Աղազարյանն առաջարկում է, որ դատավարական կողմերն ընտրեն դատավորին

Աղազարյանն առաջարկում է, որ դատավարական կողմերն ընտրեն դատավորին
Հովիկ Աղազարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մշակել է դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ՝  2019-2023 թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների շրջանակում։

Նա առաջարկում է ստեղծել Դատավորների պալատ եւ նախատեսում է օրենսդրական մի նորմ, ըստ որի՝ դատավարության կողմերը կկարողանան ընտրել դատավորին։ Որ դատավորներին ավելի շատ կընտրեն, նրանք ավելի շատ կվարձատրվեն։

«Առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչում դատավորների աշխատավարձը ձեւավորվի միայն ու միայն դրանից, սկզբնական՝ անցումային շրջանում կարելի է ինչ-որ բարձր աշխատավարձ նշանակել, իսկ հետագայում դա էլ վերացնել եւ աշխատավարձերը ձեւավորել միայն իմ ասած սկզբունքով»,- մեկնաբանեց Հովիկ Աղազարյանը։
Պարոն Աղազարյանին հարցրինք՝ իսկ եթե բոլորը 1-2, լավ՝ տասը դատավորի ընտրեն, նրանք ֆիզիկապես ինչպե՞ս են կարողանալու որակյալ արդարադատություն իրականացնել։

Պարոն Աղազարյանն ասում է, որ, նախ, դա կխթանի մրցակցությունը, մյուս դատավորներն էլ կձգտեն լավը դառնալ, որ իրենց ընտրեն, որ իրենք էլ բարձր վարձատրվեն, ապա ավելացնում է․ «Եթե ընտրում են դատավորների՝ ոչ թե մեկ հոգու են ընտրում, այլ 5 հոգանոց ցանկ են ներկայացնում․ առաջին համարն ամենանախընտրելին է, հետո գալիս է երկրորդը, եւ այսպես շարունակ։ Եվ եթե առաջին համարն այդ ծանրաբեռնվածությունն ունի, որ անհնար է․․․ բայց ինքը չի խուսափի, որովհետեւ ինքը նաեւ նյութական շահագրգռվածություն կունենա»։