Կենսաթոշակառուին ոնց որ ասեն՝ գնա մեռի

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի կառավարության նիստին հայտարարեց, որ պիտի մշակվեն թոշակի հետաձգման մեխանիզմներ: Նա նշեց, որ 65 տարեկանը չի կարող դիտարկվել որպես «ծերություն», քանի որ մարդիկ կան, ովքեր այդ տարիքում լիարժեք աշխատունակ են: Սա նշանակում է, որ թոշակի գնալու տարիքն այլեւս ոչ թե 63 տարեկանն է լինելու, այլ ավելի բարձր եւ սրանով հող են նախապատրաստում թոշակի տարիքը բարձրացնելու համար: Հիշեցնենք, որ սա ամենաթեժ պայքարի թեմաներից էր Ֆրանսիայում, որտեղ կենսաթոշակային բարեփոխումների անվան տակ մի քանի տարով փորձում էին հետաձգել թոշակի տարիքը: Ի դեպ, դա հսկայական միջոցներ խնայելու հնարավորություն է տալիս տվյալ կառավարությանը: Եւ սա ոչ մի կապ չունի աշխատելու հետ, որովհետեւ թոշակ ստանալը չի բացառում աշխատելու հնարավորությունը:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանն ասաց, որ դեռևս չորս տարի առաջ է այս իրավիճակը ինքը կանխատեսել:
«Դեռ չորս տարի առաջ եմ կանխատեսել, ասելով, որ այն իրավիճակը, որ տիրում է Հայաստանի Հանրապետությունում, բերելու է կամ հարկերի ավելացման կամ թոշակային տարիքի բարձրացման՝ երկուսից մեկը, որովհետև տեղի է ունենում բնակչության ծերացում, ի թիվս այլ արատավոր երևույթների, նաև այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթում են երիտասարդները: Գաղտնիք չի, որ 18 տարեկանների շատ լուրջ դեֆիցիտ է՝ բանակային տարիքի՝ այս անկայուն քաղաքականության պատճառով, պատերազմի զանգվածային զոհերի պատճառով: Եվ այդտեղ չենք կարող մեղադրել որևէ մեկին: Բացի դա, ընդհանուր առմամբ երիտասարդները իրենց տեղը չեն գտնում Հայաստանի Հանրապետությունում և ես այդ կանխատեսումն արել եմ չորս տարի առաջ, որ այսպես եթե շարունակվեց կառավարությունը ստիպված կլինի երկու լուծման գնալ՝ կամ պիտի բարձրացնի հարկերը, որպեսզի կարողանա այդ հարցը կարգավորի, կամ պետք է կենսաթոշակային տարիքը բարձրացնել»,- ասաց Մանասերյանը:
Այս իշխանությունները հարցի լուծումը տեսել են կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մեջ:
Տնտեսագետը նկատեց՝ իրավունք չունենք համեմատել Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների հետ մի պարզ պատճառով, և նույնիսկ զարգացող երկրների հետ չենք կարող համեմատել: «Զարգացող երկրները նախ ապահովում են կենսաապահովման նվազագույն զամբյուղը և սպառողական զամբյուղը կենսաթոշակառուների համար, իսկ հարևան Թուրքիայում ՝ թուրքական լիրայի արժեզրկումից հետո անգամ, մինչև 80-90 տոկոս արժեզրկում է եղել վերջին հինգ տարիների ընթացքում, բայց երկուսից-երեք անգամ կենսաթոշակի միջին չափը գերազանցում է սպառողական նվազագույն զամբյուղը: Ուզում եմ շեշտել, սպառողական, ոչ թե կենսաթոշակային, իսկ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կենսաթոշակի միջին մակարդակը, ոչ թե նվազագույնը, կրկնակի անգամ զիջում է պարենային զամբյուղը՝ այսինքն, չմեռնելու գնից երկու անգամ քիչ են տալիս: Այսինքն, ոնց որ կենսաթոշակառուին ասեն՝ գնա մեռի, մեզ չեք հետաքրքրում, թե ինչ միջոցների հաշվին պետք է գոյատևեք: Այսինքն, այն մարդկանց ովքեր կայացրել են մեր երկիրը, ովքեր շենացրել են մեր երկիրը, այսօր այլ հնարավորություններ չունեն, աշխատանք չունեն` իրենց կենսաթոշակով պետք է գոյատևեն, նույնիսկ չմեռնելու գինը չեն տալիս»,-նկատեց տնտեսագետը:
Հենց այդ պատճառով էլ Հայաստանի օրինակը չենք կարող համեմատել նույնիսկ զարգացող երկրների հետ: Մի ուրիշ պատճառ էլ կա նման որոշման՝ բյուջեն դատարկ է, չի հավաքվում և եթե համեմատում ենք անցած տարվա սեպտեմբեր ամսվանից պետական մի շարք կառույցների բյուջեն 9 ամսում արդեն սպառված էր և ստիպված էին երեք-չորս ամիս գումարներն այստեղից-այնտեղից հայթայթել կամ պարտքով գոյատևել՝ նկատում է Մանասերյանը:
«Խնդիրները շատանալու են, եթե այս ոչ պրոֆեսիոնալների թիմը շարունակեց մնալ, ովքեր ուղղակի չեն իմանում, թե որ ոլորտում են և ինչ լուծումներ կարող են տալ: Խնդիրները միայն կավելանան և մի զարմացեք»,-շեշտեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ կանխատեսումներ հնարավոր է անել կանխատեսելի երկրում, այնինչ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է. «Կարող է քսան միլիարդ մի տարում գումար մտնել Հայաստան, ինչպես օրինակ նախանցյալ տարի էր և կարող է այդ քսան միլիարդը կամ երեսուն միլիարդը արտահոսել: Դա նորմա՞լ է, դա կանխատեսելի՞ է, իհարկե, ոչ: Անկախատեսելի երկրում ի՞նչ կանխատեսումներ եք ուզում անենք, կանխատեսումները շատ լուրջ գիտություն են և դրանք հիմնված են եղած միտումների վերլուծության վրա, հստակ տվյալների, որոնք ևս մեր երկրում բացակայում են՝ բազմաթիվ ոլորտներում դուք ուղղակի չեք կարող գտնել հստակ տվյալներ, որ վերլուծություն անեք»:
Կարծիքներ