Չկա նման բան․ նախարարներն իրենց հրաժարականների մասին

Չկա նման բան․ նախարարներն իրենց հրաժարականների մասին

Հայաստանյան մամուլը` «Ժողովուրդ» և «Հրապարակ» թերթերը, անդրադառնալով ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հրաժարականներին՝ հղում անելով իրենց տեղեկություններին՝ նշել են, որ հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի:

Ըստ այդմ՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խոսվում է նաև այլ մարմինների ղեկավարների, այդ թվում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի  և այլոց մասին։

 «Հրապարակին»  հաջողվեց զրուցել ցանկում նշված երկու նախարարների՝ Զարուհի Բաթոյանի և Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Նրանք երկուսն էլ հերքում են պաշտոնանկությունը։

Զարուհի Բաթոյանն ասում է, որ այդ հրապարակումներն ինչ-որ մեկի վառ երևակությունն են։ Հարցին, թե այսինքն, կարծում է, որ իր աշխատանքից դժգոհություն չկա՞, նա ասաց․«Ես այդպես եմ մեկնաբանում, որ դա ինչ-որ մեկի վառ երևակայությունն է»։ 

«Մի հատ նախադասություն կա՝ ով ոնց ուզում է, այնպես էլ գրում է» ,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է իր պաշտոնկությունը։ Ասաց՝ չկա նման բան։

Առարկեցինք, որ Վանեցյանի ու Օսիպյանի մասին էլ էր գրվում, ԱԻ նախարարն ասաց՝ ես էլ ասում եմ՝ չկա։

Նա Արթուր Վանեցյանի ու նախկին ոստիկանապետի պաշտոնանկությունների վերաբերյալ մեկնաբանություն չունի և ասում է՝ վարչապետի որոշելու բանն է։ Տասնյակ վարկածների մասով էլ ասաց․«Ասեկոսեները լիքն են, տարբեր բաներ գրում են, ես դրանց  որևէ ուշադրություն չեմ դարձնում։ Հստակ այն է, վարչապետը ոնց որ մեկնաբանել է»։