Հարցազրույց

Մեկնել են Սլովենիա՝ հրահանգներ ստանալո՞ւ

Մեկնել են Սլովենիա՝ հրահանգներ ստանալո՞ւ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` մի ահռելի պատվիրակությամբ, որի մեջ իր աշխատակազմի կեսն ընդգրկված է, պաշտոնական այցով հունիսի 3-6-ը մեկնել է Սլովենիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունենալու Սլովենիայի պաշտոնյաների՝ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի և փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

Վերջին շրջանում ՀՀ ԱԺ ղեկավարությունը պատվիրակություններ կազմած մեկնում է այս կամ այն եվրոպական երկիր, որոնց այցելության նպատակները հասկանալի չեն՝ եթե մի պահ հավատանք, որ դրանց բուն իմաստը յուրայիններով ֆռֆռալու մեկնելը չէ: Իսկ Սլովենիան մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհաքաղաքականության մեջ որևէ որոշիչ դեր խաղացող երկիր չի, ուստի առավել եւս նման ծախսեր անելով, նման կազմով մեկնելը միայն տարակուսանիք տեղիք է տալիս։ Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե Սլովենիա մեկնելով ինչ խնդիր են լուծում այս իշխանությունները։ Չնայած մի իմաստ այնուամենայնիվ մենք գտանք` Սլովենիան հակառուսական երկիր է, իսկ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ականները վերջին շրջանում այդ գիծն են առաջ տանում։ Չնայած հակառուսական ավելի ծանրակշիռ երկրներ կան, կարող էին գոնե այդ երկրները գնալ։ 

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ գործող իշխանության կողմից պետական միջոցների անտրամաբանական օգտագործումն ու վատնումն արդեն դարձել է առօրյա գործելաոճ, դրա հետ կապված բազմաթիվ դրվագներ կան:
«Վերջերս ԱՆԻՖ-ի հանգամանքների մեջտեղ գալը, ինչը խոսում է խայտառակ միլիոնավոր դոլարների վատնման մասին, բայց տվյալ պարագայում ես կուզեի հիշեցնել, որ այս, եթե չեմ սխալվում Ազգային Ժողովը, խիստ մեծ պատվիրակությամբ՝ 44-օրյայից ոչ կարճ ժամանակ անց մեկնեց Բալի, այնտեղ ինչ-որ ֆորումի մասնակցելու: Կարծում եմ, վերջին 6 տարիների ընթացքում մենք նմանատիպ, այսպես ասած, ճոխ և խիստ ներկայանալի պատվիրակությունների բազմաթիվ այցերի դրվագներ կարող ենք արձանագրել: Այս այցը, կարծում եմ, պետք է կապել ոչ թե Սլովենիա երկրի և Հայաստանի հետ ունեցած ինչ-որ ռազմավարական համագործակցության, ներդրումների կամ խորհրդարանական մակարդակում էական գործունեության հետ, այլ ուղղակի այս իշխանությունների կողմից դեպի Արևմուտք արտաքին քաղաքական վեկտորի որդեգրման ուղղությամբ էլ ավելի ցուցադրական քայլեր անելու համատեքստում և զարմանալի չէ, որ այս ժամանակահատվածում դրանք այսպիսի հերթական քայլերի դրվագներ կիրականացնեն։ Եթե չեմ սխալվում Պաշտպանության նախարարն էր վերջերս Բրյուսելում համապատասխան օղակների հետ քննարկում ինչպես մեր պաշտպանական համակարգն ամբողջությամբ զետեղվի արևմտյան հովանոցի ներքո և անգամ ամերիկյան խորհրդատուի վերահսկողությամբ և նրա թելադրանքով գործողություններ պետք է իրականացվեն։ ԱԺ-ի այցի մասով, առերես մենք երևի կտեսնենք ձևական ձեռքթոթվումներ և մեր ինքնիշխանության և իբրև թե սահմանագծման-սահմանազատման գործընթացներին աջակցության հայտարարություններ, բայց իրականում Հայաստանն Արևմուտքին ավելի հպատակեցնելու ծրագրին ուղղված քայլերի քննարկումներ և այլ դրվագներ։ Ես ավելի շատ այդ համատեքստում կդիտարկեի»,-ասաց դիվանագետը։

Այսինքն, դուք կարծում եք, որ իրականում գնացել են հրահանգներ ստանալո՞ւ, ինչի մասին բնականաբար հաղորդագրություններում չի նշվելու: Ըստ դեսպանի, հատկապես անվտանգային ոլորտի, Պաշտպանության նախարարության հետ կապված, վերջին երեք տարիների ընթացքում բացառապես դա են անում՝ համաձայնեցնում են քայլերը: Իսկ ՀՀ իշխանությունների իրականացրած քայլերը բացարձակապես չեն բխում Հայաստան պետության շահերից` թե անվտանգային, թե ֆինանսական, թե տնտեսական, թե ժողովրդական, թե ազգային շահերից և այս առումով ինքը վստահ է, որ Սլովենիայում էլ ինչ-որ հրահանգների փոխանցման գործընթաց կիրականացվի։

Ամենայն հավանականությամբ նմանատիպ այցերով ՀՀ իշխանությունները փորձում են հավաքական Արևմուտքին իրենց որոշման անփոփոխությունն ու արտաքին վեկտորի փոփոխության մասով իրենց հավատարմությունը հերթական անգամ ապացուցել։ Ամեն դեպքում արևմտյան կողմնորոշման ցանկացած երկրի հետ ՀՀ ներկա իշխանությունների կողմից նման «գործընկերային-ջերմ» փոխհարաբերությունները միայն ու միայն սրում են արդեն ոչ բարեկամական դարձած հայ-ռուսական հարաբերությունները, սակայն մյուս կողմից նոր դաշնակցային հարաբերությունների հարթակ չեն ստեղծում նաեւ Արևմուտքի երկրների հետ: 

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image