Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով, մեր պետությունն Արցախի հուշարձաններն էլ ճանաչեց Ադրբեջանի մաս

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով, մեր պետությունն Արցախի հուշարձաններն էլ ճանաչեց Ադրբեջանի մաս

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ոչ միայն հայրենիքի կորուստ էր, մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանություն, այլ նաեւ էթնիկ զտում, ֆիզիկական եւ մշակութային ցեղասպանություն։ Մշակութային վանդալիզմի առաջին դրսևորումներից մեկը «Մե՛նք ենք, մեր սարերը» կամ «Դեդո-բաբո» հուշարձանի վրա Ադրբեջանի դրոշի տեղադրումն էր։ Ավելին՝ այս օրերին Արցախը խորհրդանշող «Դեդո-բաբո» հուշարձանի հետ կապված` ադրբեջանական տելեգրամյան ալիքներում քվեարկություն է գնում, թե ինչպես ոչնչացնեն այս մոնումենտալ հուշարձանը, իսկ նախօրեին՝ դարձյալ ադրբեջանական սոցցանցերում տեղեկություն շրջանառվեց այն մասին, որ Ալիեւը հրաման է տվել ոչնչացնել Արցախը խորհրդանշող հուշակոթողը։ 

Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ մեխանիզմներ կան` պահպանելու Արցախում մեր հոգեւոր մշակութային ժառանգությունը: «Չկա, կոթողը որ երկրի տարածքում գտնվում է, այդ երկիրն էլ որոշում է` կառույցը հուշարձան համարե՞լ, թե՞ չէ, և ինչ անել կոթողի հետ՝ պահե՞լ, թե՞ չպահել»,-ասում է ճարտարապետ, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը։ 

Ի՞նչ շանսեր կան, եւ, ընդհանրապես, ի՞նչ ճակատագիր է սպասվում թշնամու տիրապետության տակ անցած Արցախի հոգեւոր մշակութային ժառանգությանը: «Ընդհանրապես, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո մեր պետությունը թե այդ տարածքի, թե այդ տարածքի վրա գտնվող հուշարձանների տնօրինումը փոխանցել է Ադրբեջանին, ու դրանից հետո իրավական որեւէ գործընթաց չկա, որով հնարավոր լիներ միջազգային օրենքին հղում անելով, այդ հուշարձանները պահպանել։ Իհարկե, պատերազմից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներից 2-ի նախագահները դիմեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մեկը՝ Ֆրանսիայի, մյուսը՝ Ռուսաստանի նախագահը (մինչ ռուս-ուկրաինական պատերազմը), որպեսզի Արցախում եղած հայկական մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվեն, բայց որեւէ առարկայական քայլ չարեցին։ Ու դա նաեւ գալիս է մեր անգործությունից, նախագահների այդ հայտարարությունները, կոչերը որեւէ ազդեցություն չթողեցին, մեր կողմը պետք է ճնշումներ գործադրեր, պետք է ասեր, որ այդպիսի հորդոր է եղել 2 կարեւորագույն երկրների նախագահների կողմից, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որեւէ քայլ չի անում։ Հենց դրանով պետք է ճնշեին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պահպանությամբ զբաղվեին, բայց չարվեց։ Մենք, ցանկացած դեպքում, պետք է փորձենք միջազգային կազմակերպությունների միջոցով պայքարել դրա դեմ, թեկուզ՝ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի միջոցով, բայց մեծ հույսեր չկան, որ այդ ճնշումներն ազդեցություն կունենան»։ 

Ինչպես նկատում է Տ․ Գալստյանը, Արցախը, որպես չճանաչված հանրապետություն, չէր կարող հայտ ներկայացնել` որեւէ հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո ամրագրելու համար, միայն Հայաստանը կարող էր ներկայացնել, այն էլ` այն դեպքում, եթե Ադրբեջանը կամք դրեւորեր: «Օրինակ, Իրանում Սուրբ Թադեի վանքը ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ, այսինքն՝ Սուրբ Թադեի վանք այցելությունը՝ ուխտագնացությունը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս, նույնձեւ կարող էր Արցախում ներկայացվել, բայց հասկանալի են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն ու Ադրբեջանի մոտեցումը՝ ջնջել այնտեղից ոչ միայն հայ բնակչությանը, այլեւ հայկական մշակույթը, ինչպես որ Նախիջեւանում 300 եկեղեցի ենք ունեցել, բայց դրանցից ոչ մեկը չի պահպանվել, եւ ինչպես մեր աչքի առաջ խաչքարերը վերացրին, նույնձեւ, ցավալիորեն, Արցախի հուշարձանների հետ են վարվելու»,-ասում է մշակույթի նախկին փոխնախարարն ու նկատում, որ Սովետական Միության ժամանակ բավականին լուրջ ժառանգություն է Արցախում հողի երեսից ջնջել Ադրբեջանը․ 

«Հայտնի կոթողները չեն կարողացել քանդել, օրինակ՝ Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, բայց փոքր եկեղեցիներն ամբողջությամբ ոչնչացրել են, ամեն գյուղում եկեղեցի է եղել, բայց միայն հայտնիներն են պահպանվել։ Ինչքան որ թույլ է տվել Սովետական Միությունը, ջնջել են, ավիրել, իսկ հիմա այդ կաշկանդվածությունը նույնիսկ չունեն, քանի որ Սովետական Միության մաս չեն»։ 

Այն փաստը, որ Հայաստանը, ի դեմս նրա վարչապետի, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կարծես խաչ է քաշում նաեւ Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության վրա, բայցեւայնպես, նույն ՅՈւՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ը` իր լծակներով, ի զորո՞ւ են կանխել մշակութային վանդալիզմի եւ մշակութային ցեղասպանության դեպքերն Արցախում: «Միայն հորդորներով կարող են կանխել՝ դրանք մշակութային բարբարոսություն որակելով, բայց իրավական դաշտում որեւէ ճանապարհ չկա, այսինքն` Ադրբեջանի օրենսդրությամբ է որոշվելու` այդ կառույցը հուշարձա՞ն է, թ՞ե ոչ։ Ո՞նց եք պատկերացնում` Ադրբեջանի օրենսդրությունը Գանձասարը կամ տատիկի-պապիկի արձանը կճանաչի՞ հուշարձան։ Նաև չմոռանանք, որ վերջերս Ստամբուլում Սբ Սոֆիայի տաճարը թուրքերը մզկիթ դարձրին, չնայած քրիստոնեական աշխարհի բարձրագույն ճնշումներին ու մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող բոլոր ազդեցիկ կազմակերպությունների խիստ հորդորներին, թուրքերը շարունակեցին իրենց հակամշակութային գործընթացը, և որևէ հորդոր նրանց չկաշկանդեց»:

Ի՞նչ ճակատագիր է կանխորոշում Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի համար, որոնք աշխարհով մեկ հայտնի հոգեւոր կենտրոններ են: «Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ճանաչելու է դրանք որպես աղվանական եկեղեցիներ, դրա փորձը մենք ունեցել ենք, իրենց «գիտական» հանրույթի խոսույթում այդպես է ներկայացվում, բայց նրանք ի՞նչ կապ ունեն աղվանների հետ, հատկապես որ աղվանների հետնորդները չեն, եւ ադրբեջանցիների նախնիները քոչվոր ժողովուրդ են` Արեւելքից եկած։ Եթե անգամ աղվանական լինի, էլի իրենց հետ ոչ մի կապ չունի, բայց իրենք իրենց հռչակել են որպես աղվանների հետնորդներ, ճանաչելու են այդ հուշարձանները որպես աղվանական ու, հավանաբար, այդպես փորձեն հայկականությունը մաքրել։ Այսինքն` եթե հայկական և հայերեն որմնագրեր, արձանագրություններ, զարդանախշեր կան, դրանք ջնջեն, ոչնչացնեն, որ սրբեն փաստը»։

Մյուս կողմից էլ, Տիգրան Գալստյանը չի բացառում, որ հենց վերը նշված 3 եկեղեցիներն էլ Ադրբեջանը որոշի նույնությամբ պահել, բայց «որպեսզի աշխարհին ցույց տա, թե իրենք ինչպիսի մարդասեր, հումանիստ ազգ են եւ պահպանում են նաեւ քրիստոնեական մշակութային ժառանգությունը»։ 

Հատկանշական է, որ 44-օրյա պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոցի եւ Դադիվանքի համար անձամբ ՌԴ նախագահ Վ․ Պուտինը երաշխավոր կանգնեց, բայց Ղազանչեցոցի կերպարանափոխությունը եւ Դադիվանք՝ հայ ուխտավորների մուտքի սահմանափակումը տեղի ունեցան մեր ու աշխարհի աչքի առաջ: «Այդ եկեղեցիները մեզ համար կարեւոր նշանակություն ունեն նաեւ այն առումով, որ հոգեւոր տեսանկյունից պետք է ծառայեին այդտեղ ապրող հայությանը, բայց եթե հայեր այդտեղ այլեւս չեն ապրելու․․․ սա էլ մի ուրիշ հարց է։ Ամեն դեպքում, պետք է փորձենք անել մաքսիմումը, որպեսզի կարողանանք բարոյական ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ միջազգային հանրության միջոցով, բայց ես հույս ունեմ, որ 2020-ի նման չի լինի, երբ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները հորդորեն, ու այդ հորդորը ոչ մի տեղ չհասնի: Նաև հուսամ` գաղտնի ընթացող բանակցություններում նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերն են օրակագում»։

Փաստացի ունենալով այս իրավիճակը, ի՞նչ կարող են անել ԿԳՄՍ նախարարությունը, իշխանությունը, որովհետեւ մի հարց է՝ պատմամշակութային կոթողները, այլ հարց՝ Արցախում գործող բազմաթիվ թանգարաները, մշակութային օջախները, դրանց ի՞նչ ճակատագիր է սպասվում, կա՞ որեւէ իրավական ճանապարհ: «Ցավոք, միայն նախարարությունը միջազգային օրենքի շրջանակներում ու ընդունված կարգով ի զորու չէ կանխել այդ հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև թանգարանների նմուշների` Հայաստան տեղափոխումը։ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին կոնվենցիայի և զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիաները վավերացվել են և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից, կոնվենցիաների համաձայն` այն երկրի տարածքում, որտեղ գտնվում է թանգարանային նմուշը (շարժական մշակութային ժառանգությունը), ենթադրենք` հայերեն գրված մագաղաթ է, որը, հաստատ գիտենք, հայկական է, բայց կոնվենցիան ասում է` եթե Ադրբեջանի տարածքում է հայտնաբերվել, ուրեմն պատկանում է Ադրբեջանին, եւ առանց նրանց թույլտվության չեք կարող տեղափոխել Հայաստան, իհարկե` կոնվենցիաները հնարավորություն տալիս են`պայքարել շարժական մշակութսյին ժառանգության սեփականության իրավունքի համար, բայց դրանց մասին հանրային խոսելը կվնասի հայկական կողմին, այդ պատճառով ավելի մանրամասն, Ձեր թույլտվությամբ, չեմ խոսի»։