ՔՊ-ական «ռազբորկա», նախարարը «դրսից տղա էր բերել»

ՔՊ-ական «ռազբորկա», նախարարը «դրսից տղա էր բերել»

Ազգային ժողովում երեկ ՔՊ-ականների «ռազբորկա» էր, որին եթե նույնիսկ հանդիսատեսի կարգավիճակով հետեւեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլեւս երբեք չէր հայտարարի, որ իշխանությունում թեւեր չկան ու չեն կարող լինել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային աղմկահարույց օրենքը քննարկման էր դրվել ԱԺ տնտեսական հանձնաժողովի արտահերթ նիստում։ Թե ինչու էր գլխադասային ընտրվել այդ եւ ոչ թե առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովը, հարցի պատասխանը փորձեց տալ Նարեկ Զեյնալյանը։ Նա ասաց, թե օրենքն ընդունվելուց հետո այն ավելի շատ տնտեսության վրա է ազդեցություն ունենալու, քան ծառայելու է բուն նպատակին, ինչին Թորոսյանը հակադարձեց քմծիծաղով՝ առաջարկելով, թե՝ եկեք այսուհետ խորհրդարանի բոլոր հանձնաժողովները փակենք եւ թողնենք միայն տնտեսականը, ի վերջո՝ բոլոր նախագծերն էլ այս կամ այն կերպ առնչվում են տնտեսությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է որոշում, թե որ նախագիծը որ հանձնաժողով ուղարկել, քննարկման ընթացքը որոշակիորեն լույս սփռեց ԱԺ նախագահի կեցվածքին։

Բանն այն է, որ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Արարատ Միրզոյանի սանիկն է, նախկին բժիշկ, ով նախարար դառնալու մեծ ամբիցիաներ ունի ու դրանց իրագործման համար մոտ տարիուկես է՝ նախարարի հետ երբեմն քողարկված, երբեմն բացահայտ պայքարի մեջ է։ Արարատ Միրզոյանը, հավանաբար, խուսափել է սանիկին պատմության մեջ գցել եւ որոշել է նախարարի ու սանիկի հերթական ռաունդը կազմակերպել մրցավար-դատավորի ներկայությամբ, որն այս դեպքում տնտեսական հանձնաժողովն էր՝ ի դեմս նախագահ Բաբկեն Թունյանի, որը քննարկման ողջ ընթացքում ստիպված էր թախանձագին ձայնով կողմերին հորդորել չանցնել անձնական վիրավորանքի, հեգնանքի, կսմիթների դաշտ եւ նախագիծը քննարկել առանց հուզական էմոցիաների։ Իհարկե, կողմերը գրեթե անհաղորդ մնացին այդ հորդորներին, բայց որ «սուդյան» ամեն ինչ անում էր իրավիճակը վերահսկելու համար, չենք կարող չշեշտել։

Ի դեպ, պատահականություն էր, թե հատուկ հաշվարկ, սակայն մի քանիժամյա քննարկումից հետո պարզեցինք, որ քննարկումը, սովորականի պես, ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել, տնտեսական հանձնաժողովի փորձագետներն ասացին, թե տեխնիկական խոտան է եղել՝ կապի հետ կապված, հնարավոր չի եղել ապահովել ուղիղ եթեր։ Սակայն չի բացառվում, որ իշխանականները որոշել են իրենց կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանել եւ հանդիսատեսին զրկել տրագիկոմեդիկ հրաշալի ներկայացումը դիտելու հաճույքից։ 

Քննարկման մեկնարկն արդեն խոստումնալից էր, երեւում էր՝ նախարարը պատրաստ է մեծ «ռազբորկային» եւ խորհրդարան էր եկել մեծ շքախմբով՝ անգամ Վրաստանից փորձագետներ էր հրավիրել քննարկմանը։ Նույն մարզավիճակում էր նաեւ հակառակ կողմը։ Նիստը սկսելուն պես նախահարձակ եղան։ Ամենայն հավանականությամբ՝ ՔՊ-ականների ուղղորդմամբ, ԼՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը ելույթ ունեցավ՝ ասելով, թե կանոնակարգը թույլ չի տալիս դրսից հյուրերի ներկայությունը հանձնաժողովի նիստին, եթե հանձնաժողովը չի հրավիրել։ 

Իսկ հյուրերն էին Վրաստանի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը, որը փորձագետ է եւ Վրաստանում նմանատիպ օրենքի նախագիծ է մշակել, որը, ըստ Արսեն Թորոսյանի, հաջողությամբ գործում է, ու եւս մեկ փորձագետ։ Բաբկեն Թունյանը, քաղաքավարությանը զոհ, դժկամ տոնով հայտարարեց, որ ինքը դեմ չէ, թող մասնակցեն։ Բարեբախտաբար, թարգմանիչը վրաց գործընկերներին չիրազեկեց այս բանավեճի մասին, եւ նրանք առանձնակի ուշադրությամբ հետեւեցին ողջ քննարկմանը, ապա կարծիքներ հայտնեցին, նույնիսկ հումոր արեցին, ավելին՝ երբեմն-երբեմն ներիշխանական գզվռտոցն ընդհատեցին «գովազդային ընդմիջումով»՝ լիցքաթափելով կողմերի փոխադարձ կսմիթներից շիկացած մթնոլորտը։

Հիշեցնենք, որ հակածխախոտային նախագծով նախատեսվում են ծխելու որոշակի սահմանափակումներ հանրային տրանսպորտում, կրթական, բժշկական եւ մշակութային հաստատություններում եւ մանկական հրապարակներում։ Արգելքներն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար. սկզբում ծխելը կարգելվի փակ հանրային տարածքներում՝ 2021 թվականի մարտի 15-ից, ինչից հետո արգելքներն աստիճանաբար կտարածվեն կիսափակ տարածքների վրա։ Օրինագծով նախատեսվում է նաեւ կանոնակարգել ծխախոտի արտադրանքի եւ ծխախոտ պարունակող էլեկտրոնային սարքերի վաճառքի եւ տեղաշարժի գործընթացը։ Սահմանափակումներ են նախատեսվում նաեւ ծխախոտային արտադրանքի եւ թութուն պարունակող էլեկտրոնային սարքերի գովազդի համար, ինչպես նաեւ որոշվում են այն հանրային վայրերը, որտեղ ծխելու դեմ արգելք կսահմանվի:

Նախարարի խոսքով՝ օրենսդրական այս նախաձեռնության խնդիրը թույլ չտալն է, որպեսզի ավելանա ծխող քաղաքացիների թիվը, կրճատվի այն վնասը, որը պատճառվում է շրջակա միջավայրին ծխախոտի ծխից, եւ օգնելը՝ հրաժարվել այդ վնասակար սովորությունից։ Իր հերթին, Նարեկ Զեյնալյանը նշեց, որ հակասական կետեր շատ կան. «Նախագիծը սննդարդյունաբերության ոլորտ է մտնում՝ արգելելով ծխախոտի նմանությամբ ապրանքների արտադրումը, գովազդումը եւ այլն»։ Ապա քննադատեց նորարարական ծխախոտային միջոցների արգելման դրույթը, գիտական ծավալուն վերլուծություններ կարդաց ինչ-որ կայքերից, որոնցով հայտնում էր, որ այդ միջոցները՝ այքոսներ եւ այլն, ամենեւին էլ ծխախոտի վտանգավորությունը չունեն, եւ դրանց արգելքը միայն հարվածելու է տնտեսվարողներին, տնտեսությանը։ Արսեն Թորոսյանը չթաքցրեց զարմանքը։ «Ես կասկած չունեի, որ նորարարական սիգարետների մասին հանձնաժողովում կխոսվի, դրանք ագրեսիվ առաջխաղացվում են բոլոր նրանց կողմից, ովքեր արտադրում կամ զբաղվում են այդ ապրանքով, բայց ես չէի սպասում, որ դրա վերաբերյալ առաջխաղացող խոսքեր կլսեմ նաեւ առողջապահության եւ սոցիալական հանձնաժողովի նախագահի կողմից»,- ասաց նա՝ քողարկված մեղադրելով, թե նախագահն էլ, հավանաբար, նման խմբի շահեր է պաշտպանում։ Պնդեց նաեւ իր կարծիքը․ «Դեմ ենք նորարարական միջոցները սովորական սիգարետից տարբերելու մոտեցումներին, քանի որ դրանց վնասակար ազդեցությունը գրեթե ոչնչով չի տարբերվում իրարից»։ Զեյնալյանին պատասխանեց նաեւ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ «Արդյոք ներկայացված կարծիքները հանձնաժողովի կարծի՞քն են, որովհետեւ մենք ներկա ենք եղել հանձնաժողովի քննարկմանը, եւ որեւէ քվեարկություն չի կազմակերպվել, արդյոք դրանք հանձնաժողովի կարծիքնե՞րն են, թե՞ պարոն Զեյնալյանի, որովհետեւ դրանց մեջ մեծ տարբերություն կա»,- ասաց նա՝ չմեկնաբանելով տողատակերը։ «Ի՞նչ կայքէջերից են, եւ ովքե՞ր են եղել այդ հոդվածների ֆինանսավորողները»,- հետաքրքրվեց փոխնախարարը։

Մի խոսքով՝ ողջ քննարկումն անցավ փոխադարձ կսմիթներով, բանավեճ ծավալվեց նաեւ վրաց գործընկերների եւ Նարեկ Զեյնալյանի միջեւ, երբ վերջինս հայտարարեց, որ Վրաստանում ժամը 22։00-23։00-ից հետո բոլոր ակումբներում մարդիկ ծխում են։ «Ես անձամբ եմ ականատես եղել, այնպես չէ, որ օրենքը եթե կա, ուրեմն գործում է», ինչին հյուրերն արձագանքեցին, թե չկա նման բան։ Վրացիները փորձում էին համոզել, որ գլխավոր հարցը ծխելու «համաճարակը» կանգնեցնելն է, եթե օրենքն ընդունելուց հետո անգամ տարեկան մեկ տոկոս բարելավվեն ծխելու վերաբերյալ ցուցանիշները, ինչպես եղել է Վրաստանում, ապա դա մեծ առաջընթաց ու ձեռքբերում կարելի է համարել։ Քննարկման արդյունքում որոշվեց հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով։