Աբսուրդն այն է, որ խոշտանգման գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ (տեսանյութ)

Համացանցում ակտիվ քննարկման առարկա դարձած տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները հարձակվում, իսկ հետո ավտոմեքենայի մեջ ծեծի ենթարկում քաղաքացու, մեծ արձագանք է գտել։
Տուժող Վահե Նավոյանին մարտի 14-ին ոստիկանության ծառայողները ֆիզիկական և հոգեբանական բռնության էին ենթարկել, խոշտանգել, նրա ու նրա ընտանիքի հասցեին սեռական հայհոյանքներ հնչեցրել: Նավոյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ Վահե Նավոյանի գլխարկը քաշել էին գլխին և բռունցքով հարվածել։ Հիշեցնենք, որ Վահե Նավոյանը ձերբակալվել է գողության կասկածանքով, իսկ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերլիազորները, փաստաբանի պնդմամբ, Արին Բերդի փողոցում իր պաշտպանյալին խոշտանգելով, ցանկացել են իմանալ ենթադրյալ գողոնի տեղը։
«Հրապարակի» հետ զրույցում Մարտիկ Մարտիրոսյանն ասաց, որ Վահե Նավոյանի մասով երկու գործ է քննվում։ Մեղադրանքի մասով գործը դեռևս նախաքննության փուլում է․ Նավոյանը որպես տուժող է հանդես գալիս խոշտանգման գործով։ Ինչ վերաբերում է ներկայացված մեղադրանքին, ապա Նավոյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
«Նախաքնությունն իրականացվում է: Եթե սկզբից ծանր հանցագործության մասին էր խոսքը, ապա այս պահին ակնհայտ է, որ ծանր հանցագործություն չկա, թեպետ և մեղադրանքը տեխնիկապես չի փոխվել, բայց դրանում համոզվել է նաև Քննչական մարմինը՝ մեղադրանքի կողմը։ Մենք կարծում ենք, որ ընդհանրապես մեղավոր չի իրեն վերագրվող արարքում և ոչ էլ միջին ծանրության։ Այս պահին մեզ ավելի շատ անհանգստացնում է խոշտանգման վերաբերյալ գործի քննությունը, որովհետև տեսանյութեր ենք մենք տրամադրել քննիչին, Նավոյանը մանրամասն ցուցմունք է տվել, բայց մինչ այս պահը որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չի: Մենք դիմել ենք, տեղեկատվություն ենք ցանկացել ստանալ այդ գործի մասին` գրավոր, քննիչը մերժել է, բողոքարկել ենք դատախազին, դատախազը մերժել է։ Մենք բողոքարկել ենք առաջին ատյան, առաջին ատյանն անգամ վարույթ չի հարուցել, մենք այդ հարցով երեկ Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, որովհետև կարծում ենք, որ տուժողը պիտի ակտիվ մասնակցություն ունենա իր խոշտանգման գործով գործի քննությանը և հենց այդ իրավունքն ապահովելուց տեղեկություն ունենա, կարողանա վերահսկել գործը, ինքն էլ ակտիվ համագործակցի այդ իրավունքն պաահովելու համար»,- փաստաբանը։ Նա նշեց, որ և Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված չափանիշները հենց դրա մասին են, որ տուժողը պիտի իր գործի քննության մասին տեղեկություններ ստանա, որոշակի կոնկրետ տեղեկություններ:
«Տվյալ դեպքում մենք հարցրել ենք, թե քանի անձ է հարցաքննվել՝ մեզ ասում են նման տվյալներ չեն տրամադրում։ Թե Քննչականը ինչու մեզ նման տեղեկություն չի տրամադրում, հիմա ստիպված դիմել ենք դատարան»,-ասաց Մարտիրոսյանը։ Ամբողջ աբսուրդն այն է, որ խոշտանգման գործով այս պահին որևէ մեկին մեղադրանք առաջադրված չի՝ ասում է փաստաբանը։
Մեր հարցին, տպավորություն չունե՞ն, որ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ խոչընդոտում են գործի ընթացքին, Մարտիրոսյանն ասաց, որ գործին ապօրինի խոչընդոտելու մասով որևէ տեղեկություն այս պահին չունեն։
«Ոստիկանության ծառայողները որպես պոտենցիալ մեղադրյալ կարող են գործին աջակցել կամ չաջակցել: Մեր խնդիրն է, որ Քննչական մարմինը պատշաճ քննություն իրականացնի, Դատախազությունն իր գործառույթները, մասնավորապես, օրինականության նկատմամբ հսկողությունն, իրականացնի: Թե չէ խոշտանգմանը մասնակցած ոստիկանները պարզ է, որ շահագրգռված անձինք են»,-ասաց վերջինս։
Ինչ վերաբերում է տնային կալանքին, փաստաբանն ասաց, որ ի սկզբանե Քննչականի ու դատախախազության կողմից ցանկացել են կալանքի տակ պահել Վահե Նավոյանին, ու երբ դատարանը տնային կալանք է կիրառել՝ դատախազությունն անգամ բողոք է տարել՝ Վերաքննիչ դատարանը դա մերժել է։ «Դրանից հետո մի երկու անգամ երկարացվել է տնային կալանքի ժամկետը, որի արդյունքում մենք ենք բողոքարկել, որովհետև մենք գտնում ենք, որ այլևս ազատությունից զրկելու անհրաժեշտություն չկա»,-եզրափակեց Մարտիկ Մարտիրոսյանը։
Կարծիքներ