Շատերի պես, ես էլ պահանջում եմ դավաճանի հրաժարականը

«Մահվան շուրջպարի մեջ ենք»,- մեզ հետ զրույցում դառնացած նշում է գրականագետ Դավիթ Գասպարյանն ու խոր ցավ հայտնում այն ամենի հետ կապված, որ կատարվում է այսօր Արցախում։
«Էս ո՞ւր եկանք հասանք, էս ո՞ւր բերեցին հասցրին մեզ, Արցախի հարցը տարիների, տասնամյակների, հարյուրամյակների պատմություն ուներ, ինչպե՞ս կարելի էր այդպես թեթեւ ձեռքով վարվել Արցախի հետ, այդ պարտությունների շարանը դարձնել ճակատագիր եւ հայաթափել մի ամբողջ աշխարհ, իսկ Արցախն ինքն իրենով մի մեծ քաղաքակրթություն էր՝ իր լեզվով, բնաշխարհով, եկեղեցիներով, տոհմիկ բնակչությամբ, կենցաղով, անգամ՝ խոհանոցով։ Արցախը մի ուրիշ աշխարհ է, եւ այս անմիտ ղեկավարությունը խաղ է անում ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ։ Շատ զայրացած եմ ու վրդովված։ Ամեն ինչ պետք է անեին այնպես, որ գոնե բնակչությունը մնար իր հողի վրա։ Այսքան բնակչություն հազիվ ստեղծել էր իր կենցաղը, ապրուստը, կյանքը։ Պետք է ձեւը գտնեին, բայց թուրքից բեթար՝ բարբարոսի պես վարվեցին։ Թշնամին ուժեղ է, թշնամին մնում է թշնամի, եւ նրանից գութ պետք չէ աղերսել, բայց պետք է նաեւ մի քիչ խելք ունենալ եւ դիվանագիտություն»,- իր խոսքում ընդգծում է գրականագետը։
Դավիթ Գասպարյանը կոպիտ սխալ է համարում հակառուսական մտայնությունը, որ վերջին շրջանում լայնորեն շրջանառվում է մեզանում։ «Այո, Ռուսաստանը մեր բարեկամը չի եղել եւ Արցախի հարցում իր վերջին գործողություններով ապացուցեց, որ ինքը թուրքի եւ ադրբեջանցու բարեկամն է, բայց այն 5-10 տոկոսը, որից կարելի էր օգտվել եւ մի բանի հասնել, դա էլ ձեռքից բաց թողեցին։ Արջի նման Ռուսաստանի հետ նման կատակ անել չի կարելի, նա կարող է այնպիսի սադրանքներ ստեղծել եւ մեր գլխին այնպիսի օյիններ բերել, որ ամենեւին տակից չկարողանանք դուրս գալ։ Հետո՝ այդ ի՜նչ հակառուսական քայլ էր, երբ կնոջդ, որպես ծաղկեփունջ, ուղարկեցիր Ուկրաինա՝ Զելենսկու հետ հանդիպման։ Ինչի՞ ես Ռուսաստանին տրամադրում մեր դեմ, նրա զայրույթը շարժում, մի մոռացիր, որ այդ երկրում 3 մլն-ից ավելի հայ է ապրում։ Այդ երկրի հետ մենք ունենք հազար ու մի տեսակի կապեր ու առնչություններ։ Այսքան կարճատես, այսքան հիմար պարզապես չի կարելի լինել։ Միաժամանակ, ինչ կատարեց այս ողորմելի իշխանությունը՝ վերացրեց բոլոր լավ բաները․ ազգային բանակը, ազգային ոգին, հոգեւոր արժեքները, նսեմացրեց հոգեւոր դասին․․․ ի՞նչն է նրանց նպատակը»,- զայրացած նշում է Գասպարյանն ու ընդգծում, որ այս օրերին փողոց դուրս եկած ցուցարարները ճիշտ են, երբ պահանջում են այս իշխանության հրաժարականը․ «Ես միանում եմ նրանց եւ ես էլ եմ պահանջում այս դավաճանի հրաժարականը։ Այսպես չի լինի, տեղդ չես գտնում, ու բոլորն են այս իրավիճակում, բայց այսպես հանդուրժել այլեւս չի լինի՝ ո՛չ իրեն, ո՛չ իր դրածոներին, դրանցից մեկը՝ ողորմելի մշակույթի ողորմելի նախարարուհին, որ զզվում է այն ամենից, ինչը հայկական է, որ Նժդեհին ֆաշիստ համարեց, եւ այդպիսի բազում բաներ, հիմա էլ դասագրքերի մրցույթ հայտարարեցին՝ լիքը սխալներով, հակահայ բովանդակությամբ։ Պետք է փակել դրանց ճանապարհը եւ առաջնորդվել հին դասագրքերով, մինչեւ կարգավորվի»։
Դ․ Գասպարյանը ցավով ընդգծում է՝ գործող իշխանությունները ոչ միայն Արցախն են հայաթափ անում, այլ նաեւ՝ Հայաստանը․ «Նրանք ոգեթափ են անում բոլորին։ Այսպես չի լինի, ես իմ տեղը չեմ գտնում, այսքա՞ն էլ դավաճան իշխանություն եւ ղեկավարություն․․․ ո՞վ է մեր բարեկամը, Արեւմո՞ւտք եք ձգտում՝ էլի ձգտեք, բայց խաղաղ, հանգիստ ճանապարհով, ոչ թե մեկը մյուսին թշնամացնելով ու արանքում մեզ պատժելով։ Հազար ու մի դիվանագիտական ճանապարհներ կան․․․ այն փոքրիկ աղջկան, որ վարչապետի հետ անգլերեն էր պարապել, բերեցին, մշակույթի նախարար օծեցին, հետո ֆրակցիայի ղեկավար դրեցին, հիմա էլ աշխարհի ամենակարեւոր երկրում դեսպան է։ Այդ փոքրիկ մարդկանցով մենք ճանապարհ չենք հարթի: Հերիք է մենք մեր արժեքները հալածենք, ունեցվածքը վատնենք, արժեքավոր մարդիկ բանտարկված են, հալածված, վախից լռում են, այսպես ո՞նց կլինի։ Մենք տանուլ տվեցինք մեր մեծ պատերազմը, որը սկսվել էր դեռեւս խորհրդային առաջին իսկ տարիներին, ավելի վաղ չեմ գնում, միայն ասեմ, որ անգամ խորհրդային տարիներին Ղարաբաղի հարցը դրված էր, ու դա լուծելու համար ճիշտ ելքեր էին որոնում՝ ինքնավարությունը պահպանելով հանդերձ, բայց այս ի՞նչ արեցին սրանք»։
Հույս փայփայել, որ մոտ ապագայում հայը նորից կվերադառնա իր հայրենիք՝ Արցախ աշխարհ, Դ․ Գասպարյանը համարում է հեքիաթ․ «Աչքիդ առաջ այն, ինչ պետք է անես, չես անում, հետո ասում ես՝ հետագայում սա կանենք։ Ոչ մի հետագա չկա, հետագան հենց ներկայից է սկսվում։ Ներկան ապագայի հիմքն է, եթե այսօր ճիշտ չաշխատեցինք, վաղն ավելի վատ է լինելու։ Հայ մարդը ո՞նց կարող էր թույլ տալ այս կարգի այլազանություն, հակահայություն, թուրքություն։ Նորից եմ կրկնում՝ այս ողորմելի վիճակին հասցրեց բոլորին ու այնպիսի մարդկանց առաջ քաշեց, ովքեր պատմության, ռազմագիտության, դիվանագիտության այբուբենը չեն հասկանում։ Հիմա այդ մարդկանցով աշխարհի հետ ո՞նց ենք խոսելու, դրա համար արժեքավոր մարդիկ իրենց տեղում պետք է լինեն, որպեսզի կարողանան որեւէ բան անել»։
Այդուհանդերձ, գրականագետը հույս է փայփայում, որ ամբողջությամբ չհայաթափվի Արցախը․ «Երնեկ լրիվ չհայաթափվի, ու ինչ-որ զանգված մնա Արցախում, այնտեղ համալսարան կա, դպրոցներ կան, այնտեղ Ամարաս կա, Գանձասար, Դադիվանք․․․ ախր այսպես ո՞նց կլինի։ Մահացու ծանր եմ տանում այս իրավիճակը, երնեկ մի զինվոր լինեի, զենք ու զրահ ունենայի, վերցնեի ու գնայի թշնամու վրա, ինչ կլիներ՝ կլիներ։ Այդպես նահատակվելն ավելի թանկ կլիներ ինձ համար, քան այսպես դառնացած ապրելը»։
Շատերի կարծիքով՝ այս իրավիճակում պետք չէ ընդվզել, ցույցեր անել եւ մի բան էլ երկիրը ներսից սասանել, փոխարենը հնչում են իշխանության շուրջ համախմբվելու կոչեր։ «Այն, որ թշնամին մնում է թշնամի, փաստ է, ինչպեսեւ այն, որ թշնամին ոչ մի բանով չի բավարարվի, որովհետեւ պետության ողորմելի ղեկավարության հետ է առնչվում եւ ինչ ուզենա, կթելադրի, կկարգադրի ու կփորձի անել, բայց մեր ներքին ուժն այնքան ուժեղ պետք է լինի, որ վերջացնի այս հարցը։ Այդ մարդն այլեւս չի կարող Հայաստան ղեկավարել, որովհետեւ նա Հայաստանը հանել է վաճառքի, ուստի ցուցարարներին կոչ եմ անում՝ լինել համախմբված, խելոք, ավելորդ բաներ չանել, ճիշտ պահվածք հանդես բերել եւ հասնել վերջնական նպատակի, այսպես չի լինի։ Մենք պետք է ունենանք նոր ղեկավարություն, որն այս ժողովրդի եւ արդեն ավերված պետության մասին մտածի»։
Իշխանությունը զոհ չտալու անվան տակ հերթով, մաս-մաս հանձնում է հայրենիքը, ինչը Գասպարյանը համարում է թշնամու քարոզչություն․ «Հայրենիքը պետք է պաշտպանել ատամներով, մինչեւ վերջ ու մինչեւ վերջին զինվորը։ Ի՞նչ է նշանակում՝ զոհ տալ կամ չտալ, այսքան զոհ տվեցինք Արցախի համար, մի 7 հազար՝ առաջին պատերազմում, մի 5 հազար եւ ավելի՝ վերջին պատերազմում։ Այդ թափած արյունն իր պահանջն ունի, այդ արյունն ապարդյուն արյուն չէր, որ հոսեր գնար, իսկ այս տեսակ ողորմելի քարոզչությունը թուրքի քարոզչություն է, որ մերոնք յուրացրել են եւ կրկնում են՝ բերանները բաց ու չոքած։ Այդ մարդիկ պետք է հեռանան, որովհետեւ նրանք հայրենիք պահելու համար չեն եկել, սրանք ազգային գործիչներ չեն, հայրենադավ մարդիկ են, որոնց ձեռագիրն ակնհայտ երեւում է»։
Կարծիքներ