Սև ուրվական 

Սև ուրվական 

2019 թվականի ապրիլին  Ստեփանակերտում առյուծ էիր կտրել, բա էդ ժամանակ չգիտեի՞ր, որ նախկինները բոլոր տարածքները  «տվել, պրծել են» ։  Ասում էիր՝ «Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝  «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքը չի լինելու»: Այսինքն այդ տարածքները կային , չէ՞, ու դու էլ սակարկում էիր։ ՊՆ Տոնոյանդ էլ վերաձևակերպել էր այսպես․ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Ի՞նչ արիք Արցախի հետ։ Ասում էիր՝ «Մենք չենք պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, ապա մենք պարտադրելու ենք խաղաղություն»։

Ամեն խոսքդ ոտից գլուխ ոչ միայն  միայն սուտ էր, այլ դիվանագիտական անգիտություն։ Պարտադրված խաղաղությունը ո՞րն է։ Էն որ Արցախը հանձնում ես ու Հայաստանի համար  խաղաղությու՞ն  պարտադրում։ Պարտված երկրի ղեկավարը ո՞նց կարող է խաղաղություն պարտադրել։ Ծաղրուծանակ է։ Խաղաղություն լինում է երկու հավասար ուժերի միջև, երբ նժարը թեքվում է, դու քո սեփական մարմնից էլ եթե մաս կտրես ու տաս հաղթած երկրին, էլի չես կարող նրան պարտադրել խաղաղություն։ Արցախը հանձնելով՝ քեզ թվում էր, թե Հայաստանի հետ առանց պայմանների Ադրբեջանը պայմանագի՞ր էր կնքելու։ Ադրբեջանի պահանջներն եմ կարդում ու սարսռում, որովհետև դրանք միայն ժամանակավոր պահանջներ են։ Դա անելուց հետո, էլի՜ են պահանջներ դնելու․   

1․ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

2․ ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3․ Միջանցք Հայաստանի տարածքով:

4․ Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5․ Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Հասկանու՞մ ես, որ սա կործանման, ոչնչացման, կամովին կազմաքանդվելու փաստաթուղթ է։ Ու՞ր տարար մեր երկիրը։ Այս ամենը կարելի է դեռ ռազմական, դիվանագիտական սխալներ համարել, եթե հրաժարական տաս ու ներողություն խնդրես հայ ժողովրդից, որ քո չիմացության արդյունքում երկիրը հասցրիր այս վիճակին։ Հրաժարական չտալդ ավելի ու ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ հանրության մեջ որպես սև ուրվական շրջանառվում է։ Այդ սև ուրվականը դեռ գալուցդ առաջ էր շրջանառության մեջ, բայց մարդիկ դա տեսողական ու լսողական խաբկանք համարեցին։ Չորս տարվա մեջ այնքան ահագնացավ այդ սև ուրվականը, որ կախվեց յուրաքանչյուր տան վրա։