Պետությունը պարտավոր է փոխհատուցել տուժողին․ Եվրոպական դատարանը ուղարկել է Գրիշա Վիրաբյանի գործով կարծիքը

Պետությունը պարտավոր է փոխհատուցել տուժողին․ Եվրոպական դատարանը ուղարկել է Գրիշա Վիրաբյանի գործով կարծիքը

Դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել է՝ ՀՀ-ում ընդդիմադիր հայացքներով քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։

ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։ Եվրոպական դատարանի վճռից գրեթե 10 տարի անց, գործի վերաբացում և կարճումից հետո, գործը դեռ փակված չէ։

ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա գործը բացվել էր, Հանրապետության երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի  գործի նման Վճռաբեկը խորհրդատվական կարծիք էր խնդրել Եվրոպական դատարանից, որի պատասխանը վերջերս եկել է։ Hraparak.am-ին տեղեկացրեց Վիրաբյանի փաստաբան Արա Ղազարյանը։«Կարծիքը եկել է, բավականին հետաքրքիր է, այն պետք է թարգմանեն, որից հետո կհրապարակվի։ Մեծ հաշվով վաղեմության ժամկետն է հաշվի առնվում, բայց միևնույն ժամանակ օրենքը հետադարձ ուժ չունի, ստացվում է, որ այդ գործերը կկարճվեն »,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ միևնույն է՝ պետությունը տուժողին պետք է փոխհատուցի։ «Նման սկզբունք կիրառվեց մարտի մեկի զոհերի համար, կառավարությունը արտադատական կարգով նրանց իրավահաջորդներին փոխհատուցեց՝ անկախ գործի ընթացքից, նման դեպքերում, եթե ապացուցված է, որ կա տուժող, պետությունը պարտավոր է փոխհատուցելու, քանի որ հենց պետության թերացումն է մեղավորներին չդատելը»,-ընդգծեց նա ։

Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանը  2004թ.-ին ոստիկանության Արտաշատի բաժանմունքում էր ծեծի ենթարկվել, նրան ձեռնաշղթա էին հագցրել և կոշիկով հարվածներ էին հասցրել գոտկատեղից ներքև, ինչից հետո ծանր վիճակում Վիրաբյանը տեղափոխվել էր հիվանդանոց։