Նոր նախաձեռնություն՝ Հանրային ռադիոյից

Նոր նախաձեռնություն՝ Հանրային ռադիոյից

Հանրային ռադիոն նախաձեռնել է փորձարարական ձեւաչափ՝ համերգ-դասախոսություն, որի առաջին դասախոսությունը՝ «Ջազային խճանկար» վերնագրով, նախատեսված է փետրվարի 29-ին, ժամը 16-ին: 

Բեմական այս նոր ձեւաչափը ենթադրում է համերգի, երաժշտագիտական դասախոսության եւ հանդիսատեսի հետ հարցուպատասխանի միաձուլում: «Ջազային խճանկար»-ի ընթացքում Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումները մեկնաբանելու են նվագախմբի հիմնադիր, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը եւ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը: 

Ներկայացվող ձեւաչափի առանձնահատկություններից է նաեւ այն, որ այս ամենը տեղի է ունենալու ոչ թե համերգասրահում, այլ հենց Հանրային ռադիոյի երաժշտական ձայնագրությունների լեգենդար՝ 6-րդ ստուդիայում, որտեղից դուրս է եկել հայկական ջազի դասական գործերի մեծ մասը: 
Ստուդիան բեմական տարածքի վերածելու գաղափարը ոչ միայն թույլ կտա հանդիսատեսին ամենայն խորությամբ ընկղմվելու ջազային պատմության մեջ, այլեւ կստեղծի մաքուր ակուստիկ երաժշտություն լսելու բացառիկ հնարավորություն՝ առանց համերգային միկրոֆոնների եւ ուժեղացուցիչների: