, ժողովրդավարության դեմ ամենածանր հանցագործությունը: 

Եվ շատ ցավալի է, որ չնայած ընտրակաշառքի, լցոնումների, ուրիշի փոխարեն ընտրելու մասին մեր Քրեական օրենսգրքում լուրջ հոդվածներ կան, սակայն վերը նշված խարդախության դեմ, երբ նույնիսկ դա ակնհայտ է դարձել, մեզանում որեւէ պատիժ սահմանված չէ: Իհարկե, մեղավոր են նաեւ հեշտությամբ խաբվող մեր «արժանապատիվ, հպարտ» քաղաքացիները եւ առաջին հերթին՝ այն ծանծաղամիտ «դուխովները», որ մինչեւ հիմա «Նիկոլ, Նիկոլ» են ասում: Իրոք ցավալի է, որ մեզանում շատերի մոտ մտածելու, վերլուծելու, քննելու լուրջ պակաս կա: Բայց, ինչ արած, բոլոր երկրներում էլ դա լինում է:

Թե որքան վտանգավոր է, երբ նման ճանապարհով իշխանության են գալիս պատասխանատվության զգացում չունեցող, ինքնահավան, մեծամիտ սրիկաները, պարզ երեւում է այսօրվա մեր օրինակով: «Հրապարակ» թերթում տպագրված՝ նախընտրական ծրագրերի կարեւորության մասին իմ նախորդ հոդվածում ես անդրադարձել էի այդ հարցին: Այստեղ ուզում եմ կրկնել, որ «Իմ քայլը» դաշինքի 2018թ. նախընտրական ծրագրով նրանք խոստացել էին նաեւ ամեն գնով բանակն ուժեղացնել, պատերազմը կանխել: Սակայն իրականում արեցին լրիվ հակառակը, որի պատճառով հազարավոր երիտասարդներ զոհվեցին, տարածքային, նյութական ահավոր կորուստներ ունեցանք:

Մարդիկ սխալների վրա են ուղղվում: Կշեռքի նժարին այժմ արդեն մեր լինել-չլինելու հարցն է դրված: Եվ շատ կարեւոր է, որ եթե առաջիկայում արտահերթ ընտրություններ լինեն, մեր ընտրողներն այս անգամ գոնե թույլ չտան, որ իրենց նորից եւ այդքան հեշտությամբ խաբեն: Մենք դեռ վաղուց խնդիր էինք դրել, որ համամասնական ընտրությունների ժամանակ օրենքով սահմանվի, թե ինչ պահանջների պետք է բավարարեն կուսակցությունների, դաշինքների 5 տարվա համար նախատեսված նախընտրական ծրագրերը: Որ այն պետք է տարեկան կտրվածքով լինի, ըստ ոլորտների՝ չափելի, ստուգվող ցուցանիշներով: Տարի առ տարի պետք է ներկայացվեն այն պարտավորությունները, որոնք քաղաքական ուժերն իրենց վրա են վերցնում, պարտավորվում, որ կկատարեն: Յուրաքանչյուր տարվա համար, յուրաքանչյուր խնդրով պետք է սահմանված լինի այն ներքին շեմը, որից պակաս արդյունք գրանցվելու դեպքում արձանագրվում է, որ պարտավորությունը չի կատարվել, եւ դրա համար պատասխանատվություն է սահմանվում:

Դեռ Սահմանադրության նախորդ փոփոխման ժամանակ մենք առաջարկել էինք, որ ՀՀ նախագահին պետք է նաեւ լիազորություն տրվի՝ Ազգային ժողովը ցրել, արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե կառավարություն կազմող ուժը 2 տարի շարունակ չի կարողանում կատարել իր նախընտրական հիմնական պարտավորությունները: Սակայն, հասկանալի պատճառներով, ե՛ւ այն ժամանակվա իշխանություններին, ե՛ւ այս նորերին դա ձեռք չէր տալիս, եւ մեր այդ կարեւոր առաջարկն այդպես էլ չընդունվեց:

Ակնհայտ է, որ նիկոլականները եւ ոչ միայն նրանք, այս արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե այն կայանա, նորից փորձելու են առանց որոշակի պարտավորություններ վերցնելու, անորոշ, անհիմն, դատարկ խոստումներ տալով՝ միամտացնել, խաբել ընտրողներին: Եվ իրականում, մի կողմ դնելով այն, ինչ պարտավորվել էին, եւս 5 տարի կառավարել այս երկիրը լոկ իրենց քմահաճույքներով, ինչպես ուզում են: Խայտառակ այս պարտությունից, այս ահավոր կորուստներից հետո եթե այս անգամ էլ դա նրանց հաջողվի, արդեն վերջնական կործանման սկիզբը կդառնա: Կարծում եմ՝ ամեն գնով պետք է դրան հակազդել:

Իհարկե, լավագույն լուծումը կլինի այն, որ ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որն իր վրա պարտավորություն կվերցնի՝ կազմակերպել Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի վերը նշված պահանջներին բավարարող բարեփոխումները, եւ որից հետո նոր կնշանակվեն արտահերթ ընտրություններ: 

Սակայն եթե նիկոլականները, իրենց իշխանական լծակներից օգտվելով, այնուամենայնիվ, ընտրություններ անցկացնեն, հակազդման միակ միջոցը կմնա միայն այն, որ ընտրողներն ամենուր պահանջեն, պայման դնեն ընտրություններին մասնակցող ուժերի առաջ, որ իրենք իրենց նախընտրական ծրագրերը կազմեն վերը նշված պայմանների պահանջով: Հստակ ձեւով ամրագրեն, որ եթե ընտրություններից հետո հաջորդ տարվա իրենց ստանձնած պարտավորությունները չեն կարողացել կատարել, ապա հրաժարական կտան, կգնան նոր ընտրությունների: Իսկ եթե դա չանեն, ապա, նախնական պայմանավորվածության համաձայն, ընտրողները նրանց ձայն չեն տա: 

Իհարկե, շատ դժվար է այնպես կազմակերպել, որ ձայնի իրավունք ունեցող մեր հայրենակիցները զանգվածաբար այդ մոտեցմամբ ղեկավարվեն, բայց կշեռքի նժարին մեր լինել-չլինելու հարցն է դրված, եւ ես հույս ունեմ, որ շատ-շատերը կօգնեն, որ այն կազմակերպվի:

Արշակ Սադոյան