Հաղթած Հայաստանին ձեռք չէր տա Ադրբեջանի և Պակիստանի՝ ՀԱՊԿ գործընկեր դառնալը․ ռազմական փորձագետ

Հաղթած Հայաստանին ձեռք չէր տա Ադրբեջանի և Պակիստանի՝ ՀԱՊԿ գործընկեր դառնալը․ ռազմական փորձագետ

Երեկ ադրբեջանական մամուլը տեղեկություն տարածեց, որ հուլիսի 1-ին Դուշանբեում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում որոշվել է հիմնել ՀԱՊԿ գործընկեր պետությունների ինստիտուտը:

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի մամուլի ծառայությանը հայտնել էր, որ ինստիտուտը հիմնելու համապատասխան առաջարկով հանդես է եկել Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Պետդումայի նախագահը նշել էր, որ դիտորդ-գործընկերները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ կառույցներում, բայց «իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի նախապատրաստմանն ու հավաքական որոշումների մշակմանը»: Դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանն ու Պակիստանը:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ քանի որ հայկական կողմը պարտվել է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում, Հայաստանին ձեռք է տալիս, որ Պակիստանը և Ադրբեջանը դառնան ՀԱՊԿ դիտորդ-գործընկեր պետություններ։

«Իմ վերաբերմունքն այդ գործողությունների վրա էական ազդեցություն չի ունենա՝ անկախ նրանից բացասական եմ գնահատում, թե դրական․ նույնիսկ Հայաստանի վերաբերմունքը։ Այն երկրները, որոնց մասին Դուք ասացիք, իրականում տարածաշրջանում բավականին լուրջ ազդեցություն ունեցող երկրներ են, և որպես գործիք հիմնականում օգագործվում են Մեծ Բրիտանիայի կողմից՝ իրենց ազգային-պետական շահերի սպասարկման տիրույթում։ Եթե հաշվի առնենք, որ Պակիստան պետության իրական հիմնադիրը Մեծ Բրիտանիան է, երբ Հնդկաստանը մասնատեցին կրոնական հենքի վրա, իսկ Ադրբեջանում «Բրիտիշ Պետրոլիումը» (British Petroleum / BP), չափազանցրած չեմ լինի ասելով, որ իրականում շատ լծակներ ունի այդ երկրի կառավարման մեջ։ Իսկ BP-ն, հաշվե՛ք, մեծբրիտանական շահերը սպասարկող նավթային ընկերություն է։ Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է ամեն կերպ թուլացնել կամ չեզոքացնել Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում, դա փաստ է։ Փաստ է նաև, որ Մեծ Բրիտանիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Ռուսաստանի Դաշնությանը դիտում է որպես թշնամի, որովհետև ՆԱՏՕ-ն նվազագույնն ունի 1 տասնյակից ավելի բանաձևեր, որտեղ ՌԴ-ն գնահատվում է որպես թշնամի երկիր։ Հետևաբար՝ Ռուսաստանի խնդիրն է այդ թշնամի երկրներից գոնե նվազագույնը վերացնել այն կարգավիճակը, որը թշնամության հետևանքով կարող է առաջ գալ ռազմական կամ պատերազմական գործողություններից», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, 1993-2000 թվականներին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության բաժնի պետի տեղակալ Հայկ Նահապետյանը։

Նա նշեց, որ թշնամուց մեկ աստիճան ավելի ներքև հակառակորդն է, հակառակորդից ներքև պետությունն է, որի հետ կարելի է համագործակցել այս կամ այն ոլորտում։ «Հիմա ՌԴ-ն այդ երկրների հետ փորձում է ստեղծել համագործակցային որոշակի հարաբերություններ տարբեր ոլորտներում։ Հիմա, Հայաստանի Հանարապետությանը ձե՞ռք տալիս է կամ մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից ձեռք տալի՞ս է, որ մեզ ոչ բարեկամ կամ կարելի է ասել՝ ոչ թշնամի պետությունները հայտնվեն մի դաշինքում, որում մենք առացքային դերակատարում ունեցող երկրներից ենք, որտեղ մեր ձայնը կարող է որոշիչ լինել այդ երկրներին այս կամ այն ձևով որոշումների կայացման համար ազդեցություն ունենալ․ տեսականորեն առաջին քայլն է ՀԱՊԿ-ի անդամակցությունը», - ասաց Նահապետյանը՝ պատասխանելով Պակիստանի և Ադրբեջանի՝ ՀԱՊԿ գործընկեր դառնալու վերաբերյալ հարցին։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նաև նշել էր, որ դիտորդ-գործընկերները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ կառույցներում, բայց «իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի նախապատրաստմանն ու հավաքական որոշումների մշակմանը»: Վոլոդինի խոսքերով՝ պետություններին ՀԱՊԿ գործընկերոջ պաշտոնական կարգավիճակ շնորհելը «լրացուցիչ հնարավորություններ կտրամադրի մեր սկզբունքները կիսող երկրների հետ ընդլայնել փոխգործակցությունն» ու կդյուրացնի համակարգումը «միջազգային հարթակներում հավաքական օրակարգը առաջ տանել և պահպանել»:

Հայկ Նահապետյանի խոսքերով՝ եթե տեսականորեն ինչ-որ ժամանակ հետո Ադրբեջանն ու Պակիստանն ավելի սերտ համագործակցեն ՀԱՊԿ-ի հետ, ապա, դա հայկական կողմից ձեռք տալիս է, որովհետև Հայաստանն այդ համագործակցության ժամանակ ունենում է այդ պետությունների վրա ազդելու լծակ։ «Ուրեմն, կա՛մ կա համագործակցային դաշտ մեր ոչ բարեկամ երկրների հետ, իրենց վրա ազդելու այլոց միջոցով (այդ այլոցը ես նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնությունը), կա՛մ թշնամությունը խորացնելու դաշտ։ Ընդ որում, դա ավելի շատ ձեռք է տալիս պարտված երկրին, քան հաղթող երկրին։ Մենք ընդունո՞ւմ ենք, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, եթե ընդունում ենք, որ դա այդպես է, իսկ դա այդպես է, հետևաբար մեզ պետք է օգտագործել այլ լծակներ այդ պետությունների վրա ազդելու՝ սպասարկելու համար կամ հետամուտ լինելու համար մեր ազգային-պետական շահերին։ Այո՛, մեզ ձեռք տալիս է, որպեսզի այդ պետությունները լինեն բոլոր այն ինտեգրացիոն գործընթացներում, որտեղ Հայաստանը խոսքի իրավունք ունի, ձայնի իրավունք ունի և նաև ունի դաշնակիցներ նաև այդ դաշինքներում», - ընդգծեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը։             

Դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել էր, որ Ադրբեջանն ու Պակիստանը վաղուց էին ցանկություն հայտնել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ձեռք բերել:

Ըստ Նահապետյանի՝ այն, որ թշնամի պետությունները կարող են ոչ թշնամի լինել, ձեռք է տալիս ցանկացած պարտված երկիրի։ «Որովհետև պարտված երկիրը, նշանակում է, չէ՞, որ ինքը կարող է նորից հարվածներ ստանալ, սկզբունքորեն։ Մենք բացառո՞ւմ ենք, որ մեր դեմ Ադրեբջանն ու Թուրքիան կարող են ինչ-որ ժամանակ հետո աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում ռազմական գործողություններ սկսել, մենք չենք բացառում, չէ՞, դա։ Հետևաբար մեր խնդիրն է ապագա սպասվելիք կամ այս պահին առկա սպառնալիքների չեզոքացման համար մեզ թշնամի կամ ոչ բարեկամ կամ հակառակորդ երկրների վրա ունենալ ազդեցության լծակ, ճի՞շտ է, որ սպառնալիքը չլինի։ Համագործակցությունը ռազմական կամ ռազմաքաղաքական մի բլոկում, որտեղ մենք ձայնի իրավունք ունենք և ունենք դաշնակիցներ, մեզ ձեռք տալիս է, որ գոնե դրանով չեզոքացնենք այդ երկու պետությունների կողմից ապագայում սպասվելիք Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան։ Հաղթող երկրին ձեռք չի տալիս, պարտված երկրին շատ է ձեռք տալիս, որպեսզի ապագայում իինքը արագ կարողանա չեզոքացնել այն սպառնալիքը, որ մեր գլխին կախված է»։ 

«Դուք ուշադրություն դարձրեք, որ սահմանային միջադեպերի ժամանակ օրվա իշխանություններն իրենց ինչպես են պահում․ որևիցե դիմադրություն ցույց չեն տալիս։ Այսինքն՝ իրենց ոչ ադեկվատ պահվածքը մեզ թշնամի պետություններին նաև գայթակղում է, որպեսզի նրանք ավելի ագրեսիվ լինեն և մեր տարածքները մեզանից խլեն։ Դրա համար Հայաստանին պետք է մի գործիք, որը նրանց ցանկություններն ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կզսպի։ Այդ համագործակցության դաշտը նաև ՀԱՊԿ ռազմաքաղաքական միավորն է, որտեղ նրանց հավակնությունները ՀԱՊԿ որոշումների մեջ կարող է նաև որպես զսպաշապիկ կամ նաև ազդեցության միջոց լինել։ Դրա համար էլ ՀՀ-ին այս պահին ձեռք է տալիս։ Եթե Հայաստանն այս պատերազմում հաղթող լիներ, իհարկե, մեզ ձեռք չէր տա, որովհետև հաղթողը միշտ ձգտում է ստանալ առավելագույնը։ Այնպես, ինչպես 1994 թվականի հրադադարի ռեժիմի հաստատումից հետո․ Հայաստանը ձգտում էր ստանալ առավելագույնն Ադրբեջանից, ճի՞շտ է։ Այդ դեպքում մեզ ձեռք չէր տա, որ այդ երկիրը գար-մտներ մի բլոկի մեջ, որտեղ իմ ցանկությունները, իմ ագրեսիվ քայլերը կարող են զսպվել այդ կազմակերպության կողմից։ Եթե ուժեղանանք, ոտքի կանգնենք և այլն, արդեն այլ հարցեր են կարող առաջանալ, բայց այս պահին ձեռք տալիս է դա», - ընդգծեց փորձագետը։

Հարցին՝ «ենթադրենք՝ Ադրբեջանն ու Պակիստանը դառնում են դիտորդ-գործընկեր, Լեռնային Ղարաբաղի համակարտության բանակցությունների վրա դա ի՞նչ ազդեցություն կունենա՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով», Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ այսօրվա խնդիրն Արցախում հայերի մնալն է։ «Ես կարծում եմ, որ ԼՂ բանակցությունների հետ կապված կոնկրետ ազդեցության գործիքակազմն Արցախում մեր հայրենակիցների ֆիզիկական գոյությունը պաշտպանող խաղաղարար ուժերն են և ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները։ Այլ առարկայական գործիքակազմ, ազդեցության որևէ միջոց գոյություն չունի։ Դիվանագիտական առումով, իրավական առումով, քաղաքական առումով այդ բանակցություններն այսօրվա օրը չեն, այսօրվա օրն այդտեղ հայության մնալն է։ Եվ այդ մնալու համար անվտանգության երաշխավոր զինված ուժերի ներկայությունը․ առաջին հերթին դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Դա այլևս Հայաստանի Հանրապետությունը չէ, որ ասում էր «ես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն եմ», ճի՞շտ է։ Քանի որ այսօր այնտեղ հայերի մնալն է խնդիրը, Ադրբեջանը ձգտելու է այդ տարածքներում առավելագույն բնակչություն բերել, փախստականների վերադարձ, որպեսզի դեմոգրաֆիական վիճակ փոխի․ մենք առարկայապես դրան պետք է դիմագրավենք։