«Ազգային համաձայնության կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»․ ե՞րբ և ինչպե՞ս

«Ազգային համաձայնության կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ»․ ե՞րբ և ինչպե՞ս

Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո բավականին լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, այնուհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանրապետությունում առկա ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհներն են։

«Հրապարակը» հետաքրքրվեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից, թե ինչ քայլեր պետք է կատարվեն ստեղծված ճգնաժամային իրավիճակում։ Նա ասաց, որ «Հայրենիք» կուսակցության ճանապարհային քարտեզի համար 1 կետը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ «Մենք պատերազմից առաջ ենք այդ օրակարգը ձևակերպել և այդ օրակարգը վաղուց ենք ասել։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրերը, ժամերը հաշված են»,- նշեց Գալստյանը։ 

Հարցին՝ ե՞րբ պետք է լինեն ընտրությունները, որ հանրությունը կողմնորոշված քվե տա քաղաքական ուժերին, պատասխանեց․ «Տեսեք, մենք ունեցանք 2018 թվականի հայտնի իրադարձությունները։ Այդ հայտնի իրադարձություններից հետո մենք ունեցանք դեկտեմբերի արտահերթ ընտրություններ, և այդ արտահերթ ընտրությունների արդյունքում, համաժողովրդական էյֆորիայի ազդեցության տակ ժողովուրդը կայացրեց ընտրություն, որտեղ 40 տոկոս մասնակցության 70 տոկոսը գնաց և կոնկրետ հայտնի ուժի ձայն տվեց։ Թե ինչ եղավ դրա արդյունքում ժողովուրդը, ամբողջ հայ ազգը հիմա կանգնած է այդ կոտրած տաշտակի առջև»։ 

Ըստ նրա՝ Փաշինյանի հրաժարականից հետո ձևավորվող ազգային համաձայնության կառավարության խնդիրն է լինելու` կայունացնել իրավիճակը, որոշակիորեն անհապաղ անհրաժեշտության հարցեր լուծել, որից հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Որտեղ քաղաքական դաշտի բոլոր ուժերը կունենան հավասար մրցակցային պայմաններ, և այդ հավասար մրցակցային պայմաններում էլ ժողովուրդը կգնա ընտրությունների և կկատարի իր ճիշտ ընտրությունը, այլ ոչ թե պահի թելադրանքով կամ ինչ-ինչ ազդեցությունների տակ»,- եզրափակեց Խաչիկ Գալստյանը։          

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանի խոսքերով՝ անցյալն ապականած, ներկան տապալած Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մասնակցություն ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը։ «Երբ որ համախումբ հայ ժողովրդի ճակատագիրն է վտանգի տակ դրվել։ Մենք ականատես ենք եղել նրա գործունեության վերջին 2,5 տարվա հստակ անգործունեության բաղադրիչին, և որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Կարծում եմ՝ Փաշինյանը ոչ միայն պետք է որևէ դերակատարում չունենա արտահերթ ընտրությունների կազմակերպման մեջ, անգամ որևէ հավակնություն չունենա իշխանության ինչ-որ մաս կազմելու, այլ նաև պետք է պատասխան տա հայրենիքի հանդեպ գործած անգործության, դավաճանության համար»,- նշեց քաղաքական գործիչը։

Ըստ Գրիգորյանի՝ ընտրությունները չեն կարող «ազգային համաձայնության» գլխագրի ներքո լինել, բայց անցումային փուլը պետք է լինի ազգային համաձայնության կառավարության ներքո, որը պետք է նախապատրաստական աշխատանքներ տանի, և քաղաքական ու հասարակական տիրույթը համապատասխանեցվի նախընտրական շրջափուլին։ «Այսինքն՝ պետք է, ի վերջո, Ընտրական օրենսգիրքը փոխվի, որի մասին 2,5 տարի Նիկոլ Փաշինյանը ջուր էր ծեծում ու այդպես էլ որևէ բան չարեց։ Ի վերջո, այս հակապետական սահմանադրական համակարգը փոխվի, որը ոչ միայն կեղծիքներով է ընդունվել, այլ նաև ինչ-որ անձանց համախումբը սպասարկելու համար է գրվել; Եվ այսօր տեսնում ենք, որ հակապետական քաղաքական ուժին անվստահություն հայտնելու գրեթե զրոյական մեխանիզմներ է ապահովում Սահմանադրությունը։ Եվ Սահմանադրության մեջ հստակ պետք է կանխորոշվեն, ուրվագծվեն զսպիչների ու հակակշիռների մեխանիզմները, որ այլևս Հայաստանում որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ միայնակ որոշում կայացնելու հնարավորություն չստանա»,- ընդգծեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է միայն մեկ հարցով։ «Դնելով մի կողմ մեր հայրենիքի հանձնման պատասխանատվությունը կրելու իր ուղղակի պարտավորությունը, դնելով մի կողմ ռազմագերիների հարցն առարկայական լուծելու պարտավորությունը, դնելով մի կողմ ամեն ինչ՝ նա այսօր փորձում է իր իշխանությունը պահպանել, դա` մեկ։ Երկրորդը, ինչո՞ւ պետք է հենց հիմա հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը։ Բնավ, նույնիսկ ընտրությունների խնդիրը չէ, սակայն դա էլ ունի իր կարևոր դերակատարությունը։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչակազմն իսպառ զրկված են ունակությունից` ճիշտ գնահատել և ճիշտ գործողություններ կատարել այս ծանրագույն իրավիճակում»,- ընդգծեց Աբովյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ որքան Փաշինյանը երկար է մնում, այնքան խնդիրները ծանրանում են։ «Ես հիմա կդժվարանամ ընտրությունների մասով ինչ-որ ժամկետներ ասել։ Այո՛, պետք է հնարավորինս շուտ լինեն ընտրությունները, հնարավորինս շուտ ձևավորվի հասկանալի և լեգիտիմ իշխանություն, բայց դրա հետ մեկտեղ պետք է նշվի շատ կարևոր մի հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հնարավորինս շուտ հեռանա, և դրանով, կարծում եմ, Դուք իմ պատասխանը ստացաք»,- եզրափակեց Արման Աբովյանը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի համոզմամբ՝ այս լարված վիճակում, հանրության այսպիսի էմոցիոնալ բևեռացվածության պայմաններում հնարավոր չէ պատկերացնել քաղաքական ընտրություններ։ «Հետևաբար, շուտափույթ արտահերթ ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակը չէ։ Ճգնաժամի հաղթահարման լավագույն տարբերակը չեզոք վարչապետով կառավարությունն է, այսինքն՝ վարչապետ, որ չի լինի «Իմ քայլից», և վարչապետ, որ չի լինի 17 քաղաքական ուժից»,- նշեց Նահապետյանը։

Հարցին՝ իսկ կառավարության անդամնե՞րը, պատասխանեց, որ վերջիններս պետք է ընտրվեն պրոֆեսիոնալիզմի և կարողությունների սկզբունքով, չպետք է լինի կուսակցական քվոտա, այսինքն՝ ամեն կուսակցությանը՝ մի տեղ․ «Բայց նաև չի բացառվում, որ, օրինակ, ինչ-որ մեկն էկոնոմիկայի լավ նախարար կլինի ու դաշնակցական է, բայց դա չպետք է ենթադրի, որ էկոնոմիկայի նախարարության քվոտան տրված է Դաշնակցությանը, կամ տարածքայինի քվոտան տրված է «Քաղաքացու որոշում» կուսակցությանը, բնապահպանությանն էլ՝ «Լուսավոր Հայաստանին»»։

ՔՈ խոսնակի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների համար երկրում պետք է լինի կայուն վիճակ, ուղենիշներ լինեն, թե քաղաքացիները հանուն ինչի են ընտրում, ընդհանրապես ուր է գնում երկիրը։ «Երկրում պետք է օրինականության մթնոլորտ լինի, որ թեկնածուներին ավտոմատներով չդիմավորեն տարբեր ընտրատարածքներում, այդ թվում՝ և՛ իշխանական թեկնածուներին, և՛ ընդդիմադիր թեկնածուներին։ Որովհետև այսօր ահավոր մեծ քանակի զենք կա ահավոր բազմազան քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց մոտ։ Կայունության, հոգեբանական ստաբիլության պայմաններում հնարավոր է անցկացնել արտահերթ ընտրություններ»,- եզրափակեց Միքայել Նահապետյանը։