ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր: ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր ԲՈՒՀ-երում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը: 

Մենք տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում հրատապ նիստ է հրավիրվել, պատրաստվում են արձագանքել ԱԱԾ կողմից տարածած հայտարարությանը։

ԵՊՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ․ «Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։
 
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց »։