Ինսուլտ եմ ստացել ու կուսակցությունից հրաժարվել
Ավելի վաղ մենք գրել էինք, որ տեղեկություններ կան, թե իշխանությունները բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձում են քաղաքական դաշտը կանխատեսելի դարձնել եւ թույլ չտալ, որ հաջորդ ընտրություններին նոր խաղացողներ հայտնվեն ու ՔՊ-ի իշխանությանն իրական վտանգ ներկայացնեն։ Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշ չգործող կուսակցություններ հենց իշխանական շրջանակներից «գնվում» են, որ հանկարծ այդ կուսակցությունները չհայտնվեն ընդդիմության ձեռքում: Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ բացված կուսակցություններ կան, որոնք ակտիվ չեն, չեն գործում, բայց չեն էլ լուծարվել։ Այս կուսակցությունների փաստաթղթերը հայտնվում են այլ անձանց ձեռքում, որոնք ուզում են կուսակցական գործունեություն ծավալել, մասնակցել ընտրություններին: Դրա համար ընդամենը պետք է փոխել կուսակցության ղեկավարին կամ կառավարող մարմինը, եւ հին անունով նոր կուսակցությունը կարող է գործել նոր մարդկանց ձեռքում:
Եվ քանի որ իշխանությունը հրահանգավորել է Պետռեգիստրին՝ հնարավոր միջոցներով արգելակել, խոչընդոտել նոր կուսակցությունների գրանցումը, հին կուսակցությունների «արժեքն» ավելի է բարձրանում: Դա է պատճառը, որ նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների հետ են բախվում։ Դիցուք, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համազգային ճակատ», Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կամ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունների գրանցումը ձգձգվում է:
Կուսակցությունների դաշտում նոր խաղացողներ թույլ չտալու տենդենցը պայմանավորված է նոր մրցակիցներ թույլ չտալու մտայնությամբ: Թեեւ այս պահին էլ Հայաստանում քիչ չեն գրանցված կուսակցությունները, որոնց քանակը 100-ից ավելի է: Սակայն մեծ մասը մեռած կուսակցություններ են, մարդ-կուսակցություններ կամ վաղուց ակտիվ գործունեությունը դադարեցրածներ: Օրինակ, մենք գրել էինք, որ Լյուդմիլա Սարգսյանի «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» նույնպես հայտնվել է այլ անձի ձեռքում: Թե ով է «գնորդը», մեզ չէր հաջողվել պարզել, սակայն լուրեր կային, որ դրա դիմաց 4 հազար դոլար են վճարել, Տիգրան Կարապետիչի Ժողովրդական կուսակցությունը եւս նոր սեփականատերեր ունի։ Մենք երեկ մի քանի հարց ուղղեցինք «Վերակազմյալ ՍԴՀԿ» նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ, ՀԱԿ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին:
- Տիկին Սարգսյան, ինչո՞ւ եք այսքան պասիվացել, այլեւս չեք զբաղվում կուսակցական գործունեությամբ:
- Ես ուղղակի առողջական խնդիրներ ունեմ` երկու ինսուլտ տարա: Վերջին անգամ կուսակցության վարչության նիստին եմ մասնակցել ու հրաժարական եմ ներկայացրել: Որից հետո ոչ մի բան չգիտեմ, իրենք արդեն ինչ-որ համագումար են արել, ու չգիտեմ՝ ում են ընտրել եւ այլն: Ես առողջական խնդիրներ ունեմ շատ եւ չեմ կարող այլեւս:
- Լուրեր են շրջանառվում, որ կուսակցությունը վաճառել եք, անգամ գումարի չափ են նշում` 4 հազար դոլար:
- Սուտ բաներ են: Նման բան չկա: Գումարի չափն էլ նշելով՝ ավելի լավ են ստում, որ ավելի համոզիչ լինի:
- Ուզում եք ասել, որ տեղյա՞կ չեք, թե ով է կուսակցությունը ղեկավարում հիմա:
- Չգիտեմ, իսկապես չգիտեմ: Իսկ թե ինչու են նման լուրեր շրջանառում, ես չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ, իրոք:
- Քանի որ Պետռեգիստրում խնդիրներ են առաջացել, նոր կուսակցություններ չեն գրանցում, ասում են` իշխանությունները վերցրել են որոշ չգործող կուսակցություններ, որպեսզի դաշտն իրենցով անեն:
- Չէ, իշխանության հետ դա ընդհանրապես կապ չունի:
- Ի՞նչ գիտեք, եթե ոչ մի բանից տեղյակ չեք:
- Որովհետեւ դրանք ներկուսակցական հարցեր են, իմ առողջությունը, ֆինանսական հնարավորությունները չէին թողնում զբաղվել կուսակցությամբ:
- Դիմում եք գրել-հեռացել ու վե՞րջ:
- Չէ, վարչությանը հավաքել եմ, հայտարարել եմ, որ դադարեցնում եմ լիազորություններս, թեպետ վարչությունից արդեն շատ քիչ մարդ էր մնացել, բոլորը ցրվել էին, մի մասը մահացել է եւ այլն: Մի խոսքով, ես իմ հրաժարականը ներկայացրել եմ, կնիքը թողել ու հեռացել: Վարչության անդամները շատ էին այն ժամանակ, մի մասը մահացել է, մյուս մասը` հեռացել երկրից: Կարեւոր մարդ հիմա չկա, որ ճանաչեք:
- Ուզում եք ասել, որ Ձեզ չի՞ էլ հետաքրքրում, թե Ձեր կուսակցությունն այսօր ինչով է զբաղվում: Ի վերջո, այն Ձերն է եղել երկար ժամանակ:
- Եղել է, բայց ես հիմա միայն իմ առողջության մասին եմ մտածում, ժամանակ էլ չունեմ այլ բաների մասին մտածելու: Ինսուլտ եմ ստացել ու հրաժարվել, իսկ կուսակցությունն էլ հո սեփական բան չէ՞, ես ինչքան գիտեմ, նոր մարդիկ էլ են ներառվել, բայց այլ բան չեմ իմանում: Ոչ մի տեղեկություն, շփում չունեմ:
Կարծիքներ